Հա

Մշակոյթ

17/02/2018 - 13:00

«Ուզում եմ սուզւել կնոջ զգացմունքների խորքերը». հարցազրոյց դիզայներ Անետ Ղարախանեանի հետ

Նրա համար ինքնաբացայայտման պահը, հէնց վաղ մանկութիւնն էր, երբ արւեստի մէջ չէր տեսնում ոչ մի տարօրինակ եւ անսովոր բան: Նրա կեանքը լի է երեւակայութիւններով եւ ստեղծականութեամբ: Անետը, թէեւ մասնագիտութեանբ ճարտարապետ է՝ եւ ոչ պայուսակների դիզայներ, սակայն նրա նախագծերը ճարտարապետի մտածելակերպով դիզայների ներդաշնակ արտացոլանքն է, ով կարեւորում է կնոջ ստեղծագործ կերպարն ու նախագծելիս զգում է մանկական ազատութիւն:

«alikonline.ir» - Նրա համար ինքնաբացայայտման պահը, հէնց վաղ մանկութիւնն էր, երբ արւեստի մէջ չէր տեսնում ոչ մի տարօրինակ եւ անսովոր բան: Նրա կեանքը լի է երեւակայութիւններով եւ ստեղծականութեամբ: Անետը, թէեւ մասնագիտութեանբ ճարտարապետ է՝ եւ ոչ պայուսակների դիզայներ, սակայն նրա նախագծերը ճարտարապետի մտածելակերպով դիզայների ներդաշնակ արտացոլանքն է, ով կարեւորում է կնոջ ստեղծագործ կերպարն ու նախագծելիս զգում է մանկական ազատութիւն: Մենք զրուցել ենք 27-ամեայ Անետ Ղարախանեանի հետ: Նա աւարտելով «eastlondon» համալսարանի կանաչ տարածքների ճարտարապետական ֆակուլտետի մագիստրատուրան շարունակեց քայլել իր մանկութեան երազանքների հետքերով:

 

- Անետ, պատմիր ինչպէ՞ս որոշեցիր դառնալ դիզայներ, եւ որոնք եղան քո առաջին քայլերը երազանքդ իրականացնելու ճանապարհին:

- Գիտէք, համոզւած եմ, որ մարդու հարստութիւնն իր զբաղմունքից անկեղծ հաճոյք ստանալն է: Կարծում եմ, որ միշտ էլ գիտակցել եմ դիզայներ դառնալու ցանկութիւնս, նոյնիսկ փոքր հասակում: Երբեք ստիպւած չեմ եղել նստել եւ մտածել այդ մասին, ուղղակի վերցնում էի մկրատը կտրատում ջինզերս, ու դրանց նորովի շունչ հաղորդում վերածելով պայուսակների: Ես հաճոյք էի ստանում դրանից ու երկար չէի մտածում: Մի խօսքով, սկզբում, հետաքրքրութեանս որպէս մասնագիտութիւն չէի վերաբերւում. բանն այն է, որ երբ սկսում էք անել այն, ինչը սիրում էք, ձեզ շրջապատող աշխարհն անհետանում է: Կարծում եմ առաջին քայլերս, հէնց մանուկ հասակում էր ոնց, որ այն ժամանակ լաւ գիտէի թէ ինչով եմ զբաղւելու ապագայում:

 

- Պատմիր, քո բրենդի՝ «geodie»-ի ստեղծման մասին:

- «Geodie»-ի ստեղծումը շատ պատահական ստացւեց: Ես յաճախ նախագծում էի, կրածս հագուստները, որտեղ էլ յատուկ ուշադրութիւն էի դարձնում հէնց պայուսակներին: Պայուսակը միշտ ինձ հետ էր ու այն նման էր գաղտնիքների արկղի, մշտական ընկերի: Կարծում եմ պայուսակը, որպէս կանանց յաւերժական ընկեր պէտք է բաւարարի նաեւ նրանց զգացմունքները: Պայուսակներս շատերին էր հետաքրքում: Յաճախ ընկերներս խնդրում էին իրենց համար էլ նախագծել ու այդպէս աւելանում էր պահանջարկն: Հէնց այդ ժամանակ էլ որոշեցի դրանց տալ իմ բրենդի անւանումը՝ «geodie»-ն:

- Անետ, պայուսակներ ստեղծելիս ի՞նչն է քեզ ամենից շատ ոգեշնչում:

- Կարծում եմ, պայուսակն ամբողջական է դարձնում կնոջ կերպարը, նրան յաւելեալ խորհրդաւորութիւն հաղորդում: Ես փորձում եմ «geodie»-ով, կանանց իւրայատուկ լինելու զգացողութիւն հաղորդել: Վեր հանել նրանց, զգացողութեան օրգանները, որոնք հնարաւորութիւն են տալիս ընկալել շրջակայ միջավայրի առարկաներն ու զգալ դրանց հիմնական բնոյթը, ձեւը, գոյնը, ջերմութիւնը, կոշտութիւնը, հոտն ու ձայնը: «Geodie»-ում յաճախ օգտւում եմ փայտերից, հէնց դրա ձայնի համար: Բանն այն է, որ երբ փայտից ու կաշւից պատրաստւած պայուսակը տեղադրես լսւում է իւրայատում մի ձայն: Ինձ դա դուր է գալիս: Գիտէք, մարդն առանց հինգ զգայարանների չի կարող ապրել: Երբ հինգ զգայարանները չկան մարդու ուղեղն անջատւում է եւ նա էլ չի կարող ապրել: «Geodie»-ն էլ՝ հէնց ոգեշնչւած է մարդկային զգայատանների նրբութեամբ, դրանց միաւորելու ներդաշնակութեամբ:

 

- Անետ, դու մասնակցել ես «Փարիզ»-ի նորաձեւութեան ցուցադրութիւններին, վերջերս ցուցադրութիւն ես ունեցել նաեւ Հայաստանում:

- Այո, Փարիզում եղել եմ մէկ անգամ: Այնտեղ «geodie»-ն վայելում է մեծ պահանջարկ: Փարիզի նորաձեւութեան ցուցադրութիւնն օրիգինալ էր: Գիտէք Փարիզում աւելի հեշտ է, այնտեղ կան նորաձեւութեան կանոններ, որոնց կամ պէտք է հետեւել կամ էլ, նորից պէտք է հետեւել, չկայ այլ ընտրանք: Իսկ ինչ վերաբերւում է Հայաստանի ցուցադրութեանը, երեք դիզայներ հանրութեանն ներկայցել էինք մեր բրենդներով: «geodie»-ն էլ, այնտեղ էր՝ Հայաստանում առաջին անգամ: Կոնկրետ ինձ համար, կասեմ, որ ցուցադրութիւնն առանցքային էր, յոյզերով լի, իսկ հէնց՝ հայ հասարակութեանն ներկայանալը պարտւաւորեցնող է, միաժամանակ երազանքների իրականանալու պէս մի բան:

- Իսկ ո՞ր միտքն է քեզ ամենից շատ առաջ մղում:

- Գիտէք, զարգացումը մոլուցքի պէս մի բան է, երբ դու առաջին իսկ րոպէից գիտես, որ ամբողջ աշխատանքը գերազանց է ստացւում, դա հսկայական ուրախութիւն է պարգեւում: Այդ զգացողութիւնը գրեթէ անհնար է փոխանցել: Դա լիարժէք բաւարարւածութեան զգացողութեան համադրութիւնն է յուզմունքի հետ՝ պատճառելով իւրաքանչիւր նեարդի ծայրայեղ լարում:

 

- Ի՞նչ պլաններ ունես ապագայի համար:

Ապագայ ծրագրերս շատ են, չեմ սիրում ժամանակից առաջ ընկնել, բայց կարծում եմ բոլորիս այսօրւայ աշխատանքը դա վաղւայ օրւայ յաջողութեան գրաւականն է: Առջեւում կը լինեն նոր հաւաքածուներ, նոր ցուցադրութիւններ, նոր յաճախորդներ:

 

- Անետ, ի՞նչ խորհուրդներ կը տաս այն երիտասարդներին, որոնք ցանկանում են զբաղւել դիզայների մասնագիտութեամբ:

- Եթէ դուք ունէք լաւ գաղափար, իրականացրէք այն, ստեղծէք ձեր աշխարհը, ձեր կարիերան եւ երբեք մի վախեցէք, մի վախեցէք զարգացնել ձեր երեւակայութիւնը: Բացի վախի, կասկածի եւ ինքնաբաւարարման ճանապարհից կայ այլ ճանապարհ, որը բերում է յաջողութիւն: Պէտք է յաղթահարել վախն ու սեփական թոյլութիւնները վերածել ուժի:

 

Հնարաւոր է, յաջողութեան հասնելու առաւել կարեւոր գործօնը համառութիւնն ու ազատ երեւակայութեան ուժն է, դրա առաւել վառ օրինակներից մէկն Անետն է: Նա ստեղծել է պայուսակների գեղեցիկ հաւաքածուներ՝ օգտագործելով այն ուժը, այն ընդունակութիւնը, որը թոյլ է տալիս վերաիմաստաւորել մեր կեանքը: Դրական պահն այստեղ այն է, որ մենք միշտ կարող ենք զարգացնել երեւակայութիւնը:

Զրոյցը՝ ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆԻ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։