Հա

Մշակոյթ

05/04/2018

Վանի 400-ամեայ Սուրբ Ստեփանոս եկեղեցին վերջնականապէս անհետանալու եզրին է

Գանձախոյզերի կողմից կողոպտման եւ աւիրման ենթարկւող` Վանի ներկայիս Մուրադիէ գաւառում գտնւող պատմական Սուրբ Ստեփանոս հայկական եկեղեցու պատերը քանդւած են, իսկ ներսում մեծ խորութեամբ փոսեր են բացւած:

«alikonline.ir» - Գանձախոյզերի կողմից կողոպտման եւ աւիրման ենթարկւող` Վանի ներկայիս Մուրադիէ գաւառում գտնւող պատմական Սուրբ Ստեփանոս հայկական եկեղեցու պատերը քանդւած են, իսկ ներսում մեծ խորութեամբ փոսեր են բացւած: Այդ մասին, ըստ «akunq.net»-ի, հաղորդում է «Մեզոպոտամիա» լրատւական գործակալութիւնը:

1915 թւականի Հայոց Ցեղասպանութիւնից առաջ ակտիւ կերպով հայ համայնքին ծառայած Սուրբ Ստեփանոս եկեղեցին նաեւ նշանաւոր ուխտավայր է եղել:

Հայկական միջնադարեան ճարտարապետութեան աննման նմուշներից մէկը եղող սոյն եկեղեցու մօտակայքում գտնւող գերեզմանատան քարերը եւս աւերւել են գանձագողերի կողմից, իսկ եկեղեցու այն հատւածները, որոնք կարողացել են դիմակայել այդ աւերածութիւններին, վերջնականապէս քանդւելու սպառնալիքի տակ են:

Ժամանակին եկեղեցու մօտակայքում բնակութիւն հաստատած Էբուբեքիր Չիֆթչին յայտնելով, որ մինչեւ 1970 թւականը կառոյցը լիովին կանգուն է եղել, նաեւ հետեւեալ տեղեկութիւններն է հաղորդում. «Եկեղեցու շրջակայքը եւ դռները կանգուն էին: Ես ինքս եմ տեսել քահանաների մենախցերը, որոնք եւս չէին աւերւել: Մեր մարդիկ այս հարցում խիստ անզգայ են: Մի քանի հոգի այս կառոյցը պեղել է` գանձ գտնելու յոյսով: Նման դէպքերը իրօք շատ ցաւալի են. գանձախոյզերը շատ վատ վիճակի են հասցրել եկեղեցին: Մենք ցանկանում ենք, որ պետութիւնը եկեղեցին վերականգնելով` վերադարձնի նրա նախկին տեսքը»:

Չիֆթչին նաեւ նշում է, թէ չնայած աւերումներին` եկեղեցին շարունակում է գրաւել տեղացի եւ օտարերկրացի զբօսաշրջիկների ուշադրութիւնը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։