Հա

Մշակոյթ

Երեքշաբթի, 10 Ապրիլի 2018 12:10

Բաքւի միակ պահպանւած հայկական եկեղեցու ճակատագիրը. ադրբեջանցի կանայք մոմ էին վառում այնտեղ

Բաքւի ամենայայտնի հայկական եկեղեցին` Սուրբ Գրիգոր Լուսաւորիչը, որը գտնւում է քաղաքի կենտրոնում` շատրւանների հրապարակի հարեւանութեամբ, ժամանակին լի էր կեանքով եւ իր հարկի տակ ոչ միայն հայերին էր ընդունում։ Այսօր այն կանգնած է լուռ` որպէս անցած դարի խորհրդանիշ, եւ միայն օտարերկրեայ զբօսաշրջիկներին է գրաւում...: 

«alikonline.ir» - Բաքւի ամենայայտնի հայկական եկեղեցին` Սուրբ Գրիգոր Լուսաւորիչը, որը գտնւում է քաղաքի կենտրոնում` շատրւանների հրապարակի հարեւանութեամբ, ժամանակին լի էր կեանքով եւ իր հարկի տակ ոչ միայն հայերին էր ընդունում։ Այսօր այն կանգնած է լուռ` որպէս անցած դարի խորհրդանիշ, եւ միայն օտարերկրեայ զբօսաշրջիկներին է գրաւում...: Գրում է «Sputnik» Արմենիայի լրագրող Լիլիթ Յարութիւնեանը:

Յայտնի առցանց հանրագիտարանում «Ժամանակակից Ադրբեջանի տարածքում գտնւող հայկական վանքերի ցանկ» անւանումով յօդւած կայ։ Այնտեղ նշւած է, որ Բաքւում 5 հայկական եկեղեցի է եղել ժամանակին` Սուրբ Գրիգոր Լուսաւորիչը, Սուրբ Աստւածածինը (17-րդ դարի), Սուրբ Թադէոս եւ Բարդուղիմէոս առաքեալների եկեղեցին, Սուրբ Յարութեան մատուռն ու հայ-լիւթերական եկեղեցին։

Բոլոր այդ եկեղեցիների անունների դիմաց նշւած է` «քանդած է», բացի մէկից` Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցուց։ Այդ անւան դիմաց նշւած է`«գրադարան»։

Կռահել, թէ ինչու Ադրբեջանի կառավարութիւնն այդ մէկ եկեղեցու նկատմամբ իրեն բնորոշ վայրագ քաղաքականութիւն չի իրականացրել, դժւար չէ։ Սարսափելի վանդալիզմի եւ այլ ժողովուրդների, մասնաւորապէս հայերի մշակութային ժառանգութիւնը ոչնչացնելու հետ մէկտեղ կառավարութիւնը որոշել է թողնել միակ յուշարձանը, որը հնարաւոր կը լինի մատնացոյց անել, եթէ որեւէ մէկը համարձակւի Ադրբեջանին մեղադրել անհանդուրժողականութեան մէջ… Ամէն դէպքում, այս յօդւածն այդ մասին չէ։

 

Ճակատագրի շրջադարձերը

Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին, աղբիւրի համաձայն, կառուցւել է 1863 թւականին Շեմախու հայոց թեմի առաջնորդ Դանիէլ վարդապետ Շահնազարեանցի նախաձեռնութեամբ։ Շինարարութեան համար ֆինանսական միջոցներ էր տրամադրել Ջաւադ Մելիքովը։ Ասում են, որ նա հէնց նոյն տարում հարստացաւ` Ապշերոնի նաւթաբեր տարածաշրջանում սեփական նախագծման առաջին նաւթաթոր սարքը գործարկելով։ Շէնքի հեղինակը Մոսկւայի յայտնի ճարտարապետ, էկլեկտիզմի եւ մոդեռնիզմի վարպետ Կարլ Գիպպիուսն է:

Շէնքն օծւել է 1869 թւականին, չնայած շինարարութիւնը դեռ չէր աւարտւել եւ երկու տարի շարունակւելու էր։ Շուտով վանքի տարածքում ծխական դպրոց եւ գրադարան կառուցւեց, իսկ 1888 թւականին տեղադրւեցին զանգերը։ 1918 թւականին եկեղեցին մայր տաճար դարձաւ։

Ադրբեջանի մայրաքաղաքի ամենակենտրոնում` Նիզամիի փողոցում գտնւող եկեղեցին ժամանակին կենդանի էր ու բարեկարգ։ Այնտեղ մշտապէս պատարագներ էին մատուցւում, ինչպէս նաեւ հարսանեաց ու մկրտութեան արարողութիւններ անցկացւում։ Այն Բաքւի մեծաթիւ հայ համայնքի ամենանշանաւոր վայրն էր։

«Բաւական յարմարաւէտ, գեղեցիկ եկեղեցի է։ Մշտապէս պատարագներ են մատուցւել, տօներին մարդիկ այնտեղ էին հաւաքւում։ Բացի այդ, պսակադրութեան արարողութիւն եւ մկրտութիւն էր իրականացւում։ Դուստրս եւ որդիս նոյնպէս մկրտւել են այդ եկեղեցում։ Յիշում եմ, այնտեղ ծառայութիւն էր մատուցում Զաւէն անունով բարձրահասակ, բաւական հաճելի արտաքինով երիտասարդ քահանան։ Նա է մկրտել երեխաներիս»,- «Sputnik» Արմենիայի թղթակցի հետ զրոյցում ասաց Երեւանի բնակիչ Ռիտա Մելքումեանը, որը ծնունդով Բաքւից է։

Նա նշում է, որ եկեղեցին քաղաքի կենտրոնում միակն էր, այդ պատճառով մեծ ճանաչում էր վայելում եւ ոչ միայն հայերի շրջանում։

«Այդ եկեղեցի էին յաճախում մի շարք ազգերի ներկայացուցիչներ, ուղղափառները նոյնպէս, ռուսները։ Անձամբ եմ տեսել, թէ ինչպէս էին ադրբեջանցի երիտասարդ կանայք մտնում եկեղեցի, մոմ վառում։ Սակայն դա լաւ ժամանակներում էր` բնականաբար մինչեւ Սումգայիթի դէպքերը»,- յաւելեց Ռիտան։

Ջարդից յետոյ, նրա խօսքով, եկեղեցին դատարկւեց, քանի որ շատերն արդէն վախենում էին այնտեղ մտնել։

«Կոտորածից յետոյ այնտեղ միայն ամենահամարձակներն էին գնում, բայց հաւատացյալներ, այցելուներ կային»,- իր խօսքը շարունակեց զրուցակիցս։

Տաճարն այսօր չի գործում։ 1989 թւականին վանդալիզմի զոհ է դարձել, հաւատքի բոլոր խորհրդանիշերը, այդ թւում` գմբեթի խաչը եւ զանգը, կորսւել են։ Եկեղեցին լուրջ վնասւել է նաեւ 1990 թւականի հրկիզման հետեւանքով։ Այդ նոյն թւականին էլ այն փակեցին։ 2002 թւականից այն օգտագործւում է որպէս Ադրբեջանի նախագահի գործերով վարչութեան գրադարանի գրապահոց, որի մուտքը փակ է։ Այս որոշումն ընդունելուց մի քանի տարի անց շէնքը վերակառուցւել է։

Այն մասին, որ եկեղեցին այսօր գրադարանի են վերածել, Ռիտա Մելքումեանը չգիտէր։

«Լաւ է, որ գոնէ գրադարան են դարձրել, ոչ թէ ուրիշ բան»,- ասաց նա։

 

Կարեւոր տեսարժան վայր

Ռուսական զբօսաշրջային կայքերից մէկում` «TripAdvisor», Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ տաճարը նկարագրւած է որպէս «Բաքւի գլխաւոր տեսարժան վայրերից մէկը»։ Մինչդեռ Բաքւում եղած սանկտպետերբուրգցի ճանապարհորդը կայքում թողած գրառման մէջ տաճարը նկարագրում է որպէս «վերացած քաղաքակրթութեան բեկոր»։ Ահա թէ ինչ է նա գրում «TripAdvisor» զբօսաշրջային պորտալում։

«Ինչպէս յայտնի է, Բաքւի` ժամանակին մեծաթիւ հայկական համայնքը վերացաւ, եւ հետաքրքիր է տեսնել նրա թողած ժառանգութիւնը։ Արտաքնապէս վանքը բաւական խնամւած տեսք ունի։ Այն փակ է։ Թէ ինչ է ներսում, պարզ չէ, քանի որ բարձր ցանկապատի պատճառով պատուհանից այն կողմ տեսնել հնարաւոր չէ…»։

Մոսկւայից մէկ այլ զբօսաշրջիկ գրում է. «Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին Բաքւի ամենայայտնի տեսարժան վայրերից մէկն է։ Հին քաղաքում է գտնւում։ Վանքն օծւել է 1869 թւականին, Հայ Առաքելական եկեղեցուն էր պատկանում։ Սակայն 1990-ականների վերջին ե՛ւ վանդալիզմի հետեւանքով, ե՛ւ հրդեհի հետեւանքով եկեղեցին փակեցին։ Փակ է այն մինչեւ օրս, թէեւ այն ճարտարապետական յուշարձան են ճանաչել։ 2000-ականների սկզբին եկեղեցու տարածքում գրադարան կառուցւեց, ուստի եկեղեցու անւանումը համապատասխանում է նրա ներկայիս գործառոյթին։ Ճիշտ է, ինչպէս ասաց էքսկուրսավարը, այժմ այստեղ գտնւում է նախագահական գրքերի ֆոնդն ու Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հարցերով վարչութեան գրադարանը»։

Բաքւի հայկական տաճարի մասին հետաքրքիր գրառում է կատարել Սանկտ Պետերբուրգից մի աղջիկ. «Հայկական ճարտարապետական ոճը հնարաւոր չէ շփոթել որեւէ այլ ոճի հետ։ Սկզբում աչքերիդ չես հաւատում, երբ Նիզամի եւ Իբրահիմով փողոցների անկիւնում աչքիդ առաջ հառնում է գեղեցկուհին` հայկական Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու զանգակատունը, այնուհետեւ ուզում ես աղօթել, որպէսզի մարդիկ խելամիտ ելք գտնեն հակամարտութիւնից, իսկ եկեղեցուն վերադարձւի խաչը, եկեղեցի վերադառնան հաւատացեալները, իսկ աշխարհ` խաղաղութիւնը…»։

Ով գիտի, գուցէ մի օր իսկապէս գմբեթի խաչը վերադարձւի, իսկ եկեղեցին նորից լցւի հաւատացեալներով։ Յամենայն դէպս մի քանի տարի առաջ այստեղից կրկին հայկական աղօթքներ են լսւել։ Բանն այն է, որ 2010 թւականի ապրիլին եկեղեցի են այցելել հոգեւոր առաջնորդների համաշխարհային գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Բաքու այցելած Համայն Ռուսիոյ պատրիարք Կիրիլն ու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։ Գարեգինն ու նրան ուղեկցող բարձրաստիճան հայ հոգեւորականները աղօթել են եւ միջնադարի շարականներ կատարել…

Իսկ հիմա այն կանգնած է խիստ ու լռակեաց` ոչ միայն հազարաւոր գրքերով, այլեւ անցեալի բուռն յուշերով եւ գուցէ նաեւ ապագայի յոյսով լցւած…

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։