Հա

Մշակոյթ

Կիրակի, 05 Նոյեմբերի 2017 09:40

Աւագեանի «ոսկեդարը» կամ ինչո՞ւ Արմսթրոնգը 10 դոլար տւեց հայ ինքնուսին

Այս մարդը յեղափոխութիւն կատարեց ձայնագրման ոլորտում եւ դարձաւ առաջին ամերիկացին, որը Լենինի շքանշանի արժանացաւ։

Երաժշտական պրոդիւսեր Ջորջ Աւագեանի բազմաթիւ պարգեւների շարքում մէկն առանձնանում է` Լենինի շքանշանը, որով նա պարգեւատրւել է 1990 թւականին։ Աւագեանը դարձաւ առաջին ամերիկացին, որն արժանացաւ այդ շքանշանին։ Առաջինն ու վերջինը. մէկ տարի անց ԽՍՀՄ-ը փլուզւեց, իսկ շքանշանը վերացաւ։

«alikonline.ir» - Այս մարդը յեղափոխութիւն կատարեց ձայնագրման ոլորտում եւ դարձաւ առաջին ամերիկացին, որը Լենինի շքանշանի արժանացաւ։ Ինքնուս նորարարի մասին պատմում է «Sputnik» Արմենիայի սիւնակագիր Ռուբէն Գիւլմիսարեանը։

Երաժշտական պրոդիւսեր Ջորջ Աւագեանի բազմաթիւ պարգեւների շարքում մէկն առանձնանում է` Լենինի շքանշանը, որով նա պարգեւատրւել է 1990 թւականին։ Աւագեանը դարձաւ առաջին ամերիկացին, որն արժանացաւ այդ շքանշանին։ Առաջինն ու վերջինը. մէկ տարի անց ԽՍՀՄ-ը փլուզւեց, իսկ շքանշանը վերացաւ։

Նա արդէն 98 տարեկան է, բայց իր դառը յիշողութիւններով ապրող ծերունու տպաւորութիւն չի թողնում։ Եթէ մարդու կենսագրութեան մէջ որպէս ծննդեան թիւ նշւած է 1919-ը, արդէն մի ամբողջ դարաշրջան է ենթադրում։ Յատկապէս եթէ այդ մարդը Ջորջ Աւագեանն է։

Գէորգ Աւագեանը ծնւել է 1919 թւականի մարտի 15-ին Արմաւիրում՝ Հիւսիսային Կովկասում, Հայոց Ցեղասպանութիւնից փախած հայերի ընտանիքում։ Նրա հայրը՝ Մեսրոպը, գորգավաճառ էր։ Աւելի ուշ ծնողները երեխաների՝ Գէորգի, Արամի ու Մարիայի հետ Թիֆլիս տեղափոխւեցին, իսկ 1923 թւականին՝ Ամերիկա, որտեղ որոշ ժամանակ թափառելուց յետոյ հիմնաւորւեցին Նիւ Եօրքում։ Այնտեղ արդէն Գէորգը դարձաւ Ջորջ։

«Ես Ռուսաստանում եմ ծնւել՝ Արմաւիրում։ Այնտեղ միշտ բազում հայեր են ապրել։ Մեր ընտանիքում ռուսերէն չէին խօսում, միայն հայերէն։ Յետոյ ընտանիքս Թիֆլիսում էր ապրում, մենք Ամերիկա տեղափոխւեցինք, երբ ես չորս տարեկան էի։ Ես մեծացել եմ Մանհեթէնում, Իսթ Սայդում։ Երբ դպրոց գնալու ժամանակն եկաւ, հայրս ասաց. «Գնա, անգլերէն սովորիր»։ Իսկ հայկական ընտանիքում հօրը չեն հակաճառում։ Սկսեցի շատ կարդալ։ Դպրոցի տնօրէնը մի բրիտանացի ջենթլմէն էր, նա ինձ տւեց Կոնան Դոյլի գրքերը, եւ ես կարդացի Շերլոկ Հոլմսի մասին բոլոր պատմւածքները։ Ինը տարեկանում արդէն անգլերէնի հետ կապւած խնդիրներ չունէի»,- ինչ-որ առիթով պատմել է Ջորջ Աւագեանը։

Ջորջը դպրոցն աւարտել է Բրոնքսում, իսկ 1937 թւականին Եյլի համալսարան է ընդունւել, որտեղ ուսումնասիրել է անգլիական գրականութիւնը։ Համալսարանական տարիներին ծանօթացել է Քինգ Օլիւէրի, Ջելի Ռոլ Մորթոնի, Լուի Արմսթրոնգի` ջազի հսկաների հետ ու անմոռաց սիրահարւել այդ երաժշտութեանը։ Հէնց այնտեղ էլ` համալսարանում, Աւագեանն ընկերացել է մի խումբ երիտասարդների հետ, որոնց ղեկավարում էր Մարշալ Սթերնսը՝ ջազի յայտնի պատմաբանն ու ուսումնասիրողը։ Ընտրութիւնն արւած էր ու արւած էր յաւէրժ։

Այն ժամանակ ամերիկեան երաժշտութիւնն իր ոսկեդարն էր ապրում։ Ջազային հսկաներից շատերը՝ Լուի Արմսթրոնգը, Դիւք Էլինգթոնը, Մայլզ Դեւիսը, Դէյւ Բրուբեկը դասական երաժշտութեան նոր դարաշրջանի ներկայացուցիչների հետ ընդլայնում էին ժանրի սահմաններն ու հսկայական քայլերով առաջ գնում։ Այս երկու երաժշտական ուղղութիւնը հանդիպեցին ու միացան Ջորջ Աւագեանի ու նրա կնոջ՝ դասական ջութակահարուհի Անահիտ Աճեմեանի «ջազային» ընտանիքում։

Ինքնուս նորարարը յեղափոխութիւն կատարեց նաեւ ձայնագրման ոլորտում։ Նա սկսեց վերաթողարկել դասական ջազային կատարումները ու նորովի բացայայտեց դասական ջազի հայեցակարգը։

Աւագեանը նաեւ «Columbia Records»-ի հայրն է։ Նա է ներկայացրել նոր «LP» ձեւաչափը։ Մինչեւ օրս էլ առաջատար մասնագէտ է ջազի ոլորտում ու գրեթէ բոլոր յայտնի ջազմենների ընկերն է։ Աւագեանը թողարկել է ձայնասկաւառակներ, որոնք լրջօրէն ազդել են Արմսթրոնգի ու Դիւք Էլինգթընի կարիերայի աճի վրայ։

Ժպիտով յիշում է՝ ինչպէս մեծն Արմսթրոնգը նրա աշխատանքի դիմաց 10 դոլար վճարեց ու ասաց. «Շփումը շատ կարեւոր է»։ Ջորջ Աւագեանը այդ մասին երբեք չի մոռացել։

Աւագեանը նաեւ զբաղւել է Էդիթ Պիաֆի հիւրախաղերի կազմակերպմամբ։ Մտավախութիւն է եղել, որ ամերիկեան հանդիսատեսը չի ընկալի զուտ ֆրանսիական հմայքն ու որոշւել է «ամերիկանացնել» Պիաֆի երգերի մշակումը եւ երգերի տեքստերն անգլերէն թարգմանել։ Արդիւնքում շրջագայութիւնը ձախողւել է, եւ այդ երգերով թողարկւած սկաւառակը պահանջարկ չի ունեցել. վաճառւել է մօտ հարիւր նմուշ։ Մի տարի անց Էդիթ Պիաֆը գրաւել է Ամերիկան, որովհետեւ զերծ է մնացել փորձարկումներից ու երգել է այնպէս, ինչպէս իր համար բնական էր։

«Պատկերացնում ես` հիմա այդ սկաւառակի բնօրինակներից գրեթէ չի մնացել։ Ինչ հիմարն էի այն ժամանակ։ Պէտք է այն ժամանակ մի հարիւր հատ առած լինէի ու հիմա ամէն մէկը աճուրդում կը վաճառէի», - մի անգամ ասել է Աւագեանը։ 

Ջազը որպէս դիվանագիտական գործիք օգտագործելով՝ Աւագեանը մասնակցել է բազմաթիւ միջազգային տուրերի, այդ թւում՝ ԽՍՀՄ-ում։ «Ես ուզում էի ջազը հնարաւորինս շատ տարածել աշխարհում, նաեւ երկաթէ վարագոյրից այն կողմ»,- ասել է նա։ Մի անգամ բանտերում նստած խորհրդային ջազ-կատարողների մասին հարցին պատասխանելիս նա պատասխանել է. «Հաւանաբար դա այն պատճառով է, որ նրանք ամերիկացիների նման լաւ չեն նւագում»։

ԽՍՀՄ-ում 1962 թւականի հիւրախաղերի մասին Աւագեանը յիշում է, որ բոլոր համերգների տոմսերը նախօրօք վաճառւել էին։ Դա ամերիկեան ջազմենների առաջին շրջագայութիւնն էր դէպի խորհրդային իրականութիւն։ Արդիւնքն այն եղաւ, որ ԽՍՀՄ-ում ձայնագրւեց ջազային առաջին սկաւառակը։ Աւելի ուշ Ջորջ Աւագեանը դարձաւ Տաթեւիկ Յովհաննիսեանի «Listen to My Heart» ձայնասկաւառակի պրոդիւսերը։ Առաջին հայկական վոկալային սկաւառակն էր էթնօ-ջազ ոճում։

1998 թւականին նա եկաւ Երեւան՝ մասնակցելու ջազի փառատօնին։ Այսօր էլ կեանքի 99-րդ տարում Ջորջ Աւագեանը շարունակում է աշխատել, երաժիշտների համար խորհրդատւութիւններ անցկացնել։ Նա թողարկել է բլիւզմեն ու էկլեկտիկ «Doctor John»-ի ալբոմը, որում նա կատարում է Լուի Արմսթրոնգի երգերը։ Սիրելի աշխատանքով յագեցած կեանքը շարունակւում է։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։