Հա

Մշակոյթ

23/12/2017 - 10:00

«Հայաստանն էկոզբօսաշրջիկի երազանքն է». աշխարհի ամենահին զբօսաշրջային հանդէսը ՀՀ-ն ներառել է 2018 թ. ամենահետաքրքիր ուղղութիւնների ցանկում

Աշխարհի ամենահին զբօսաշրջային հանդէսը՝ ամերիկեան «Fodor's»-ը, հրապարակել է 2018 թ. ամենահետաքրքիր զբօսաշրջային ուղղութիւնների ցանկը, որում ներառել է նաեւ Հայաստանը: Ընդհանուր առմամբ, ցանկը բաղկացած է 52 երկրից, որոնց շարքում Հայաստանը 7-րդն է:  

«alikonline.ir» - Աշխարհի ամենահին զբօսաշրջային հանդէսը՝ ամերիկեան «Fodor's»-ը, հրապարակել է 2018 թ. ամենահետաքրքիր զբօսաշրջային ուղղութիւնների ցանկը, որում ներառել է նաեւ Հայաստանը: Ընդհանուր առմամբ, ցանկը բաղկացած է 52 երկրից, որոնց շարքում Հայաստանը 7-րդն է: Գրում է «tert.am»-ը:

Ահա թէ ինչ է գրում խմբագրութիւնը մեր երկրի վերաբերեալ նկարագրում. «Այս փոքրիկ կովկասեան երկիրն ունի շատ հարուստ պատմութիւն, մշակոյթ ու ջերմ հիւրընկալութիւն: Հայաստանի ամուր լեռներն ու բերրի հովիտները, բազմաթիւ հնամենի վանքերն ու աւանդապաշտ գիւղերն էկոզբօսաշրջիկի երազանքն են»:

Հեղինակները յիշեցնում են, որ տարիներ առաջ հէնց Հայաստանում է յայտնաբերւել 6.000 տարւայ պատմութիւն ունեցող գինու պատրաստման ամենահին արտադրամասերից մէկը:

Հայկական խոհանոցին անդրադարձի ժամանակ նշւում է «բերանում հալւող» խորովածի ու խաղողի թփով տոլմայի մասին:

«Չնայած, որ մայրաքաղաք Երեւանը 3000 տարւայ պատմութիւն ունի, սակայն այն լի է երիտասարդական էներգիայով, ամէն օր բացւող նոր սրճարաններով, խանութներով ու ռեստորաններով»,- նշում են հեղինակները:

Բացի այդ, նրանք խորհուրդ են տալիս Հայաստան ուղեւորւելու դէպքում ներբեռնել համապատասխան յաւելւածներ ու առցանց քարտէզներ, որպէսզի հնարաւոր լինի առաւելագոյնս բացայայտել երկիրը:

«Գարունն ու աշունը Հայաստանը բացայայտելու համար տարւայ լաւագոյն ժամանակներն են՝ առատ մարզային փառատօներով, ինչպէս, օրինակ, Վայոց ձորում անցկացւող գինու փառատօնը։ Իսկ Երեւանի 2800-ամեակին նւիրւած տօնակատարութիւնները վստահաբար շատ դիտարժան կը լինեն»,- եզրափակում են անդրադարձի հեղինակները:

Յաւելենք, որ աղբիւրի կազմած ցանկում ներառւել են նաեւ ԱՄՆ-ն, Մարրոկոն, Իռլանդիան, Արգենտինան, Թասմանիան, Սինգապուրն ու այլ պետութիւններ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։