Հա

Մշակոյթ

01/02/2018 - 12:20

«Այն աշխարհի» գինն ու հազարամեայ ասեղը. հայկական Ագիտու գիւղը զարմացրել է գերմանացի գիտնականներին

Ցանկացած հնագէտ ուզում է լինել Հայկական լեռնաշխարհի տարածքում գտնւող քարանձաւներում։ Ագիտու գիւղում հայ-գերմանական արշաւը զարմացրել է հնագէտներին եւ բազմաթիւ անակնկալներ մատուցել:

«alikonline.ir» - Հրաշքներով յայտնի Ագիտու գիւղը գտնւում է Սիւնիքի մարզում` Որոտան գետի ափերից ոչ հեռու։

«Ագիտու 3» եւ «Ագիտու 7» քարանձաւներում անցկացւող պեղումները զարմացրել են հնագէտներին։ «Ագիտու 3»-ում գիտնականները յայտնաբերել են կմախքներ, որոնց բերաններում մետաղադրամներ են եղել։ Այս մասին «Sputnik» Արմենիայի հետ զրոյցում պատմեց Հայաստանի ԳԱԱ հնագիտութեան եւ ազգագրութեան ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարեանը։

 

Եզակի յուշարձան

«Ագիտու 3»-ը հնագիտական իւրայատուկ յուշարձան է, քանի որ պարզւել է` տասնեակ հազարաւոր տարիներ առաջ այնտեղ մարդիկ են ապրել։

Գասպարեանի խօսքով` պեղումները հետաքրքրել են եւրոպացի գործընկերներին։

«Հէյդելբերգի գիտութիւնների ակադեմիայի եւ Թիւբինգենի համալսարանի գործընկերներն իրագործում են նախագիծ` կապւած եւրասիական գօտում մարդու կենսագործունեութեան ուսումնասիրութեան հետ։ Նրանք փորում են Հնդկաստանում, Չինաստանում, Իսրայէլում եւ այլ երկրներում։ Իսկ Ագիտուն նրանց համար այդ հետազօտութիւնների մասն է։ Նրանց հետաքրքրում է բարձրադիր շրջաններում ապրած մարդկանց կեանքը»,- նշեց հնագէտը։

Հայ-գերմանական հնագիտական արշաւախումբը պեղումները սկսել է 2009 թւականին։

Մի քանի շերտ ուսումնասիրելուց յետոյ հնագէտները հասկացել են, որ մարդիկ աստիճանաբար են հարմարւել այդ տեղանքին, քանի որ Սիսիան քաղաքի շրջանում շատ ցուրտ է։

«Հետաքրքիր է, որ նրանք ադապտացւել են այդ կլիմային։ Մոտակայքում Որոտան գետն է, շատ ջուր կայ, կենդանիներ։ Այսինքն սնւելու հարցը հեշտ է լուծւել։ Մենք ապրում ենք սեյսմիկ գօտում, եւ ակնյայտօրէն երեւում են երկրաշարժերի հետեւանքներ»,- ասաց «Sputnik» Արմենիայի զրուցակիցը։

Նրա խօսքով` հետազօտութիւնները ցոյց են տւել, որ մարդիկ 20-40 հազար տարի շարունակ օգտագործել են այդ քարանձաւը։

Գասպարեանը նշեց, որ «Ագիտու 3»-ի տարածքում յայտնաբերւած գտածօները չէին կարող չզարմացնել հնագէտներին։

«Մենք դամբարան գտանք, որտեղ եօթ մարդու էին թաղել։ Առայժմ ուսումնասիրում ենք յայտնաբերւած կմախքները։ Ամենայն հաւանականութեամբ, ընտանեկան դամբարան է։ Բոլորի բերաններում մետաղադրամներ կային։ Դա իւրայատուկ վճար է եղել այն աշխարհ ուղեւորւելու համար։ Բայց սա ընդամենը մեր ենթադրութիւնն է»,- նշեց հնագէտը։

Նրա խօսքով` հիմա գիտնականներին առաջին հերթին հետաքրքրում է այն, թէ ընտանեկան կապ կայ արդեօք մի դամբարանում թաղւած մարդկանց միջեւ։ Ինչպէս նշեց Գասպարեանը, այդ ժամանակ ազգութիւններ չեն եղել, գիտութեան համար նույնպէս ազգեր չկան։

 

Միջնադարեան գաղտնիքներ

Ձմռանը հնագիտական պեղումներ չեն անցկացւում, բայց ամռանը մասնագէտները կը շարունակեն իրենց դժւար գործը։ Եւս մէկ քարանձաւ` «Ագիտու 7»-ը, արդէն հետաքրքիր է նրանով, որ այնտեղ միջնադարեան մարդկանց կեանքի ապացոյցներ կան։

«Ամենայն հաւանականութեամբ, այստեղ ապրել են մեզ համար անյայտ աղանդների ներկայացուցիչներ, կրօնական ծեսեր են անցկացրել։ Այդ ամէնը տեղի է ունեցել 13-14-րդ դարերում։ Ուզում եմ տեղեկութիւնները յանձնել գործընկերներիս, որ նրանք զբաղւեն ուսումնասիրութիւններով», - նշեց Գասպարեանը։

Երբ հնագէտները սկսել են մաքրել գտածօները, գտել են քարէ արկղեր, որոնք անտիկ եւ ուրարտական դամբարաններ են յիշեցնում։ Առաջին արկղը փակւած է եղել սալիկներով։ Դրանց մէջ գիտնականները գտել են Ուրարտուի ժամանակների կարմիր անօթներ, որոնց վրայ մուր է եղել։

Գասպարեանը նշեց, որ քարանձաւները մինչեւ վերջ ուսումնասիրւած չեն, բայց Ագիտուի մասին գիտական հետաքրքիր աշխատանքներ, հրապարակումներ եւ յօդւածներ կը լինեն միջազգային տարբեր ամսագրերում։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։