Հա

Մշակոյթ

17/02/2018 - 09:55

Ոսկէ Բուքերեան մրցանակ կը յանձնւի վերջին կէս դարում դափնեկիր դարձած գրքերից լաւագոյնին

Ոսկէ Բուքերեան մրցանակն առաջին անգամ 2018 թւականի ամռանը շնորհւելու է այն գրքերից լաւագոյնին, որոնք վերջին կէս դարում դարձել են ամենամեայ «Բուքերի» դափնեկիր, որն այս տարի նշում է իր 50-ամեայ յոբելեանը: 

«alikonline.ir» - Ոսկէ Բուքերեան մրցանակն առաջին անգամ 2018 թւականի ամռանը շնորհւելու է այն գրքերից լաւագոյնին, որոնք վերջին կէս դարում դարձել են ամենամեայ «Բուքերի» դափնեկիր, որն այս տարի նշում է իր 50-ամեայ յոբելեանը: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, փետրւարի 16-ին յայտնել է «Press Association» գործակալութիւնը:

Մրցոյթը կանցկացւի երկու փուլով: Նախ՝ հինգ մարդուց բաղկացած ժիւրին (գրողներ Ռոբերտ Մաքրամը եւ Կամիլլա Շամսին, պոէտ եւ դրամատուրգ Լեմն Սիսէյը, բանաստեղծուհի Հոլլա Մաքնիշը եւ ռադիոհաղորդավար Սայմոն Մայոն) կընտրեն «Ոսկէ Բուքերի» անւանակարգւած հինգ գիրք: Ցուցակում յայտնւելու համար կը պայքարի երբեւիցէ Բուքերեան մրցանակի արժանացած 51 գիրք:

Գլխաւոր կէսդարեայ մրցանակի հինգ անւանակարգորդներից բաղկացած ցուցակը կը յայտարարւի մայիսի 26-ին: Ոսկէ Բուքերեան մրցանակի դափնեկիրը կորոշւի երկրորդ փուլում ժողովրդական քւէարկութեամբ, որը կը շարունակւի մէկ ամիս: Յաղթողը յայտնի կը դառնայ յուլիսի 8-ին:

Բուքերեան մրցանակն աշխարհի ամենահեղինակաւոր գրական մրցանակներից մէկն է: Ամէն տարի, սկսած 1969 թւականից, (հիմնադրւել է դրանից մէկ տարի առաջ), մրցանակը յանձնւում է անգլերէն լեզվով գրող հեղինակին տւեալ տարում Միացեալ Թագաւորութիւնում հրապարակւած վէպի համար: 1974 թւականին «Բուքերի» դափնեկիրներ են դարձել միանգամից երկու գրական ստեղծագործութիւններ:

Տարբեր տարիների պարգեւի դափնեկիրներ են դարձել Սալման Ռուշդին, Բէն Օքրին, Քինգսլի Էմիսը, Ռոդի Դոյլը, Այրիս Մերդոքը: Այն երկու անգամ ստացել են Ջոն Քութզեէն, Փիթեր Քերին եւ Հիլարի Մանթէլը: Պարգեւի հինգ դափնեկիրներ՝ Վիլիամ Գոլդինգը, Նադին Գորդիմերը, Վիդիադհար Նայփոլը, Ջոն Քութզեէն եւ Կաձուո Իսիգուրոն աւելի ուշ Նոբէլեան մրցանակի դափնեկիրներ են դարձել գրականութեան բնագաւառում, հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։