Հա

Մշակոյթ

Երկուշաբթի, 04 Դեկտեմբերի 2017 12:10

Ճգնաւորեանի ուխտագնացութեան պտուղը 20 տարեկան է. ինչ է կատարւել այս ընթացքում

Գիւմրու Արւեստների ակադեմիան 20 տարեկան է: Յոբելեանական տարում բազմաթիւ միջոցառումներ են տեղի ունեցել, իսկ գլխաւոր միջոցառումը Գիւմրու դրամատիկական թատրոնում էր:

«alikonline.ir» - Գիւմրու Արւեստների ակադեմիան 20 տարեկան է: Յոբելեանական տարում բազմաթիւ միջոցառումներ են տեղի ունեցել, իսկ գլխաւոր միջոցառումը Գիւմրու դրամատիկական թատրոնում էր: Գրում է «armeniansputik.am»-ը:

Գիւմրու Արւեստների ակադեմիան 20 տարեկան է: Այս ընթացքում յաջողութիւն ու ձեռքբերումներ գրանցել են ակադեմիայի տանիքի տակ գործող կրթական հաստատութիւնները՝ Ակադեմիայի շէնքում են տեղակայւած Երեւանի պետական կոնսերւատորիայի, կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի եւ գեղարւեստի ակադեմիայի Գիւմրու մասնաճիւղերը։ Տարիներ անց դժւար է նոյնիսկ պատկերացնել, թէ ինչպէս մի հատիկ յոյսի սերմը ծլարձակելով սեփական շիւերը բողբոջեց:

Սպիտակի երկրաշարժից յետոյ իր յոյսն ու հաւատը կորցրած գիւմրեցին նոր էր փորձում ուժ վերագտնել ապրելու համար, երբ փլատակների վերածւած քաղաքում արւեստների կենտրոն ստեղծելու խենթ գաղափար ծնւեց՝ ստիպելով գիւմրեցուն կրկին հաւատալ վաղւայ օրւան: Իսկ գաղափարը հէնց աղէտից յետոյ Հայաստան տեղափոխւած իրանահայ դիրիժոր եւ կոմպոզիտոր, Գլենդելի սիմֆոնիկ նւագախմբի գեղարւեստական ղեկավարն ու գլխաւոր դիրիժոր, 3 օպերայի, Ռեքւիեմի եւ բազմաթիւ երաժշտական ստեղծագործութիւնների հեղինակ Լորիս Ճգնաւորեանինն էր։

Ու 1991 թւականին սկիզբ առաւ մի աննախադէպ ուխտագնացութիւն: Մշակութային քաղաքի մշակոյթը վերածնելու համար Լորիս Ճգնաւորեանը ոտքով Երեւանից քայլեց մինչեւ Գիւմրի, որպէսզի դրամահաւաք կազմակերպի եւ քաղաքում մշակութային Ակադեմիա ստեղծի: Ականատեսները պատմում են՝ քաղաքի մուտքի մօտ, ի նշան յարգանքի, մաեստրոն հանեց կօշիկները ու ոտաբոբիկ մտաւ աւերւած քաղաք։

Նախաձեռնութիւնը Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան եւ նրա նախագահ տիկին Լուիզ Սիմոն Մանուկեանի աջակցութեամբ աւարտին հասաւ 1997 թւականին: Նոյն տարւայ հոկտեմբերի մէկին տեղի ունեցաւ Գիւմրու Արւեստների ակադեմիայի հանդիսաւոր բացումը. անուրանալի է ԵՊԿ-ի ռեկտոր Արմէն Սմբատեանի, ՀՀ այն ժամանակւայ վարչապետ Արմէն Դարբինեանի, ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարար Լեւոն Մկրտչեանի, այն օրերի Շիրակի մարզպետ Արարատ Գոմցեանի, ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի մշակոյթի բաժնի վարիչ Հասմիկ Կիրակոսեանի, ԵՊԿ պրոռեկտոր Ստեփան Սուքիասեանի գործունէութեան կարեւորութիւնը:

Յոբելեանական` 20-ամեակի տարում, Արւեստների ակադեմիայի մաս հանդիսացող Երեւանի Կոմիտասի անւան պետական կոնսերւատորիայի Գիւմրու մասնաճիւղը կազմակերպւել են բազմաթիւ միջոցառումներ` համերգներ, գիտաժողովներ ՀՀ մարզերում, Երեւանում ու արտերկրում, իսկ գլխաւոր միջոցառումը կայացաւ Գիւմրու դրամատիկական թատրոնում: Հանդիսութեանը մասնակցեցին ՀՀ Առաջին Տիկին Ռիտա Սարգսեանը, ՀՀ մշակոյթի նախարար Արմէն Ամիրեանը, գործընկեր բուհերի պատւիրակութիւններ՝ մէկ տասնեակից աւելի երկրներից, դիւանագիտական կորպուսի ներկայացուցիչներ: Բոլոր հիւրերը մասնակցեցին խորհրդանշական ծառատունկին: 

«Հպարտ ենք, որ կատարւած աշխատանքը այսօր տալիս է իր պտուղները: Դա առաջին հերթին ԲՈՒՀ-ի վարկանիշի բարձրացումն է, միջազգային գործունէութեան ընդլայնումն ու գործընկերների ձեռքբերումը, որոնց հետ կնքւած համագործակցութեան պայմանագրերը նոր հեռանկարներ են նախանշում գիտամանկավարժական ու կատարողական գործունէութեան ոլորտներում»,- նշեց բուհի ռեկտոր Կարինէ Աւդալեանը նաեւ յաւելելով, որ բուհը ունի բազային ուսումնական հաստատութիւն, որը մինչ օրս կադրեր է ապահովում ոչ միայն կոնսերւատորիայի, այլեւ արւեստի միւս ճիւղերի համար:

Բուհ-ի բազմաթիւ գործընկերների շարքում ԵՆ Մոսկւայի Գնեսինների անւան երաժշտական ակադեմիան, Մոսկւայի, Կազանի, Դոնի Ռոստովի, Թբիլիսիի, Ղրղըզստանի, Թուրքմենիայի, ԱՄԷ պետական կոնսերւատորիաները, Էստոնիայի, Լատւիայի, Լիտւայի, Մոլդովայի, Ղազախստանի, Սլովենիայի, Վիենայի արւեստի ակադեմիաները եւ այլն: Այդ համագործակցութեան շնորհիւ «Վերածնունդ» մրցոյթ-փառատօնի յաղթողներն ու ԲՈՒՀ-ի ուսանողները հնարաւորութիւն են ստացել մասնակցել ոչ միայն Հայաստանում, այլեւ արտերկրում անցկացւող համերգներին եւ վարպետութեան դասերին: Բուհին շնորհաւորելու էին եկել բոլոր նրանք, ովքեր կոնսերւատորիայի գործունէութեան շնորհիւ ոչ միայն կապեր են հաստատել բուհի հետ, այլ եկել  են ու սիրել Գիւմրին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։