Հա

Մշակոյթ

11/11/2017 - 14:20

«Կին» միջազգային կինոփառատօնում յետահայեաց ցուցադրութիւն` նւիրւած իրանահայ դերասանուհի Լորիկ Մինասեանին

«Կին» միջազգային կինոփառատօնը 14-րդ անգամ մէկ հարթակում կը համախմբի աշխարհի տարբեր երկրներում ստեղծագործող կին կինոռեժիսորների: Փառատօնին կը ներկայացւի 60 ֆիլմ 20 երկրից: Այն այս տարի կանցկացւի նոյեմբերի 14-18-ը: Բացումը տեղի կունենայ նոյեմբերի 14-ին ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում։ 

«alikonline.ir» - «Կին» միջազգային կինոփառատօնը 14-րդ անգամ մէկ հարթակում կը համախմբի աշխարհի տարբեր երկրներում ստեղծագործող կին կինոռեժիսորների: Փառատօնին կը ներկայացւի 60 ֆիլմ 20 երկրից: Այն այս տարի կանցկացւի նոյեմբերի 14-18-ը: Բացումը տեղի կունենայ նոյեմբերի 14-ին ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում։ Այս մասին «Արմէնպրես»-ի թղթակիցը զրուցել է կինոփառատօնի տնօրէն Մարիամ Օհանեանի հետ:

«Ունենք մասնակիցներ Իսպանիայից, Ռուսաստանից, Իսրայէլից, Անգլիայից, ԱՄՆ-ից, Իրանից, Մեքսիկայից, Իրաքից եւ այլ երկրներից: Մրցութային ծրագրում Հայաստանը կը ներկայացնեն կինոռեժիսորներ Անժելա Ֆրանգեանը, Մանւ Բաղդասարեանը, Քրիստինա Ղազարեանը»,- ասաց Օհանեանը:

Նրա խօսքով` կին ռեժիսորներն իրենց ֆիլմերում հիմնականում անդրադառնում են կանանց յուզող խնդիրներին, հասարակութեան մէջ իրենց դերին, սակայն շոշափում են նաեւ պատերազմին վերաբերող հարցեր:

Փառատօնի ստեղծման նպատակը ստեղծագործող կնոջ դերը վերաիմաստաւորելն է: Այն նպաստում է նաեւ տարբեր մշակոյթների փոխընկալմանը:

«Կարծում եմ` փառատօնը ծառայել է իր նպատակին, քանի որ ընդլայնել է աշխարհագրութիւնը, մեծացել է այն կանաց թիւը, ովքեր ցանկանում են մասնակցել փառատօնին, առհասարակ շատացել են կին ռեժիսորները: Նրանք հնչեցնում են իրենց ձայնը, եւ հասարակութիւնը ընդունում է գործունեայ, ստեղծագործող կանանց, լսում նրանց:

Մի քանի տարի առաջ շատերը զարմանում էին, որ կինը կարող է ռեժիսոր լինել, հիմա այդպէս չէ»,-շեշտեց փառատօնի տնօրէնը:

Փառատօնն ունի կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագիր, հիւրերի ծրագիր, յետահայաց ցուցադրութիւն` նւիրւած իրանահայ դերասանուհի Լորիկ Մինասեանին, ԲԱՖՏԱ 2017-ի կարճամետրաժ ֆիլմերի հաւաքածու, կանադական «Կանացի հայեացք» փառատօնի կարճամետրաժ ֆիլմերի ծրագիր:

Հիւրերի ծրագրում կը ցուցադրւեն բազմաթիւ միջազգային մրցանակների արժանացած ֆիլմեր: Դրանք են` «Ներխուժում Բերգմանի տարածք» (ռեժիսորներ Ջէյն Մագնուսսոն եւ Հայնէկ Պալլաս, Շւեդիա), «Ձիւն կար» (ռեժիսոր Թամարա Ստեփանեան, Ֆրանսիա, Հայաստան), «Քամին փչում է» (ռեժիսոր Արմինէ Անդա, Հայաստան), «Մեղեդի ստեղծողները» (ռեժիսոր Լեսլի-Անն Կոլս, Կանադա), «Քամու հպումը» (ռեժիսոր Օլգա Վերմեեւա, Ռուսաստան):

Փառատօնին կանցկացւեն վարպետութեան դասեր, կը լինեն կլոր սեղան քննարկումներ:

Մարիամ Օհանեանն ասաց, որ փառատօնի աւարտին կը շնորհւի լաւագոյն ֆիլմ մրցանակը, յատուկ մրցանակ, դիպլոմներ, «Լաւագոյն ռուսական ֆիլմ» մրցանակը, որը տրւում է Ռուսաստանի գիտութեան եւ մշակոյթի կենտրոնի կողմից:

Փառատօնի ժիւրիի անդամները բարձրակարգ մասնագէտներ են Հայաստանից եւ արտերկրից:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։