Հա

Մշակոյթ

Չորեքշաբթի, 14 Փետրւարի 2018 13:50

Արմենուհին` Չարենցի սէրը. մեծ բանաստեղծի սիրոյ պատմութեան վարագոյրը շուտով կը բացւի

Գրող-գրականագէտ Յովիկ Չարխչեանը բացայայտել է Չարենցի ու Արմէնուհի Տիգրանեանի մեծ սիրոյ թաքուն էջերը։ Սիրոյ պատմութեամբ համեմւած կենսագրական վէպն առաջիկայում կը հասնի ընթերցողին։ Իսկ մինչ այդ հեղինակը միայն մի փոքր բարձրացնում է վարագոյրն ու բացում որոշ գաղտնիքներ:

«alikonline.ir» - Գրող-գրականագէտ Յովիկ Չարխչեանն առաջիկայում հայ ընթերցողներին կը ներկայացնի Եղիշէ Չարենցի կեանքի` լայն հանրութեանն անծանօթ մի դրւագ։ Տեղեկացնում է «Sputnik» Արմենիան:

Նոր կենսապատում-վէպում Չարխչեանը կը ներկայացնի Չարենցի եւ բանաստեղծուհի Արմէնուհի Տիգրանեանի սիրային պատմութիւնը։

«Առաջին անգամ մարդիկ կը ծանօթանան ամբողջական պատմութեանը, քանի որ մինչեւ հիմա հպանցիկ գիտենք այդ սիրոյ մասին։ Ե՛ւ Չարենցին նոր տեսակի մէջ կը բացայայտենք,ե՛ւ պատմական մի ժամանակահատւածի կանդրադառնանք, ե՛ւ ի վերջոյ կը բացայայտենք այնպիսի բանաստեղծուհու, ինչպիսին Արմէնուհի Տիգրանեանն է, որը մոռացութեան է մատնւել։ Տիգրանեանի ստեղծագործութիւններին հայ ընթերցողները ծանօթ չեն։ Նրա գործերը Հայաստանում ընդհանրապէս չեն տպագրւել։ Հրատարակւած 2 գրքերից մէկը լոյս է տեսել 1914 թւականին Թիֆլիսում, միւսը` մահից յետոյ Բէյրութում»,- «Sputnik» Արմենիային ասաց Յովիկ Չարխչեանը։

Ինչ վերաբերում է մեծանուն բանաստեղծի ու երիտասարդ բանաստեղծուհու սիրոյ պատմութեանը, Յովիկ Չարխչեանը չցանկացաւ գրքի տպագրւելուց առաջ բացայայտել այն, բայց նա, այնուամենայնիւ, որոշ տեղեկութիւններ հրապարակել է իր անձնական միկրոբլոգում։

«Այս պատմութիւնը սկսւեց 1919 թւականի հոկտեմբերի 18-ին: Հայաստանի առաջին հանրապետութեան պառլամենտի դահլիճում Հայաստանի նորաստեղծ գրական ընկերութեան երեկոյն էր: Այդ օրը գրականագէտ, օգոստոսին լուսաւորութեան նախարար նշանակւած Նիկոլ Աղբալեանը դասախօսում էր «Մի նոր բանաստեղծ. Չարենց» թեմայով: Ներկաներից շատերն առաջին անգամ էին լսում այդ տարօրինակ անունը, իսկ Աղբալեանը ոգեւորւած շարունակում էր իր խօսքը` հաւաքւածներին համոզելով, որ յայտնւել է մի նոր, շնորհալի պոէտ, որն արժանի է ամենայն գովասանքի եւ ուշադրութեան: Ելոյթին յաջորդեց մտքերի փոխանակութիւնը, հնչեցին թեր եւ դէմ կարծիքներ: Իսկ այդ պահին դահլիճի հեռաւոր անկիւնում կանգնած բանախօսին էր լսում գեղեցկադէմ մի տիկին` Արմէնուհի Տիգրանեանը»,- գրում է Չարխչեանը։

Արմէնուհին` նշանաւոր երգահան Արմէն Տիգրանեանի քոյրը, դաշնակցական դատախազ Վարդգէս Ահարոնեանի կինն էր, առաջին Հանրապետութեան խորհրդարանի նախագահ Աւետիս Ահարոնեանի հարսը:

Յետագայում Չարենցի հայրենակից ու մտերիմ Կարինէ Քոթանջեանն իր յուշերում գրել էր, որ ինքն է Չարենցին ուղեկցել Արմէնուհու մօտ և ծանօթացրել նրանց: Կարճատեւ հանդիպումը 22-ամեայ երիտասարդի սրտում սէր է բորբոքել իրենից 9 տարով մեծ բարձրաշխարհիկ տիկնոջ հանդէպ։

«Կանացի հասունութեամբ, կենսափորձով ու նրբանկատութեամբ օժտւած տիկինը որքան էլ ջանում էր հոգատար քրոջ ու հովանաւորի դերը ստանձնել, սակայն արդէն զգում էր, որ ինքն էլ անզօր էր լիովին խեղդել հոգում արթնացող թրթիռները: Թերեւս այս երկակի վերաբերմունք էր պատճառը, որ Չարենցը տարուբերւում էր յուսախաբութեան ու սպասումի անհաստատ թեւերի վրայ` միակ սփոփանքը գտնելով գրասեղանի առաջ` իր ապրումների ու խոհերի հետ ներանձնացած»,- գրում է Չարխչեանը:

Այդ յոյզերից ծնւած անտիպ բանաստեղծութիւններից մի քանիսը եւս հեղինակը պատրաստւում է հրապարակել իր նոր գրքում։

Հայաստանի խորհրդայնացումից յետոյ, երբ Չարենցը նշանակւեց Լուսաւորութեան ժողկոմատի արւեստի բաժնի վարիչ, նա առանց վարանելու ու սեփական անձի մասին մտածելու, Արմէնուհուն աշխատանքի տեղաւորեց պետական հիմնարկում։ Նրան տրւեց հրատարակչական բաժնի քարտուղարի պաշտօնը:

Կենսագրական վէպը փաստարկւած է նաեւ մի շարք արժէքաւոր փաստաթղթերով։ Արխիւներից գտնւած փաստերը, հեղինակի համոզմամբ, վկայում են մեծ սիրոյ ու նւիրումի մասին։

Բայց մեծ սիրուն լուսաւոր աւարտ վիճակւած չէր ։ Արմէնուհի Տիգրանեանը լքեց Խորհրդային Հայաստանն ու մեկնեց արտասահման` միանալու ամուսնուն, բայց նա չներեց ու չընդունեց կնոջը։ Կեանքի յետագայ տարիները Արմէնուհին ապրեց ու մահացաւ միայնակ եւ մոռացւած։

«Արմէնուհու մահից երկու տարի անց Երեւանի օդանաւակայանում ինքնաթիռից իջաւ պատկառելի տեսքով ու տարիքով մի զբօսաշրջիկ, որ գալիս էր հեռաւոր Նիւ Եօրքից: Վարդգէս Ահարոնեանն էր` սփիւռքում լոյս ընծայւող «Հայրենիք» պարբերականի խմբագիրը, ով աւելի քան չորս տասնամեակ անց կրկին ոտք էր դնում հայրենի հողի վրայ: Նրա ձեռքի ճամպրուկում այլեւայլ իրերի հետ մէկտեղ խնամքով զետեղւած էին գունատ, հնաբոյր թղթեր. Չարենցի ձեռագրերն էին` անյայտ բանաստեղծութիւններ` նւիրւած… դարձեալ Արմէնուհուն: Ահարոնեանը ձեռագրերը յանձնեց Հայաստանի գրողների միութեանը: Սա իրոք ասպետական քայլ էր: Նոյնիսկ անձնական խորը ցաւն ու վիրաւորանքը կարող է նահանջել մեծ պոէզիայի, մեծ տաղանդի ու սիրոյ առաջ»,- գրում է Չարխչեանը։

Այսօր էլ աշխարհի տարբեր կողմերում Եղիշէ Չարենցի անտիպ գործեր կան, վստահեցնում է գրականագէտը։

«Չարենցի անտիպ գործեր որոնելն ու գտնելը սենսացիա չէ։ Հէնց հիմա կան վկայութիւններ, որ Չարենցի մի ամբողջ բանաստեղծական տետր կարելի է գտնել Վրաստանում, պէտք է ընդամենը գնալ, տեղում երկար ժամանակ զբաղւել, գտնել։ Պահւել է մի ընտանիքում, փոխանցւել է մէկից միւսին, ձեռքից ձեռք, պէտք է փնտրես, որոնես` ուր է հասել, որտեղ է։ Մի երկտող գտնելու համար շատ երկար է պէտք լինում որոնել»,- ասում է նա։

Գրող-գրականագետը յիշեցնում է, որ Չարենցի կեանքի մի բաւական երկար ժամանակահատւածն անցել է Հայաստանի սահմաններից դուրս, հետեւաբար նրա ստեղծագործութիւնների որոնումները միայն Հայաստանով չպիտի սահմանափակւեն։

Վրաստան, Բաքու, Լենինգրադ, Մոսկւա, Արեւմտեան Հայաստան. բոլոր այս վայրերում, Չարխչեանի խօսքով՝ մեծ բանաստեղծը թողել է իր հետքը, որով գնացողները վստահաբար յաջողութեան կը հասնեն։

Related items

  • «Չարենցը Կապոյտ Մզկիթի պահպաններից էր». «Կապոյտ մզկիթ»-ում մեծարեցին Չարենցին «Չարենցը Կապոյտ Մզկիթի պահպաններից էր». «Կապոյտ մզկիթ»-ում մեծարեցին Չարենցին

    Կապոյտ մզկիթի պահպանման գործում մեծ դերակատարութիւն ունեցած մեծանուն գրող Եղիշէ Չարենցին երախտագիտութիւն յայտնելու նպատակով Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանութեան մշակոյթի կենտրոնի նախաձեռնութեամբ գրողի մեծարման երեկոյ անցկացւեց: Միջոցառումը տեղի ունեցաւ յունիսի 19-ին Կապոյտ մզկիթի բակում:

  • «Չարենցն այսօր մահացաւ». անյայտ բանտարկեալի թաքուն գրառումը «Չարենցն այսօր մահացաւ». անյայտ բանտարկեալի թաքուն գրառումը

    Երբ ոչնչացնում են մարդուն, վերանում է ողջ աշխարհը։ Երբ մահանում են այնպիսի հսկաներ, ինչպիսին Չարենցն է, վերանում են Տիեզերքները։ Այնուհետեւ երբեմն վերականգնում է տեղի ունենում. վերականգնում են բարի համբաւը` ուշացած, անօգնական եւ ոչ պակաս ողբերգական, քան բուն ոչնչացումը։ Քանի որ մնում է միայն անունը եւ այն, ինչ այդ անունը կրողը հասցրել է իրագործել։

  • «Ես եկել եմ դարերից ու գնում եմ յաղթական…» «Ես եկել եմ դարերից ու գնում եմ յաղթական…»

    Այսօր լրանում է հայ հանճարեղ բանաստեղծ Եղիշէ Չարենցի ծննդեան 120-ամեակը։ Եղիշէ Չարենցը (Եղիշէ Սողոմոնեան) ծնւել է 1897 թւականի մարտի 13-ին (Նոր տոմարով՝ մարտի 25-ին) Կարսում:

  • ՄԻՏՔ - Դէ ֆակտօ՝ բազմաչարչար, դէ իւրէ՝ արժէքաւոր ՄԻՏՔ - Դէ ֆակտօ՝ բազմաչարչար, դէ իւրէ՝ արժէքաւոր

    Իմ նկարչութեան դասատու Սիմակ Մանուկեանն այնպիսի գործեր ունէր, տեսնէիք՝ բերաններդ բաց կը մնար: Բայց Վերնիսաժ գնալիս իր հետ ուրիշ նկարներ էր տանում: «Սրանք են ծախւում»,- բացատրում էր նա՝ մի հարւածով արւեստի սպառիչ դասակարգումը կատարելով. ծախւող արւեստ եւ չծախւող արւեստ: Շատ աւելի յետոյ ես պիտի իմանայի, որ լինում են նաեւ ծախւող ու չծախւող արւեստագէտներ, բայց դա բոլորովին այլ պատմութիւն է:

  • ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ - Թէ ինչպէս մեղադրեցին Խրիմեան Հայրիկին ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ - Թէ ինչպէս մեղադրեցին Խրիմեան Հայրիկին

    Մեծ մարդկանց մեծ մեղքեր են վերագրւում: Սա օրինաչափութիւն չէ, սակայն կայ նման հակում. մարդկային մի ներքին մղում կարծես պահանջ ունի նւազեցնել տարբերութիւնն իրենց եւ նրանց միջեւ, ովքեր բացառիկ են կոչումով ու անհատականութեամբ: Համանման վերաբերմունքի մի դրւագ էլ մեր եկեղեցու պատմութեան մէջ ենք հանդիպում, որն առնչւում է Ամենայն Հայոց կաթողիկոս Մկրտիչ Ա Խրիմեանի՝ Խրիմեան Հայրիկի բարենորոգչական գործունէութեան հետ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ