Հա

Մշակոյթ

Շաբաթ, 23 Դեկտեմբերի 2017 14:40

«Մերժողի խօսքը լսելը սարսափելի էր». Սերժ Թանգեանը «Rolling Stones»-ին պատմել է Ցեղասպանութեան մասին ֆիլմերի համար երաժշտութիւն գրելու բարդութիւնների մասին

Ամերիկեան «System of A Down» (SOAD) ռոք խմբի մենակատար Սերժ Թանգեանը ծաւալուն հարցազրոյց է տւել հեղինակավոր «Rolling Stones» ամսագրին՝ խօսելով Հայոց Ցեղասպանութեան մասին ֆիլմերի համար երաժշտութիւն գրելու բարդութիւնների մասին: 

«alikonline.ir» - Ամերիկեան «System of A Down» (SOAD) ռոք խմբի մենակատար Սերժ Թանգեանը ծաւալուն հարցազրոյց է տւել հեղինակավոր «Rolling Stones» ամսագրին՝ խօսելով Հայոց Ցեղասպանութեան մասին ֆիլմերի համար երաժշտութիւն գրելու բարդութիւնների մասին: Այս մասին գրում է «tert.am»-ը:

Նա անդրադարձել է ռեժիսոր Ջօ Բերլինգէրի «Բնաջնջման մտադրութիւն» ֆիլմին, որի սաունդթրեքի հեղինակն ինքն է:

«Դա Ցեղասպանութեան ժխտման մասին անհաւանական վաւերագրական ֆիլմ է, որն այնքան հոգեհարազատ էր ինձ, ընտանիքիս: Տատս ու պապս Ցեղասպանութիւնը վերապրածներ են, իսկ ես ամբողջ կարիերայիս ընթացքում խօսել եմ Ցեղասպանութեան մասին, կապել այն ներկայի հետ: Այս առումներով նման ֆիլմի համար երաժշտութիւն գրելը հոգեբանօրէն բարդ էր: Ես այդ գործի մէջ շատ զգացմունքներ եմ դրել: Ջոն այնքան երջանիկ էր, որ կարողացայ երաժշտութեան միջոցով փոխանցել այն, ինչ կատարւում էր ֆիլմում»,- նշել է անւանի ռոքերը:

Խօսելով ֆիլմի վրայ աշխատելու ընթացքում ամենամեծ բարդութեան մասին՝ Թանգեանն ասել է, որ դա, հաւանաբար, Ցեղասպանութեան փաստը մերժողի խօսքն իր ստուդիայում լսելն ու այդ կադրերի համար երաժշտութիւն գրելն էր:

«Ջոն վաւերագրական ֆիլմի վարպետ է ու միշտ ներառում է հակադիր կարծիքներ: Նա ֆիլմում ներառել է Ցեղասպանութիւնը ժխտողի խօսքն ու դա ուղղակի սարսափելի էր: Նստել ստուդիայումս, նայել կադրերը, լսել ժխտողին ու դրա հիման վրայ երաժշտութիւն գրել. ես Ջոյին ասացի, որ դա գարշելի է: Դա չափազանց բարդ էր: Հասկանում եմ, որ ֆիլմի համար երաժշտութիւն գրելու համար պարտադիր չէ չափից աւելի զգացմունքայնութիւն դրսեւորել: Պարտադիր չէ անպայման լացել աշխատանքային գործընթացի ժամանակ, բայց երբ նման բան տեղի է ունենում, նշանակում է, որ ֆիլմն իրօք ազդեցիկ է»,-ասել է Թանգեանը:

Այնուհետ նա անդրադարձել է Ցեղասպանութեան մասին մէկ այլ ֆիլմի՝ «Խոստում»-ին, որի սաունդթրեքի ստեղծման վրայ ինքն աշխատել է այս տարի կեանքից հեռացած Քրիս Քորնէլի հետ: 

Թանգեանի կարծիքով՝ ֆիլմի ամենաազդեցիկ պահն այն է, երբ հոլիվուդեան աստղ Քրիստիան Բէյլի հերոսը մտնում է հիւրանոց ու յայտարարում՝ «նրանք սպանում են տղամարդկանց, կանանց ու երեխաներին քշում անապատ»:

«Ես ասացի Քրիստիան Բէյլին, որ այդ յայտարարութիւնն ամբողջ ֆիլմի հիմքն է: Այն տեւում է 15 վայրկեան, բայց այնքան ազդեցիկ է»,- նշել է Թանգեանը՝ յաւելելով, որ այս ֆիլմի վրայ աշխատելու ընթացքում շատ էր մտերմացել ու ընկերացել Քորնէլի հետ:

«Հայոց Ցեղասպանութեան հարցում կարեւոր է հասնել այն գիտակցմանը, որ դա ուղղակի 100 տարի առաջ կատարւած դէպք չէ. այդ «կեղտը» հիմա էլ է կատարւում աշխարհում: Քրիսին յաջողւեց այդ ամէնն արտացոլել երգում, նա ստեղծեց այդ կապը, ինչի համար ես նրան երախտապարտ եմ»,- ասել է Թանգեանը:

Նա պատմել է, որ այժմ երաժշտութիւն է գրում 1988 թ. աւերիչ երկրաշարժի մասին հայ-ռուսական արտադրութեան «Սպիտակ» ֆիլմի համար:

«Սա իսկապէս շատ ծանր ֆիլմ է, որի համար դաշնամուրով ժամանակակից ստեղծագործութիւն եմ գրում: Այն երազկոտ է, երբեմն մռայլ, երբեմն էլ՝ պայծառ: Ես աշխատանքի կէսն արդէն արել եմ»,- մանրամասնել է Թանգեանը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը կայանա՞յ արդեօք Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերն «Արսենալ»:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։