Հա

Մշակոյթ

Հինգշաբթի, 23 Նոյեմբերի 2017 11:30

«Վերջին բնակիչը» ֆիլմը Տորոնտոյի կինոփառատօնում «Լաւագոյն ֆիլմ» է ճանաչւել

Ջիւան Աւետիսեանի «Վերջին բնակիչը» ֆիլմը նոյեմբերի 15-ից 19-ն անցկացւած Տորոնտոյի 12-րդ միջազգային «Նուռ» կինոփառատօնում (Pomegranate Film Festival) յաղթող է ճանաչւել՝ «Լաւագոյն ֆիլմ» անւանակարգում։

«alikonline.ir» - Ջիւան Աւետիսեանի «Վերջին բնակիչը» ֆիլմը նոյեմբերի 15-ից 19-ն անցկացւած Տորոնտոյի 12-րդ միջազգային «Նուռ» կինոփառատօնում (Pomegranate Film Festival) յաղթող է ճանաչւել՝ «Լաւագոյն ֆիլմ» անւանակարգում։ Տեղեկացնում է «Արցախպրես»-ը:

Տորոնտահայ եւ հայկական մշակոյթով հետաքրքրւած օտարազգի հասարակութեան ուշադրութեանը ներկայացւած 40 ֆիլմերից՝ Ջիւան Աւետիսեանի՝  ղարաբաղեան հակամարտութեան մասին պատմող «Վերջին բնակիչը» ֆիլմով` նոյեմբերի 15-ին ազդարարւել է կինոփառատօնի բացումը, որը ներկայացւած էր Արցախին նւիրւած յատուկ խորագրում։ Փառատօնի պատւաւոր հիւրերի ցանկը համալրել էին՝ Ջիւան Աւետիսեանը, Ատոմ Էգոյեանը, Արսինէ Խանջեանը, Դին Քէյնը, Մոնթէլ Վիլիամզը եւ բէյրութահայ երգչուհի Էյլին Խաչատուրեանը:

Նոյեմբերի 19-ին կայացած մրցանակաբաշխութեան արարողութեանը «Վերջին բնակիչը» ֆիլմին շնորհւել է «Լաւագույն ֆիլմ»-ի համար մրցանակը։ Ռեժիսորն իր շնորհակալական ուղերձն է յղել կինոփառատօնի կազմակերպիչներին, ովքեր կարեւորել եւ բարձր են գնահատել կատարւած աշխատանքը։

Ռեժիսորն իր խօսքում անդրադարձել է նաեւ Հայաստանում ֆիլմ նկարահանելու դժւարութիւններին․ «Այս ամէնը բարդ պայքար է, եւ այդ պայքարում պէտք է կարողանալ ուղղակիօրէն չնահանջել եւ առաջ ընթանալ։ Ֆինանսական առումով՝ արտադրող ընկերութեան ուսերին է դրւած ողջ ծանր բեռը, ինչից էլ բխում են համարտադրողների հետ հետագայ քննարկումներն ու համագործակցութիւնը։ Ընդհանրապէս, դժւար է գտնել համարտադրողներ, որոնք կը սիրեն արւեստը, միեւնոյն ժամանակ, թեմայի առումով՝ չեն վախենայ սպասւող խնդիրներից: Օրինակ, հեշտ չէ գտնել դերասաններ, որոնք կը լինեն համարձակ եւ պատրաստ՝ մեր հարեւանների կողմից «սեւ ցուցակ»-ում յայտնւելուն, երբ խօսքը արցախեւան թեմատիկայով ֆիլմերին է վերաբերում,- ասել է ռեժիսորը եւ յաւելել,- ես ուրախ եմ, որ այդ ճանապարհը կարողացայ անցնել ինձ հաւատացող մարդկանց շնորհիւ, ինչի արդիւնքում էլ, ֆիլմը կարողանում է քայլ առ քայլ իր ճանապարհը հարթել աշխարհում»։

Հանդիսատեսի ոգեւորութիւնը նոյնպէս մեծ էր, ներկաները տպաւորւած էին ֆիլմի կեանքային կադրերով եւ բովանդակութեամբ․ «Շատ կադրեր, կարծես, իսկ եւ իսկ իրականութիւնից լինէին: Երբ Աբգարն ու Իբրահիմը թէյ էին խմում, դահլիճում նստածներիս էր փոխանցւում թէյի համն ու բոյրը: Բազմաթիւ կադրեր ունէին ուժեղ ենթատեքստ եւ հզօր էմոցիաներ էին առաջացնում»,- անկեղծանում է հանդիսատեսը։

Կինոփառատօնի նախորդ օրը՝ նոյեմբերի 14-ին, Համազգայինի «Սանահին» ֆիլմի ակումբի եւ «Նուռ» կինոփառատօնի նախաձեռնութեամբ, «Վերջին բնակիչը» ֆիլմի ցուցադրութիւնը կայացել էր նաեւ Մոնրէալում, որտեղ նոյնպէս ֆիլմը ջերմ ընդունելութեան էր արժանացել։

Առաջիկայում «Վերջին բնակիչը» ֆիլմի ցուցադրութիւնը, «Blue Knowledge Associazione»-ի նախաձեռնութեամբ, կը կայանայ նաեւ Պադովայում՝ նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 3-ն անցկացւող «Dessaran Festival»-ի (Հայկական մշակոյթին նւիրւած շաբաթ) շրջանակում, դեկտեմբերի 1-ին, ժամը 21.00-ին «Multisala MPX Sala Giotto»-ում։

 

Տեղեկանք

«Վերջին բնակիչը» ֆիլմի միջազգային առաջխաղացման աշխատանքները մեկնարկել են Կաննի 69-րդ կինոփառատօնի կինոշուկայում դրա ներկայացմամբ։ Այն ս. թ. յունիսին ցուցադրւել է նաեւ Շանհայի 20-րդ միջազգային կինոփառատօնի «Panorama» ծրագրում: Դրան յաջորդել է Վենետիկի 74-րդ միջազգային կինոփառատօնի «Venice Production Bridge»-ում ֆիլմի ցուցադրութիւնը։ Իսկ վերջերս՝ Հելսինկիի Սկանդինաւեան միջազգային կինոփառատօնում, ֆիլմն արժանացել էր միանգամից երկու մրցանակի՝ «Լաւագոյն գեղարւեստական ֆիլմ» եւ «Լաւագոյն դերասան» անւանակարգերում։ Ֆիլմի հայկական պրեմիերան կայացել է «Ոսկէ Ծիրան» 13-րդ կինոփառատօնի շրջանակներում։

«Վերջին բնակիչը» ֆիլմն առաջադրւել է 2017թ. «Ոսկէ Գլոբուս» մրցանակաբաշխութեանը՝ լաւագոյն «Օտարալեզու ֆիլմ» անւանակարգում, որին ներկայացւած է եղել 65 ֆիլմ։ Այդ առիթով էլ, Լոս Անջելէսի առաջատար հիւրանոցներից՝ «Four Seasons Hotel»-ում կայացել է ֆիլմի փակ ցուցադրութիւնը՝ «Հոլիվուդեան արտասահմանեան լրագրողների ասոցիացիայի» անդամների (HFPA) համար՝ արժանանալով նրանց բարձր գնահատանքին։ Ֆիլմի մասին անդրադարձ է կատարւել «Ոսկէ Գլոբուս»-ի պաշտօնական կայքի եւ ամերիկեան յայտնի «Los Angeles Times» օրաթերթի կողմից։

«Վերջին բնակիչը» ֆիլմը նախորդ ամիսներին արդէն ցուցադրւել է Լիբանանում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Իրանում, Ֆինլանդիայում, Շւեդիայում, Հոլանդիայում, իսկ առաջիկայում սպասւում են նաեւ ֆիլմի ցուցադրութիւններն Իտալիայում (Պադովա), Յունաստանում, Անգլիայում եւ շատ այլ երկրներում։

Հայ-ադրբեջանական հակամարտութեան արդիւնքում տեղահան եղած հայկական գիւղում, օրէցօր սեղմւող թշնամական օղակում մնում է Աբգարը՝ մեն-մենակ: Նասպասում է իր աղջկան, ով ականատես է եղել գազազած ամբոխի կողմից ամուսնու սպանութեանը եւ, հոգեկան խանգարումով, յայտնւել է հիւանդանոցում: Ադրբեջանցի Իբրահիմը, Աբգարի աղջկան գտնելու, բերելու դիմաց, նրան առաջարկում է աշխատել մզկիթի կառուցման վրայ: Իբրահիմն օրեր անց Բաքւի հոգեբուժարաններից մեկում գտնում եւ բերում է աղջկան՝ Իւրգային:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։