Հա

Մշակոյթ

08/01/2018

Հայկական առեղծւածը կամ յուզիչ տաճարը․ Գառնին ամերիկեան ամսագրի էջերում

Ինչպէ՞ս է Հայաստանում յունահռոմէական ճարտարապետութեան ոճի տաճար յայտնւել, ու ի՞նչ նպատակով է կառուցւել այն։ Այս հարցերի պատասխանը փորձել է տալ «Smithsonianmag» գիտական պարբերականի հեղինակներից մէկը։

«Smithsonianmag» հեղինակաւոր ամսագրի հեղինակ Բենջամին Քեմպերն իր հրապարակումներից մէկում փորձել է բացայայտել Գառնու՝ նոյնանուն գիւղում գտնւող հեթանոսական տաճարի գաղտնիքը։

«alikonline.ir» - Ինչպէ՞ս է Հայաստանում յունահռոմէական ճարտարապետութեան ոճի տաճար յայտնւել, ու ի՞նչ նպատակով է կառուցւել այն։ Այս հարցերի պատասխանը փորձել է տալ «Smithsonianmag» գիտական պարբերականի հեղինակներից մէկը։

«Smithsonianmag» հեղինակաւոր ամսագրի հեղինակ Բենջամին Քեմպերն իր հրապարակումներից մէկում փորձել է բացայայտել Գառնու՝ նոյնանուն գիւղում գտնւող հեթանոսական տաճարի գաղտնիքը։

«Գաղտնիքներով պարուրւած Գառնու տաճարը ստիպում է նորովի ընկալել նախաքրիստոնէական Կովկասը… Այստեղ՝ Հռոմից 2.5 հազար ու Աթենքից 1.5 հազար մղոն հեռաւորութեան վրայ, Հարաւային Կովկասի հեռաւոր անկիւնում տպաւորիչ մեծութեան մի իսկական յունական տաճար կայ` նախկին ԽՍՀՄ տարածքում պահպանւած միակ նմանատիպ կառոյցը։ Բերանս բաց նայում էի տաճարի սիւներին, որոնք յիշեցնում էին Ֆրանսիայի Մեզոն Կարրէնը կամ Աթենքի Պարթենոնը, փորձում էի հասկանալ՝ ինչպէս է Հայաստանում յունահռոմէական ճարտարապետութեան գլուխգործոց յայտնւել, ու ի՞նչ նպատակով է այն կառուցւել»,- գրում է Քեմպերը։

Նա հեթանոսական տաճարի ստեղծման տարբեր վարկածներ է ներկայացնում։

«Կառոյցի պատերից մէկի յունական գրառումը վկայում է, որ տաճարը արեւի աստծու՝ Միհրի տաճարն է եղել։ Իսկ կառուցւել է մթա 77 թւականին՝ Տրդատ առաջինի օրօք, որին թագադրել էր հռոմէացի կայսր Ներոնը։ Բայց ոչ բոլոր գիտնականներն են համամիտ այս տեսութեանը։ Օրինակ` Էլիզաբեթ Ֆագանը` Տրումենի պետական համալսարանի պատմութեան պրոֆեսորի օգնականը, կարծում է, որ յունական գրառումը չի կարող հիմք հանդիսանալ այդ վարկածի համար»,- գրում է յօդւածի հեղինակը։

Նրան հետաքրքրում է նաեւ մէկ այլ հարց` ինչպէս է տաճարը կանգուն մնացել հայերի քրիստոնէութիւն ընդունելուց յետոյ։

«Չէ՞ որ Տրդատ Գ-ի օրօք, երբ Հայաստանը 301 թւականին քրիստոնէութիւնը պետական կրօն ընդունեց, հեթանոսական կառոյցները ոչնչացւեցին»,- նշում է Քեմպերը։

Նա նաեւ յիշատակում է՝ ինչպէս է 1679 թւականի աւերիչ երկրաշարժը մինչեւ հիմքը քանդել տաճարը, որը Խորհրդային տարիներին է վերակառուցւել ։

«Այսօր տաճարն ամէն տարի 136 հազար զբօսաշրջիկ է ընդունում, որոնց թւում են նէոհեթանոսութեան հայ հետեւորդները։ Նրանք Գառնին իրենց հոգեւոր մայրաքաղաքն են համարում։ Հայկական նէոհեթանոսութիւնը համեմատաբար նոր կրօնական շարժում է, որի նպատակն է մինչ քրիստոնէական հայկական դաւանանքի վերականգնումը…»,- նշում է Քեմպերը։

Հեղինակը խորհուրդ է տալիս օգոստոսի 11-ին տաճարի մօտ նշել հին հայկական Նոր տարին՝ Նաւասարդը։ Նա նաեւ նշում է, որ անկախ այն բանից` ինչպէս էք ընկալում Գառնին` որպէս հեթանոսական աստւածների նախնադարեան սրբութիւն, թէ որպէս առեղծւածային հնագիտական կառոյց, «այդ հին կառոյցն իր բազմաթիւ գաղտնիքներով անպայման խռովում է իւրաքանչիւր մարդու երեւակայութիւնը»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։