Հա

Մշակոյթ

Կիրակի, 15 Ապրիլի 2018 09:35

Պատմութեան եւ մշակոյթի բազմաքանակ յուշարձանները Ներքին Գետաշէնին կարող են միջազգային հռչակ բերել

Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշէն գիւղում վերջերս եկեղեցու վերականգնման աշխատանքների ժամանակ յայտնաբերւած 227 խաչքարերի եւ խաչքարաբեկորների, ինչպէս նաեւ գիւղի վարչական տարածքում պահպանւած, բայց չուսումնասիրւած այլ յուշարձանների ուսումնասիրումից եւ անձնագրաւորումից յետոյ այստեղ հնապատմագիտական եւ մշակութային յուշարձանների թիւը կը հասնի մօտ 900-ի, որով եւ այս բնակավայրը ոչ միայն կը հռչակւի որպէս յուշարձանների քանակով ամենահարուստը Գեղարքունիքի մարզում, այլ նաեւ կարող է դառնալ զբօսաշրջային կարեւոր երթուղիներից մէկը Հայաստանի Հանրապետութիւնում:

«alikonline.ir» - Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշէն գիւղում վերջերս եկեղեցու վերականգնման աշխատանքների ժամանակ յայտնաբերւած 227 խաչքարերի եւ խաչքարաբեկորների, ինչպէս նաեւ գիւղի վարչական տարածքում պահպանւած, բայց չուսումնասիրւած այլ յուշարձանների ուսումնասիրումից եւ անձնագրաւորումից յետոյ այստեղ հնապատմագիտական եւ մշակութային յուշարձանների թիւը կը հասնի մօտ 900-ի, որով եւ այս բնակավայրը ոչ միայն կը հռչակւի որպէս յուշարձանների քանակով ամենահարուստը Գեղարքունիքի մարզում, այլ նաեւ կարող է դառնալ զբօսաշրջային կարեւոր երթուղիներից մէկը Հայաստանի Հանրապետութիւնում:

Ինչպէս «Արմէնպրես»-ին տեղեկացրեց ՀՀ մշակոյթի նախարարութեան աշխատակազմի պատմութեան եւ մշակոյթի յուշարձանների պահպանութեան գործակալութեան Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի տարածքային բաժնի գլխաւոր մասնագէտ Նորիկ Հազէյեանը, Ներքին Գետաշէնում 2003 թւականի պետական ցուցակով հաստատւած են հնագիտական, պատմական, ճարտարապետական եւ արւեստի 419 յուշարձան, որոնց թիւը կարող է կրկնապատկւել նորայայտ կամ պետական ցուցակից դուրս մնացած յուշարձանների մանրամասն ուսումնասիրութիւնից եւ անձնագրաւորումից յետոյ:

«Ներքին Գետաշէնում մարդկային կեանքի հետքերը նշմարւում են պատմութեան անյիշելի ժամանակներից՝ խոր հնադարից մինչեւ մեր օրերը: Տարբեր դարաշրջաններում իշխանանիստ համարւող այս քաղաք-բնակավայրում հաշւառւած են 2 հնագոյն դամբարանադաշտ, 2 հնագոյն բնակատեղի, 5 եկեղեցի, 1 ջրաղաց, 8 պատմական գերեզմանոց, 42 պատկերազարդ տապանաքար, 356 խաչքար:

Բայց, մեր դիտարկմամբ, գիւղի վարչական տարածքում, ինչպէս նաեւ բնակավայրի ներսում կան շատ հնագիտական արժէքներ դամբարանների, գերեզմանոցների, հին բնակատեղիների, խաչքարերի, հողի տակից դուրս եկող խեցեղէն կամ մետաղական իրերի, այլ նիւթերի տեսքով, որոնք ժամանակին չեն հաշւառւել պետութեան կողմից, չեն արժանացել մասնագէտների ուշադրութեանը: Ցուցակում յայտնւած շատ յուշարձաններ էլ հիմնաւորապէս չեն ուսումնասիրւել:

Այսպէս, վաղ բրոնզէդարեան 2 դամբարանադաշտերից մէկը առհասարակ չի պեղւել: Չեն ուսումնասիրւել կամ մասամբ են ուսումնասիրւել նաեւ 2 հին բնակատեղիները, եկեղեցիներն ու մատուռները, Կոթավանքի վերականգնման ժամանակ ի յայտ եկած վիմագիր արձանագրութիւնները, Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու վերականգնման ժանամակ վերջերս ի յայտ եկած 227 խաչքարերն ու խաչքարաբեկորները: Դրանցից 19-ը հաշւառւած եւ ընդգրկւած են եղել պետական ցուցակում, իսկ ահա մնացած 208-ն առաջիկայում կենթարկւեն ուսումնասիրութեան: Սա էլ կարող է առիթ հանդիսանալ, որպէսզի պետական հաշւառման ցուցակից դուրս մնացած միւս արժէքներն էլ ուսումնասիրւեն, անձնագրաւորւեն եւ ցուցադրւեն:

Մի խօսքով, այս պատմական բնակավայրում այնքան բացայայտելու նիւթ կայ, որ յուշարձանների ցանկն այստեղ կարող է կրկնապատկւել: Այդ նիւթերի ուսումնասիրմամբ նոր ուղղումներ կարող են մտցւել հայագիտութեան եւ հնագիտութեան մէջ: Միւս կողմից էլ յայտնի կամ նորայայտ յուշարձանները Ներքին Գետաշէնը կարող են դարձնել շատ աւելի հռչակւած բնակավայր ոչ միայն հնապատմագիտական ուսումնասիրութեան, այլ նաեւ զբօսաշրջութեան համար, քանի որ նման հարուստ պատմութեան ու մշակոյթի յուշարձան ունեցող շատ քիչ բնակավայրեր կարող ենք մատնանշել ոչ միայն Գեղարքունիքի մարզում, այլեւ Հայաստանի Հանրապետութիւնում առհասարակ: Ներքին Գետաշէնը կարող է առաջիկայում միջազգային հռչակ ձեռք բերել Նորատուսի նման»,- նշեց Նորիկ Հազէյեանը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։