Հա

Մշակոյթ

Հինգշաբթի, 12 Ապրիլի 2018 10:10

Նա քրիստոնեայ չէ. 80-ամեայ թրքուհին խնամում է Մարդինի հայկական եկեղեցին

Թուրքական Մարդին քաղաքի հայկական եկեղեցուն նախկինում հետեւում էր հայերի վերջին ընտանիքը, այսօր այդ գործն անում է 80 տարեկան Խաթուն Ջաջուռը:

«alikonline.ir» - Թրքուհի Խաթուն Ջաջուռն ամէն օր կռանում է Թուրքիայի Մարդին քաղաքի Սուրբ Գէորգ հայկական եկեղեցու պատերի եւ սալաքարերի վրայ: Այս մասին ըստ  «Sputnik» Արմենիայի գրում է թուրքական «Dailysabah»-ը։

Նա քրիստոնեայ չէ, բայց դա որեւէ նշանակութիւն չունի։ Ջաջուռը կարծում է, որ չի կարելի անխնամ թողնել եկեղեցին։

80-ամեայ Խաթունը դանդաղ ու հանգամանօրէն մաքրում է եկեղեցին, կտրում է բակի թփերը, ջրում ծաղիկներն ու ծառերը։ Իսկ ո՞վ է հոգ տանում նրա մասին։ Կինը մենակ է ապրում, ամուսինը վաղուց է մահացել։ Նա կարծես չի էլ նկատում իր հիւանդութիւնները։

«Առանց հաւատի գործը կը մեռնի»,- ասում է Խաթունը։

Մարդինը եղել է Թուրքիայի բազմազգ քաղաքներից մէկը։ Այստեղ ապրել են արաբներ, ասորիներ, քրդեր, հայեր, թուրքեր։ Հիմա հայերից միայն մի տարեց զոյգ է մնացել։ Քանի դեռ կարողանում էին, նրանք էին խնամում եկեղեցին։

«Նրանք երկուսն են` Իւրշալինը եւ նրա ամուսինը` Նայիֆը։ Հիմա արդէն հիւանդ են, չեն կարողանում եկեղեցի գալ, կարգուկանոնին հետեւել։ Հիմա ես եմ այդ գործն անում Աստծու օրհնութեամբ։ Ի վերջոյ, ես լաւ գործ եմ անում»,- ասում է Խաթունը։

«Dailysabah» թերթը գրում է, որ Թուրքիայի այսօրւայ հայ համայնքը 33 գործող եկեղեցի ունի. հայերի զգալի մասին «տեղափոխել» են ժամանակակից Թուրքիայի սահմաններից դուրս։

Հայ եւ օտարերկրացի պատմաբանների տւեալներով` մինչեւ 1915 թւականը Թուրքիայում եղել են մօտ 2.5 հազար հայկական եւ մօտաւորապէս նոյնքան յունական եկեղեցիներ, ասորականների թիւը գերազանցել է 100-ը։ Գրեթէ բոլորը ոչնչացւած են, իսկ պահպանւած եկեղեցիների ծագման մասին լռում են։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։