Հա

Մշակոյթ

10/02/2018

«Ադրբեջանական» գորգեր` քրիստոնէական խաչերով. մեր հարեւանները կրկին շփոթել են հասցէն

Ադրբեջանական մամուլի համար Հայաստանին կեղծիքների մէջ մեղադրելը սուրբ գործ է։ Սակայն խճճւելով սեփական ստի հանգոյցի մէջ, որով հարեւանները հաւանաբար փորձում են ծածկել կրթութեան եւ գիտելիքների պակասը, հասնում են միայն մի բանի` սեփական վարկաբեկման:

«alikonline.ir» - Մի քանի ամիս առաջ ադրբեջանական մամուլում հերթական անգամ Հայաստանին նւիրւած յօդւած էր յայտնւել, որում կրկին մեղադրում էին կեղծարարութեան մէջ, այս անգամ` գորգերի եւ ասեղնագործութեան։ Գրում է «Sputnik» Արմենիայի լրագրող Լիլիթ Յարութիւնեանը:

«Բաքւում առաջին անգամ ցուցադրեցին հայկական կեղծարարութիւններից փրկւած ասեղնագործութիւնները» խորագրով ամպագոռգոռ հարցազրոյցի թեման այն էր, որ Ադրբեջանի արւեստի ազգային թանգարանում առաջին անգամ բացւել էր «Մետաքսէ գանձարան. 16-18 դարի ադրբեջանական զարդանախշերը» ցուցահանդէսը։

Յօդւածին կից ներկայացւած էին լուսանկարներ` գորգերի եւ ասեղնագործ իրերի պատկերներով, որոնց ծագումն ամենեւին էլ միանշանակ չէ…

Պաշտպանութեան լաւագոյն միջոցը յարձակումն է

«Բռնի՛ր գողին» ամենից բարձր բղաւում է հէնց գողը։ Այս դէպքում հէնց նման կերպ կարելի է մեկնաբանել ադրբեջանական մամուլի դիրքորոշումը։ Բանն այն է, որ նիւթում, որի վերնագիրը Հայաստանին մեղադրում է կեղծարարութեան մէջ, գորգերի եւ ասեղնագործ իրերի լուսանկարներ են ներկայացւած։

«Sputnik» Արմենիան դիմել է արւեստի, հին իրերի ոլորտում միջազգային փորձագէտ, արտ դիլեր եւ Փարիզում «Galerie Berdj Achdjian» տնօրէն Բերջ Աչջեանի օգնութեանը։ Նա ուսումնասիրել է դրանցից առաջինը, որը մակագրւած էր այսպէս. «19-րդ դարի Շահսեւան ցեղի բացառիկ գորգ. մասնաւոր հաւաքածու»։

Այն գորգը, որը իբր ադրբեջանական է

Փորձագէտը յայտնեց, որ ներկայացւած գորգը չի պատկանում այդ ցեղին, ինչպէս նշւած է ադրբեջանական յօդւածում, եւ բացառիկ չէ։ (Վերլուծութիւնը փորձագէտը ներկայացրել է նաեւ «Facebook»-ի իր էջում)։

Իր վարկածն ապացուցելու համար Աչջեանը համեմատեց 1985 թւականի ամենայայտնի ցուցահանդէսային «Eberhardt Hermann» կատալոգում տպագրւած նմանատիպ նմուշի հետ (նոյն դիզայնով)։

«Երկուսն էլ նոյնատիպ գորգեր են։ Դրանք քրիստոնէական են, աշխարհագրօրէն` Հայկական լեռնաշխարհից։ Այսինքն ադրբեջանական մամուլում ցուցադրւածը նոյն ծագումն ունի, ինչ կատալոգի նմուշը, որի վրայ յստակ երեւում են քրիստոնէական վեց խաչերը»,- ասաց նա։

Փորձագէտը նշեց, որ յօդւածում ներկայացւած գորգի հիմնական մոտիւը նոյնպէս խաչն է։ Նման խաչերը քրիստոնէական Բիւզանդիայի մշակոյթի կենտրոնական մոտիւներից են։

Միեւնոյն ժամանակ դրանց վրայ պատկերւած է «յաւէրժութեան անիւը» (յաւէրժութեան նշան)։

Յաւէրժութեան անիւ

«Յաւէրժութեան անիւը» հին խորհրդանիշ է, որը հանդիպում է վաղ նախաքրիստոնէական քաղաքակրթութիւններում։ Պատկերը, որը թւագրւում է 2 հազարամեակով, կարելի է գտնել Շենգաւիթ հին բնակավայրին պատկանող ոսկէ տախտակի վրայ։ Այն անւանում են նաեւ «Արեգակի պատկեր» կամ Արեւախաչ, մինչ օրս համարւում է հայկական մշակոյթի ամենայայտնի խորհրդանիշերից մէկը… Հայկական գորգագործութեան մէջ այս նախշը յաճախ է օգտագործւում»,- գրում է Աչջեանը։

Փորձագէտը եզրակացնում է, որ յօդւածում ցուցադրւած գորգն, անկասկած, քրիստոնէական նմուշ է։

«Մենք տեսնում ենք, որ ադրբեջանական մամուլում ներկայացւած գորգի մոտիւները քրիստոնէական պատկերագրութեանն են պատկանում։ «HERMANN» կատալոգում ներկայացւած նմուշը նոյն մոտիւներն ունի, բացի այդ, նաեւ խաչեր կան, ինչն ապացուցում է դրանց քրիստոնէական, ոչ թէ մուսուլմանական ծագումը։ Հէնց այդ պատճառով մենք կարող ենք պնդել, որ կեղծարարութեամբ զբաղւում է ոչ թէ Հայաստանը, այլ Ադրբեջանը»,- ասաց Աչջեանը։

Ինչ վերաբերում է շահսեւանների գորգերին, նա ընդգծեց, որ դրանց անւանումը սերում է քրդական եւ թիւրքական ծագում ունեցող ցեղատոհմից, որը հիմնականում բնակւել է Իրանի տարածքում։ Հաշւի առնելով այն, որ այդ ցեղը մուսուլմանական է, բացառւում է, որ նրանք քրիստոնէական խորհրդանիշներ ու մոտիւներ պատկերէին։ «Աւելին, շահսեւանների ժառանգութիւնը սերտօրէն կապւած է բացառապէս Իրանի պատմութեան հետ, ոչ թէ Ադրբեջանի»,- ասաց Աչջեանը։

Սխալ սխալի յետեւից

Յօդւածի վերնագրիրը յուշում է, որ ընթերցող պէտք է իմանայ այն ցուցանմուշների պատմութիւնը, որոնք, ըստ էութեան, մինչեւ որոշակի պահն անարդարացիօրէն հայկական են համարւել, բայց տեքստում այդ մասին տող անգամ չկայ։ Մի փոքր հատւած մէջբերենք (հարց ու պատասխանի տեսքով) մշակոյթի եւ զբօսաշրջութեան նախարարութեան անկախ փորձագէտ Ասլի Սամեդովայի հարցազրոյցից։

«Վերջին շրջանում յաճախակի են դարձել կեղծարարութեան դէպքերը, քանի որ յաճախ արտասահմանեան աճուրդներում ադրբեջանական գորգերը, ձեռագործ աշխատանքները եւ մի շարք այլ իրեր որպէս հայկական են ներկայացւում։ Ինչպէ՞ս էք պայքարում նման դէպքերի դէմ։ Եւ արդեօ՞ք յաջողւում է ապացուցել, որ դրանք ադրբեջանական են։

- Ցաւօք, վերջին ժամանակաշրջանում որոշ աճուրդներում վաղ ադրբեջանական ասեղնագործ աշխատանքները ներկայացւում են որպէս «արցախեան» աշխատանքներ։ Պատճառն այն է, որ հրաւիրած փորձագէտների թւում յաճախ հայ դիլերներ եւ կոլեկցիոներներ են լինում։ Նրանք վաղուց են Արեւմուտքում զբաղւում հին գորգերի վաճառքով եւ մեծ ազդեցութիւն ունեն։ Սակայն յաճախ, երբ դեռ Ադրբեջանի ներկայացուցիչները չեն արձագանքել այդ անհեթեթ իւրացումներին, արեւմտեան փորձագէտներն են վիճում ու պահանջում ճշգրիտ ներկայացնել ատրիբուցիան։ Հէնց նման փորձերը կանխելու նպատակով էլ առաջարկւեց ցուցահանդէս կազմակերպել եւ զբաղւել միջազգային հրապարակումներով»։

Ինչպէս տեսնում ենք, «հայկական կեղծարարութիւններից փրկւած» ցուցահանդէսի կոնկրետ ցուցանմուշների մասին այստեղ նոյնիսկ խօսք չկայ։

Աւելին, զրուցավարը, մեղադրելով հայերին կեղծարարութեան մէջ, տարօրինակ արտայայտութիւն է հնչեցնում. «Մեր նպատակը վաղ ադրբեջանական ասեղնագործութիւնների հանրահռչակումն է, որոնք այդքան գնահատւում են Արեւմուտքում` իրենց պատմական հայրենիքում»։

Ի՞նչ է ստացւում, որ ադրբեջանական ասեղնագործ իրերի պատմական հայրենիքն Արեւմուտքն է, թէ՞ որ Արեւմուտքը ադրբեջանցիների պատմական հայրենիքն է։ Մի խօսքով, մնում է միայն թոթւել ուսերը…

Ճիշտ հակառակը

Այժմ անդրադառնանք «ադրբեջանական գորգերը, ձեռագործ իրերը եւ մի շարք այլ բաներ հայկական են ներկայացւում» արտայայտութեանը։ Միջազգային փորձագէտ Բերջ Աչջեանը պնդում է, որ ամէն ինչ ճիշտ հակառակն է։

«Քանի՞ հայի գիտէք, որ մի ամբողջ կարողուիւն կը տայ գորգի համար»,- հարցնում է նա։

Մինչդեռ բազում օրինակներ կան, երբ արեւմտեան փորձագէտներ հայկական գորգերը դիտմամբ մուսուլմանական են ներկայացնում, քանի որ հէնց իսլամական մշակոյթի կրողներն են պատրաստ դրանց համար ահռելի գումարներ վճարել։

Հայկական գորգերը երկու կարեւոր առանձնայատկութիւն ունեն` ներկերը բնական են, գորգերը հիւսւում են կրկնակի հանգոյցով, ինչն էլ առանձնակի ամրութիւն է հաղորդում։ Հայկական գորգերը միշտ բարձր են գնահատւել եւ այսօր էլ պահւում են աշխարհի յայտնի թանգարաններում, այդ թւում Վիկտորիայի եւ Ալբերտի լոնդոնեան թանգարանում, Նիւ Եօրքի Մետրոպոլիտենում, Բուդապեշտի կիրառական արւեստի թանգարանում, տեքստիլի լոնդոնյան թանգարանում, իսկ ամենահին հայկական գորգը (մ.թ.ա. 5 դար) ցուցադրւում է Պետերբուրգի «Էրմիտաժում»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։