Ապրիլի 15-ին, կեանքի 88-րդ տարում, Հռոմում մահացել է իտալացի ռեժիսոր եւ սցենարիստ Վիտորիօ Տաւիանին, ով իր եղբօր՝ Պաոլոյի հետ նկարահանել է Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող «Արտոյտների ագարակը» գեղարւեստական կինոնկարը:
«alikonline.ir» - Ապրիլի 15-ին, կեանքի 88-րդ տարում, Հռոմում մահացել է իտալացի ռեժիսոր եւ սցենարիստ Վիտորիօ Տաւիանին, ով իր եղբօր՝ Պաոլոյի հետ նկարահանել է Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող «Արտոյտների ագարակը» գեղարւեստական կինոնկարը: Հաղորդում է «Արմէնպրես»-ը։
Տաւիանի եղբայրները 2007 թւականին արժանացել են Երեւանի «Ոսկէ ծիրան» միջազգային կինոփառատօնի Սերգէյ Փարաջանովի մրցանակին՝ համաշխարհային կինոյում իրենց ունեցած մեծ վաստակի համար։
Որպէս ռեժիսոր Վիտորիօ Տաւիանիի բեմելը կայացել է 1962 թ.՝ «Մարդը, որին պէտք է ոչնչացնել» ֆիլմով (Un uomo da bruciare)։ Ֆիլմը կինոքննադատների մրցանակն է ստացել Վենետիկի փառատօնում։ Տաւիանի եղբայրները մրցանակների են արժանացել նաեւ այլ միջազգային հեղինակաւոր կինոփառատօններում. «Հայր-տէրը» (Padre padrone, 1977) ստացել է «Ոսկէ արմաւենու ճիւղ», «Սուրբ Լորենցոյի գիշերը» (La notte di San Lorenzo, 1982) եւ «Կեսարը պէտք է մահանայ» ֆիլմերն արժանացել են «Ոսկէ արջի»։