Հա

Մշակոյթ

Երեքշաբթի, 07 Նոյեմբերի 2017 09:40

Կառնուտը հեռանկարային յուշարձան է. պեղւել են համաժամանակեայ բնակատեղի եւ դամբարանադաշտ

Շիրակի մարզի Կառնուտ համայնքի վաղ բրոնզեդարեան դամբարանադաշտում այս տարի եւս շարունակւել են պեղումները: 

«alikonline.ir» - Շիրակի մարզի Կառնուտ համայնքի վաղ բրոնզեդարեան դամբարանադաշտում այս տարի եւս շարունակւել են պեղումները: «Արմէնպրես»-ի հետ զրոյցում ՀՀ Գիտութիւնների ազգային ակադեմիայի հնագիտութեան եւ ազգագրութեան ինստիտուտի առաջատար գիտաշխատող, Կառնուտի պեղումների արշաւախմբի ղեկավար Ռուբէն Բադալեանն ասաց, որ նոյն տարածքի վրայ համաժամանակեայ բնակատեղի եւ դամբարանադաշտ է ֆիքսւել:

«Սա բաւական հեռանկարային յուշարձան է: Ես այն պեղել եմ դեռ 1981 թւականին, յետոյ պեղումներն այնտեղ դադարեցւել են: Գիւղատնտեսական, շինարարական աշխատանքների արդիւնքում յուշարձանը վնասւել էր»,- ասաց նա, յաւելելով, որ առաջին տարիներին Կառնուտում աշխատանքներն աւելի շուտ յուշարձանը պահպանելու, փրկելու նպատակ ունէին:

Ռուբէն Բադալեանի խօսքով` յուշարձանի տարածքում մեծ ծաւալի աշխատանքների արդիւնքում յայտնաբերւած բնակատեղին սկզբունքօրէն փոխում է պատկերցումները յուշարձանի չափերի, ժամանակագրութեան մասին: «Համեմատաբար փոքր, շարքային բնակատեղու փոխարէն մենք այժմ գործ ունենք 7-8 հա տարածքի հետ: Հայաստանում համեմատաբար քիչ են այն յուշարձանները, որտեղ հաւասարաչափ ուսումնասիրւած են թէ բնակատեղին, եւ թէ դամբարանադաշտը:

Մեզ մօտ սովորաբար շեշտը դրւում է կամ մէկի, կամ միւսի վրայ, իսկ Կառնուտում մենք հնարաւորոթիւն ունենք համալիր ուսումնասիրութիւն իրականացնելու»,-ասաց արշաւախմբի ղեկավարը: Անդրադառնալով յուշարձանի տարածքում պեղումների արդիւնքում այս տարի յայտնաբերւած գտածոներին, Ռուբէն Բադալեանն առանձնացրեց մէկ սերնդի պատկանող թաղումը, որտեղից յայտնաբերւել են կուր-արաքսեան մշակոյթին պատկանող նախշերով անօթներ եւ բրոնզէ իրեր` ապարանջան, օղեր:

«Այդ թաղմանը յարակից մէկ այլ թաղում է յայտնաբերւել, բայց աւելի աղքատիկ` մէկ հոգու համար նախատեսւած: Ըստ երեւոյթին այն վերաօգտագործւել է»,- նշեց Ռուբէն Բադալեանը: Նա յոյս յայտնեց շարունակել յուշարձանի պեղումները նաեւ յաջորդ տարի` հասցնելով պեղավայր տարածքը 300 քառակուսի մետրի:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։