Հա

Մշակոյթ

15/03/2018 - 09:30

Թամանեանի անհետացող ժառանգությունը. կոլորիտային քաոսն ընդդէմ տաղտկալի առօրեականութեան

Ժամանակակից Երեւանի ճարտարապետ Ալեքսանդր Թամանեանը նախագծել է այս քաղաքը 200 հազար բնակչի հաշւարկով։ Այսօր այստեղ աւելի քան մէկ միլիոն մարդ է բնակւում։

«alikonline.ir» - Ժամանակակից Երեւանի ճարտարապետ Ալեքսանդր Թամանեանը նախագծել է այս քաղաքը 200 հազար բնակչի հաշւարկով։ Այսօր այստեղ աւելի քան մէկ միլիոն մարդ է բնակւում։ Դրա հետեւանքների մասին պատմում է «Sputnik.» Արմենիայի սիւնակագիր Ռուբէն Գիւլմիսարեանը։

Հայկական պետականութեան 12-րդ մայրաքաղաքն այս տարի կը նշի իր 2800-ամեակը։ Չնայած պատկառելի պատմական տարիքին, Երեւանը` որպէս նշանաւոր քաղաք, շատ աւելի երիտասարդ է։ Առաջին Հանրապետութեան մայրաքաղաք էլ այն դարձել է շատ պատահական։

Դարեր շարունակ Երեւանը բերդ էր, ինչպէս այսօր են ասում, իր համապատասխան ենթակառուցւածքներով։ Եւ անգամ 1920-ականների սկզբին տեղի բնակչութիւնը 30 հազարը չէր գերազանցում։ Միաժամանակ այսքան աննշան բնակչութեան համար քաղաքը բաւականին մեծ տարածք էր զբաղեցնում։ Այն աւելի շուտ կողք կողքի գտնւող մի քանի բնակավայրերի միաւորում էր։

Յետոյ հրաւիրեցին ակադեմիկոս Թամանեանին։ Նրան խորհուրդ տւեցին Խորհրդային Հայաստանի մայրաքաղաքը ներկայիս Աբովեանի տարածքում կառուցել, բայց վարպետն ընտրեց այն, ինչ ընտրեց։ Աբովեանի տարածքում օդն աւելի մաքուր էր, տարածքն էլ՝ աւելի մեծ, թէեւ այնտեղ զգալիօրէն ցուրտ է։ Թամանեանի ընտրութիւնը կանգ առաւ ռելիէֆի` բնական գաւաթի նմանւող տարածքի վրայ. դրա մէջ ու դրա շուրջ վեր խոյացաւ եռաստիճան քաղաքը։ Ճարտարապետութեան առումով Երեւանի բացառիկութիւնը գերմանացի մասնագէտները նշում էին նոյնիսկ նախորդ դարի կէսին։

Թամանեանը ոգեւորւած ու ոգեշնչւած էր։ Գրականագէտ Ռաֆայէլ Աւագեանը Երեւանի մասին իր գրքում նկարագրում է` ինչպէս էր 1924 թւականին հայկական խորհրդային ժողովրդական կոմիսարիատը քննարկում Երեւանի կառուցապատման գլխաւոր նախագիծը։

«Արդիւնաբերութիւնը տեղակայւած է այստեղ»,- ասաց ակադեմիկոսն ու մէկնեց ցուցափայտը։ Բոլորը նայեցին կայարանի մօտակայքի դատարկ տարածքին։ Այն ժամանակ ծիծաղելի էր Երեւանի արդիւնաբերութեան մասին խօսել. անգամ մէկ ծխացող խողովակ չկար։

- Ձեր առջեւ 200 հազար բնակիչ ունեցող քաղաք է,- ասաց ակադեմիկոսը,- ձեր առջեւ մայրաքաղաք է։ Ահա դրա վարչական շրջանը։

Դա քաղաքի երեւակայական կենտրոնն էր։ Երեւակայական հրապարակը։ Խորհրդային ժողովրդական կոմիսարիատի աշխատակիցները հետեւում էին ցուցափայտին։

- Մշակոյթի, արւեստի ու հանգստի թաղամասը,- ասաց ակադեմիկոսը։

Պրագմատիկ ու իրատես պաշտօնեաները, որոնք վախեցած էին այդ տարիներին տեղի ունեցած պատերազմից ու ջարդերից, չնայած երիտասարդ խորհրդային իշխանութեան լաւատեսութեանը, հակւած չէին հաւատալ երեւակայականին, որը պատրաստւում էր իրականացնել թէկուզ եւ հեղինակաւոր ճարտարապետը։ Մի քանի փողոց, եզրերին` քաոսային կառուցւածքով կոլորիտային Կոնդն ու փոքր-ինչ աւելի բարեկարգւած Սարի Թաղը։ Ահա այն ժամանակւայ Երեւանը։

Իսկ ֆանտաստիկ ժանրին հաւատացողը այդ ամէնն իրականութիւն դարձրեց` սկսելով Աբովեան փողոցի հրապարակից, որը մինչեւ օրս այդպէս էլ կոչւում է` «պլանի գլուխ»։ Այո, նա 200 հազար մարդու համար նախատեսւած քաղաք կառուցեց, ու քաղաքը կատարեալ էր մարդկանց այդ քանակութեան համար։ Սակայն արագընթաց կեանքը չէր կարող իր շտկումները չմտցնել։

Մայրաքաղաքի բուռն կառուցապատուման արդիւնքում ի յայտ եկաւ նոր համայնք` երեւանցիների համայնքը։ Նրանց աշխարհայեացքն ու կենսակերպը զգալիօրէն տարբերւում էր երկրի այլ շրջանների բնակիչների կենսակերպից, աշխարհընկալումից։ Երեւանցիները շատ արագ սկսեցին զգալ Հայաստան անունով փոքր ու յարմարաւէտ տիեզերքի կենտրոնի բնակիչների կարգավիճակը։ Հանրապետութեան մնացած հատւածներն ընկաւում էին կա՛մ որպէս մայրաքաղաքի իլիւստրացիա, կա՛մ որպէս հանգստի գօտի։ Ընդ որում` քաղաքում գիւղերից եկած շատ մարդիկ կային։

Այսպէս երկար տարիներ շարունակ. ընդհուպ մինչեւ 1980 թւականը շատ բնական էր հնչում նոր ծանօթին տւած` «իսկ ձեր գիւղը որտե՞ղ է» հարցը։ Դա նշանակում էր, որ նոր ծանօթը հետաքրքրւում է` ծնունդով որտեղից ես։ Անձամբ ես «սեփական» գիւղ չունէի, իմ անկեղծ պատասխանը բազում զրուցակիցների է ապշեցրել։ Մարդիկ չէին հասկանում` ինչպէս կարելի է ծնունդով որեւէ տեղից չլինել։ Նրանք պարզապէս ի վիճակի չէին ընկալել, որ ծնունդով երեւանցիներ գոյութիւն ունեն։

Դա չի նշանակում, որ Երեւանը Հանրապետութեան միակ քաղաքն էր։ Իհարկէ ոչ. կային այնպիսի ինքնատիպ քաղաքներ, ինչպիսին Կիրովականն էր (ներկայիս Վանձորը) եւ Լենինականը (ներկայիս Գիւմրին)։ Անկեղծ ասած` Գիւմրին աւելի էր արժանի մայրաքաղաք դառնալուն, սակայն պատմութիւնն այլ կերպ դասաւորւեց։

Գիւմրեցիներն իրենց գենետիկօրէն փոխանցւող իմաստուն հումորով միշտ փորձում էին ցոյց չտալ, որ այդ հանգամանքը վիրաւորել է նրանց` նման խօսակցութիւնները կատակի տալով։ Մի անգամ լուր էր տարածւել` իբր Երեւանի տակ մեծ ստորգետնեայ լիճ է յայտնաբերւել։ Գիւմրիում լրջօրէն արձագանգեցին` մտածելով, որ երբ Երեւանը ջրի տակ անցնի, Գիւմրին ինքնաբերաբար մայրաքաղաք ու առաջին նաւահանգստային քաղաք կը դառնայ։ Ընդհանրապէս այնստեղ մինչեւ այժմ էլ բարի ներողամտութեամբ են վերաբերւում Երեւանին ու երեւանցիներին, ինչպէս փոքր եղբօրը։

Իսկ թամանեանական Երեւանը համալրւեց գլխաւոր պողոտաներով: Առաջինը Ստալինի (յետոյ Լենինի, ներկայումս Մաշտոցի) պողոտան էր։ Այն պէտք է յատեր գլխաւոր ու Հիւսիսային պողոտաները. վերջինս բոլորովին նման չէր այն պողոտային, որը հիմա են կառուցել։ Այն պէտք է հասնէր մինչեւ Հանրապետութեան հրապարակ, որտեղ նախագծով բացառապէս կառավարական ու վարչական շէնքեր էին նախատեսւած։

Ի դէպ, Թամանեանն էլ էր քսան յարկանի շէնքեր նախագծել, սակայն դրանք այն պարզունակ ու անյարմար, տեսքը չունէին, որոնցով այսօր աչքի են ընկնում ժամանակակից շինութիւնները։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։