Հա

Մշակոյթ

Չորեքշաբթի, 29 Նոյեմբերի 2017 12:00

Հայ-իրանական համատեղ արտադրութիւնը շուտով՝ Հայաստանի կինոթատրոններում

Դեկտեմբերի 12-ին «Մոսկւա» կինոթատրոնում տեղի է ունենալու իրանական «Կոկորդիլոսի արցունքներ» ֆիլմի պրեմիերան: Այն հայ հանդիսատեսի համար հետաքրքիր կը լինի նաեւ այն բանով, որ ֆիլմն ամբողջութեամբ նկարահանւել է Հայաստանում:

«alikonline.ir» - Դեկտեմբերի 12-ին «Մոսկւա» կինոթատրոնում տեղի է ունենալու իրանական «Կոկորդիլոսի արցունքներ» ֆիլմի պրեմիերան: Այն հայ հանդիսատեսի համար հետաքրքիր կը լինի նաեւ այն բանով, որ ֆիլմն ամբողջութեամբ նկարահանւել է Հայաստանում:

Ֆիլմի ռեժիսոր Ռեզա Հոսէյն Աբադին «asekose.am»-ի հետ զրոյցում նշել է, որ նկարահանումները տեղի են ունեցել նախորդ տարի ձմռանը, ապա կատարել են միւս աշխատանքները եւ այն արդէն պատրաստ է էկրաններ բարձրանալ:

««Կոկորդիլոսի արցունքներ»-ը հայ-իրանական համատեղ արտադրութեան աշխատանք է: Յուսանք դեկտեմբերի 12-ի երեւանեան պրեմիերայից յետոյ այն կը ցուցադրենք նաեւ Գիւմրիում»,- նշել է ռեժիսորը:

«Կոկորդիլոսի արցունքներ»-ն իրանական դասական դարձած «Փեթակ» ֆիլմի հիման վրայ է նկարահանւած: Ի դէպ` այդ ֆիլմի ռեժիսորը ժամանակին եղել է Ռեզա Հոսէյն Աբադիի դասախօսը: Ռեժիսորի խօսքով` միշտ սիրել է իր ուսուցչի աշխատանքները, ինչից ելնելով էլ որոշել է նոր շունչ հաղորդել դրանց: Սցենարը գրելուց յետոյ խնդիրներ առաջացան եւ պարզ դարձաւ, որ նկարահանումները պէտք է Իրանից դուրս իրականացւեն: Հաշւի առնելով հայ-իրանական բարեկամութիւնը եւ հարեւանութեամբ գտնւելը, որոշում կայացւեց «Կոկորդիլոսի արցունքներ»-ը հէնց Հայաստանում նկարահանել:

Ըստ ռեժիսորի` սա առաջին դէպքը չէ, երբ Իրանից Հայաստան են գալիս նկարահանումներ իրականացնելու: Վերջերս Հայաստանում կայացել էր իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադիի «Եւա» լիամետրաժ ֆիլմի պրեմիերան, թէպետ դրա նկարահանումներն աւելի ուշ էին տեղի ունեցել, պարզապէս այն աւելի շուտ էր յայտնւել էկրաններին:

Ռեզա Հոսէյն Աբադին, զրոյցում նշեց, որ հայերի հետ աշխատելն իրենց շատ հաճելի էր, առաւել եւս, որ աշխատել են ըստ իրենց` լաւագոյն հայ դերասանուհիներից մէկի` Անահիտ Կիրակոսեանի հետ.

«Երբեմն բաւական բարդ նկարահանումներ էլ ենք ունեցել, եղել են դէպքեր երբ առանց որեւէ փորձի Անահիտ Կիրակոսեանը պետք է պարսկերէն խօսեր, այն դէպքում, որ լեզւին չի տիրապետում: Երբ իրականացնում էինք նկարահանումները բաւական ցուրտ էր, բարդ էր, սակայն հայկական կողմը մեզ շատ է օգնել»:

Նշենք, որ իրանական ֆիլմում Անահիտ Կիրակոսեանից բացի, ում լսարանը գիտի սերիալներում եւ թատրոնում խաղացած դերերի շնորհիւ, ֆիլմում այլ հայ դերասաններ էլ են ներգրաււած, ինչպէս նաեւ մարդիկ, ովքեր մասնակցել են բուն նկարահանումներին:

«Կոկորդիլոսի արցունքներ»-ի ռեժիսորը մեծ յոյսեր ունի, որ ֆիլմը դուր կը գայ հայ լսարանին եւ կինոթատրոններից գոհ կը հեռանան:

«Պէտք է նաեւ յաւելեմ, որ Հայաստանում այնպէս ենք նկարահանել, որ շատ իրանցիներ, ովքեր արդէն դիտել են ֆիլմը, հետաքրքրւել են Երեւանով: Փորձել ենք կադրերին գեղեցկութիւն հաղորդել, ինչ խօսք, ձիւնը եւ երեկոյեան նկարահանումները մեզ օգնել են այդ հարցում»:

Յաւելենք, որ իրանցի ֆիլմարտադրողները «Կոկորդիլոսի արցունքներ»-ից յետոյ Հայաստանում այլ ֆիլմեր նկարահանելու մտադրութիւն ունեն:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։