Print this page
23/01/2018 - 14:10

Երեւանի Կապոյտ մզկիթը կը ներառւի՞ ԻՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում

«Հայաստանը մտադիր է Երեւանի Կապոյտ մզկիթը ներառել ԻՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգութեան օբիեկտների նախնական ցուցակում»-, «Sputnik» Արմենիային ասաց ՀՀ մշակոյթի նախարարի տեղակալ Արեւ Սամուէլեանը։

«alikonline.ir» - Իրանի տարածքում գտնւող երեք հայկական վանական համալիր` Սուրբ Ստեփանոս, Սուրբ Թադէոս Առաքեալի եւ Ձոր-Ձոր մատուռը, արդէն ընդգրկւել են ԻՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգութեան ցանկում։ Հայաստանն, իր հերթին, ցանկանում է Երեւանի Կապոյտ մզկիթը ներառել ԻՒՆԵՍԿՕ-ի ցուցակում։

«Հայաստանը մտադիր է Երեւանի Կապոյտ մզկիթը ներառել ԻՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգութեան օբիեկտների նախնական ցուցակում»-, «Sputnik» Արմենիային ասաց ՀՀ մշակոյթի նախարարի տեղակալ Արեւ Սամուէլեանը։

Աւելի վաղ իրանական ԶԼՄ-ները մեջբերել էին ԻԻՀ մշակութային ժառանգութեան, ձեռնարւեստի եւ զբօսաշրջութեան կազմակերպութեան նախագահի տեղակալ Մոհամադ Հասան Թալեբիանի խօսքերն այն մասին, որ Երեւանի մզկիթը վերանորոգման կարիք ունի, եւ Իրանը վերանորոգման ծրագիր է նախապատրաստել, ընդ որում` աշխատանքների մեծ մասը պէտք է իրականացնէր Երեւանում Իրանի դեսպանատունը։ Արդէն պայմանաւորւածութիւններ կան, այդ հարցը քննարկւել է Իրանում Հայաստանի դեսպան Արտաշէս Թումանեանի հետ։

Սամուէլեանի խօսքով` Երեւանի Կապոյտ մզկիթի հարցն օրակարգում է երկար տարիներ։ Այդ մասին խօսել է նաեւ ՀՀ նախկին մշակոյթի նախարար Յասմիկ Պօղոսեանը։

«Շատ լաւ է, որ մեր իրանցի գործընկերները խօսում են այդ մասին։ Այդ ուղղութեամբ աշխատանքներ են տարւել, քանի որ մեր հարաւային հարեւանը շատ լաւ է վերաբերում իր երկրի տարածքում գտնւող հայկական պատմամշակութային ժառանգութեանը»,- նշեց «Sputnik» Արմենիայի զրուցակիցը։

Սամուէլեանն աւելացրեց, որ դա անհերքելի փաստ է, քանի որ ԻՒՆԵՍԿՕ-ի ցանկում արդէն իսկ ներառւած են հայկական ճարտարապետութեան յուշարձանները։ Երեք հայկական վանահամալիրները` Սուրբ Ստեփանոս, Սուրբ Թադէոս Առաքեալի եւ Ձոր-Ձոր մատուռը, արդէն ընդգրկւել են ԻՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգութեան ցանկում։

Ինչպէս նշեց փոխնախարարը, Հայաստանը որոշել է դիմել այդ քայլին` յայտ ներկայացնել Երեւանի Կապոյտ մզկիթը ԻՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում ներառելու համար, ի նշան երախտագիտութեան եւ բարի դրացիական յարաբերութիւնների։

«Արդէն 1.5 տարի է, ինչ յայտը գտնւում է իրանական կողմի մօտ։ Եթէ նրանց կողմից որեւէ նկատողութիւններ լինեն, մենք դրանք հաշւի կառնենք, իսկ աւելի ուշ ԱԳՆ-ի միջնորդութեամբ կը դիմենք ԻՒՆԵՍԿՕ-ին»,- ասաց Սամուէլեանը։

Դեռեւս որեւէ պատասխան կամ ճշգրտում չկայ, սակայն եթէ հարեւան Իրանում բարձրացրել են այդ հարցը, նշանակում է Հայաստանը մօտ ժամանակներում պատասխան կը ստանայ իրանական կողմից։ Կապոյտ մզկիթը քառանկիւնի ընդարձակ շինութիւն է, որը գտնւում է մայրաքաղաքի կենտրոնում։

Կապոյտ մզկիթի ամբողջ համալիրը 7000 քմ. տարածք է զբաղեցնում, ունի 71x47 մ. չափերով ներքին բակ, բարձր մինարէթ եւ լայնանիստ գմբէթ։ Աղիւսակերտ է եւ մինարէն։ Գմբէթն ու պատերի մի մասը պատած են երկնագոյն յախճապակով։ Բուն մզկիթի շինւածքները գտնւում են հարաւային եւ հիւսիսային կողմերում, իսկ թեւերում եւ դիմացը կառուցւած են օժանդակ մի շարք մանր շէնքեր ու խցիկներ։ Մզկիթն ունի երեք մուտք, երկու փոքրերը՝ արեւելեան ու արեւմտեան կողմերում, իսկ մեծը՝ հարաւային։ Բուն մզկիթը գտնւում է հարաւային կողմում։ Այն բաղկացած է երեք կամարակապ դահլիճներից, որոնք կապւած են իրար հետ։

Յարակից լուրեր