Հա

Մշակոյթ

14/03/2018 - 10:20

«Չարենցն այսօր մահացաւ». անյայտ բանտարկեալի թաքուն գրառումը

Երբ ոչնչացնում են մարդուն, վերանում է ողջ աշխարհը։ Երբ մահանում են այնպիսի հսկաներ, ինչպիսին Չարենցն է, վերանում են Տիեզերքները։ Այնուհետեւ երբեմն վերականգնում է տեղի ունենում. վերականգնում են բարի համբաւը` ուշացած, անօգնական եւ ոչ պակաս ողբերգական, քան բուն ոչնչացումը։ Քանի որ մնում է միայն անունը եւ այն, ինչ այդ անունը կրողը հասցրել է իրագործել։

«alikonline.ir» - Երբ ոչնչացնում են մարդուն, վերանում է ողջ աշխարհը։ Երբ մահանում են այնպիսի հսկաներ, ինչպիսին Չարենցն է, վերանում են Տիեզերքները։ Այնուհետեւ երբեմն վերականգնում է տեղի ունենում. վերականգնում են բարի համբաւը` ուշացած, անօգնական եւ ոչ պակաս ողբերգական, քան բուն ոչնչացումը։ Քանի որ մնում է միայն անունը եւ այն, ինչ այդ անունը կրողը հասցրել է իրագործել։ Գրում է «Sputnik» Արմենիայի սիւնակագիր Ռուբէն Գիւլմիսարեանը:

Տիեզերք դառնալու համար Չարենցը պէտք է ծնւէր 121 տարի առաջ, մահանար 81 տարի առաջ եւ «վերականգնւէր», ամենայն հաւանականութեամբ, 1950-ականների սկզբին։ Հրաշքով տեսաձայնագրութիւններ են պահպանւել, որի վրայ արձանագրել են բանաստեղծի վերականգնմանը նւիրւած ընթրիքի դրւագները. նկարահանումներն արւել են նոյն 50-ականներին։ Տեսանիւթում Չարենցի դուստրերն են, Գէորգ Էմինը, Վարդան Աճեմեանը, Օհան Դուրեանը, Հրաչեայ Քոչարը… տօն` արցունքն աչքերին։

Իսկ 1935 թւականի սկզբին Չարենցին մի քանի հարցաքննութեան ենթարկեցին, որոնցից նա վերադառնում էր հոգեպէս ճնշւած եւ երկար վերականգնւում էր։ 1930-ականներին իրենց գործն արագ կատարող «օպրիչնիկներին» նոյնիսկ գովել կարելի է չշտապելու, կամ «համեստութեան» համար. երկարուձիգ գործընթացները տեւեցին 1.5 տարի. մինչեւ 1936 թւականի աշունը Չարենցից երկիրը չլքելու գրութիւն էին վերցրել։

Բանաստեղծի երկրորդ կինը` Իզաբելա Չարենցը, յիշում էր, որ 1937 թւականի շոգ ամռանը Չարենցը նրան երեխաների հետ Ծաղկաձոր տարաւ, իսկ մէկ ամիս անց յուզւած վերադարձաւ։ Նա յետ տարաւ ընտանիքին Երեւան. երբ նրանք հեռանում էին, փողոցում մարդկանց հոծ զանգւած էր հաւաքւել, զուռնաչիները տխուր երաժշտութիւն էին նւագում։ Հարցին` ինչի համար է այս ամէնը, Չարենցը պատասխանեց. «Թող նայեն հայ բանաստեղծի վերջին ուղուն»։

Յուլիսի վերջին եկան նրա յետեւից։ Նա չհաւաքւեց, վեր կացաւ եւ գնաց, կարծես խանութ էր դուրս գալիս հաց գնելու, ամէն օրւայ պէս։ Կարծես ենթադրւում էր, որ շուտով վերադառնալու է։

Իզաբելան 15 օր փնտրում էր ամուսնուն, կէս ամիս ընկած բանտերի դռները։ Փողոցում դին չէր փնտրում. պետական յանցագործների առկայութեան պարագայում, կոչումով աւազակներն ամենեւին էլ վտանգաւոր չեն։ Նրան ոչ ոք չէր պատասխանում, յաճախ նոյնիսկ չէին խօսում նրա հետ` ոմանք անտեղեակութիւնից, ոմանք ամօթից։ Նա հասկացաւ, որ Չարենցն այլեւս չի վերադառնայ։

Եւ երբ հասկացաւ, զանգահարեցին բանտից։ Ասացին` մորֆի բեր. նա վազեց դեղատուն, 100 գրամ տւեցին, Իզաբելան տարաւ բանտ։ Նայեցին 100 գրամին, նա ամէն անգամ մորֆի բերելու թոյլտւութիւն խնդրեց. Չարենցը հիւանդ էր, սովորել էր թմրադեղին եւ առանց մորֆի կարող էր մահանալ։

Ճաշ, մթերք եւ խմելու բան եւս տանում էր։ Այնուհետեւ մորֆին արգելեցին, ասացին, որ առանց դրա էլ նրան կը բուժեն։ Չարենցը մահացաւ մէկ ամիս անց. թէեւ մորֆիով էլ հազիւ թէ աւելի երկար ապրէր։

Հայաստանի խորհրդայնացման 17-ամեակի օրը` նոյեմբերեան առաւօտ, երեւանեան բանտարկեալներին դուրս հանեցին` բնական կարիքները հոգալու։ Զուգարանի պատին շտապող ծուռումուռ ձեռագրով թարմ գրութիւն էր արւած. «Չարենցն այսօր մահացաւ»։

Մի օր Իզաբելան ճաշ բերեց, իսկ նրան վերադարձրին Չարենցի կեղտոտ շապիկն ու հրամայեցին այլեւս չգալ։ Նա շտապեց փրկել ձեռագրերը։ Որոշ բաներ յաջողւեց փրկել, իսկ մի քանի օր անց նրան էլ նոյն երեւանեան բանտը նետեցին, որտեղ նստած էր ամուսինը։ Նրա մահւան մասին Իզաբէլան իմացաւ ուրիշներից, թէեւ Չարենցը նոյն շէնքում էր եղել։

Չարենցի դուստրը` Արփենիկը, որը երկար ժամանակ մանկատներում անցկացրեց, պատմում էր. «Չեմ կարող մոռանալ Հայաստանում Խորհրդային իշխանութեան տարեդարձին նւիրւած դպրոցական օլիմպիադան։ Մեր մանկատան սաները ելոյթ էին ունենում Արւեստի աշխատողների տան դահլիճում։ Ինձ յանձնարարած Նայիրի Զարեանի «Ստալին» բանաստեղծութեան փոխարէն, ես, հաղորդավարի խօսքերից առաջ ընկնելով, սկսեցի կարդալ «Ես իմ անուշ Հայաստանին»։ Անհնար է նկարագրել հանդիսատեսի արձագանգը. ծափահարութիւններից ականջներս փակւել էին»։

Այդ օրը, որը ճակատագրի չար հեգնանքով, համընկաւ Չարենցի մահւան տարելիցի հետ, դուստրը հոգում տօնեց հօր առաջին արդարացումը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։