Հա

Մշակոյթ

16/04/2018 - 11:30

Աղթամարի տաճարը նա գլուխգործոց անւանեց ու հեռացաւ. Արշիլ Գորկին երբեք չդադարեց հայ լինել

Եօթանասուն տարի առաջ Արշիլ Գորկին 44 տարեկան էր։ Հիանալի տարիք է, կարելի էր ապրել ու աշխատել, նկարել ու վայելել վաստակւած փառքը, թէկուզ եւ պիտակաւորւած «իզմերով», որոնցից ոչ ոք գաղափար չունէր։ Սակայն նրա կեանքում սեւ շրջան էր սկսւել, չափազանց սեւ ու անտանելի երկար, ու Արշիլը նախընտրեց ինքնասպան լինել։

«alikonline.ir» - Եօթանասուն տարի առաջ Արշիլ Գորկին 44 տարեկան էր։ Հիանալի տարիք է, կարելի էր ապրել ու աշխատել, նկարել ու վայելել վաստակւած փառքը, թէկուզ եւ պիտակաւորւած «իզմերով», որոնցից ոչ ոք գաղափար չունէր։ Սակայն նրա կեանքում սեւ շրջան էր սկսւել, չափազանց սեւ ու անտանելի երկար, ու Արշիլը նախընտրեց ինքնասպան լինել։ Գրում է «Sputnik» Արմենիան:

Ոստանիկ Մանուկ Ադոյեանը 1915 թւականին 11 տարեկան էր, նա ընտանիքի հետ Վանից ռուսական Անդրկովկաս էր փախչել։ Այստեղ չէին սպանում, բայց կեանքը շատ աւելի թեթեւ չէր․ մայրը սովից մահացաւ, իսկ նա բարեկամների օգնութեամբ քրոջ հետ Վրանստանով Կոնստանդնուպոլիս փախաւ, իսկ այնտեղից՝ Ամերիկա։ Նահանգներում, մի քանի տեղափոխութիւնից յետոյ, նրանք բնակւում են շատ աւելի վաղ ովկիանոսից այն կողմ յայտնւած հօր տանը։

Մանկութեան ու վաղ պատանեկութեան իրադարձութիւններն անջնջելի հետք էին թողել Ոստանիկի աշխարհայացքի վրայ. թերեւս չափազանց կպչուն յիշողութիւնները խլացնելու, դրանցից թաքնւելու ենթագիտակցական ցանկութիւն կար։ Ամերիկայում նա շատ շուտ պրոֆեսիոնալ նկարիչ դարձաւ, հաւանաբար, նա նկարներով բուժում էր յիշողութեան մրմռացող վէրքերը։ Այստեղ կեղծանուն ընտրեց, սակայն դժւար թէ «Գորկի» կեղծանունը ոգեշնչւած էր Մաքսիմ Գորկու նորաձեւ լինելու փաստից, ինչպէս ասում են շատ հետազօտողները. նախ Մաքսիմ Գորկին առանձնապէս նորաձեւ, յետոյ էլ՝ ի՞նչ կապ ունի Գորկին...

Այնպէս չէ, որ նա ձգտում էր մոռանալ իր ազգային ծագումը, արմատներից կտրւած ամերիկացի դառնալ, ամենայն հաւանականութեամբ, նա սահմանագիծ էր անցկացրել այն բանի միջեւ, որը եղել էր նախկինում ու ոչ նրա մեղքով, եւ այն բանի, ինչը պէտք է լինէր, ու ինչի տէրը ինքն էր լինելու։ Այն ժամանակ էլ, հիմա էլ հայկական սփիւռքն այդքան էլ չի ողջունում նման դիրքորոշումը, սակայն իր կտաւների վահանից այն կողմն Արշիլին աւելի հեշտ էր։

Նա երբեք չէր դադարում հայ լինել. յիշենք թէկուզ միայն նրա խօսքերը «Մօր դիմանկարի» մասին (նա յիշողութեամբ ու լուսանկարին նայելով էր նկարում). «Մօրս հայկական աչքերը նրանք «պիկասոյական» են անւանում, հայկական տխրութիւնը՝ բիւզանդական ու ռուսական։ Եւ երբ ուղղում եմ նրանց ու ասում՝ ոչ, պարոնայք, սխալւում էք, սրանք հայկական աչքեր են, նրանք տարօրինակ կերպով նայում էին ինձ ու ասում, որ դա «փոքր ազգի շովինիզմի» դրսեւորում է։ Ինչ-ինչ, բայց «շովինիստ» Գորկին երբեք չի եղել։

Արշիլ Գորկին ստիպւած էր ինքնուրոյն իւրացնել ժամանակակից արւեստի միտումները՝ սեփական փորձով ու այն տարիների առաջատար ամերիկացի գեղանկարիչների հետ շփւելով։ Յաջողութիւնը ու հիմաւոր յաջողութիւնը, արագ եկաւ՝ տաղանդի ու աշխատասիրութեան ուղիղ համեմատականութեամբ։ Շուտով նա Նիւ Եօրքում արւեստանոցի սեփականատէր դարձաւ, մասնակցում էր բաւականին մեծ աղմուկ հանած ցուցահանդէսներին: Հետզհետէ դուրս եկաւ իմպրեսիալիստների աաջին պահի մոգական ազդեցութիւնից։

Երեւի, այդ ժամանակ Գորկին սկսեց նկարել այն, ինչը յետոյ կանւանեն քիչ հասկանալի «աբստարկտ սիւռեալիզմ» տերմինով, իսկ Արշիլին կը կոչեն դրա հիմնադիրներից մէկը։ Սակայն նկարիչը «իզմերով» չի չափւում, այդ սահմանումները քննադատական վերլուծութիւնների ու ատենախօսութիւնների համար օժանդակող բառեր են։ Իսկ կեանքը, յատկապէս՝ նկարչի կեանքը, այն էլ՝ այդպիսի նկարչի, գիտական անհամ եզրոյթներից անհամեմատ աւելի հարուստ է։

«Հայրս այգի ունէր, այնտեղ բերք տւող մի քանի խնձորենի կար։ Առանձայատուկ թաքնւած անկիւն էր դա, այնտեղ անհաւանական չափով վայրի ստեպղին էր աճում ու մացառախոզեր էին ապրում։ Նաեւ երկնագոյն գետնաքար կար, որը կիսով չափ սեւահողի մէջ էր խրւած ու տեղ-տեղ պատւած էր մամուռով, որոնք նման էին երկրի վրայ ընկած ամպերի»,- այսպէս էր նա քննադատներին նրանց իսկ խնդրանքով բացատրում իր նկարներից մէկը։ Գրողը տանի, ինչքան աւելի հասկանալի է, քան արհեստական գրքերում ու բառերում գրւածները։

Երեսունականները՝ հետաքրքիր, յագեցած ու յաջողակ, արագ անցան։ Իսկ 1941 թւականին Գորկին Սան Ֆրանցիսկո գնաց. իրեն ու նկարները ցուցահանդէսի էր տանում։ Նրա հետ մեկնեց նաեւ երիտասարդ լրագրող Ագնեսը, ու ամէն ինչ հարսանիքով աւարտւեց։ Ցուցահանդէսն էլ յաջողւեց, երիտասարդ կինն էլ գեղեցիկ էր ու սիրող։

Սեւ շրջանն էր մօտենում, սակայն նա դեռ չգիտէր դրա մասին։ Երբ իմացաւ, արդէն շատ ուշ էր. չափազանց շատ բան նրա ուսերին ընկաւ, չափազանց շատ ու շատ միանգամից։

1946 թւականին Կոննեկտիկուտի արւեստանոցում հրդեհ բռնկւեց. նրա՝ վերջին տարւայ բոլոր աշխատանքներն այրւեցին։ Նա այդ հարւածից ուշքի կը գար, առաջին ու վերջին նկարիչը չէ, որի կտաւները յօշոտում է կրակը, սակայն դրան հետեւեցին ճակատագրի ուրիշ հարւածներ, մէկը միւսից ծանր ու դիպուկ, մէկը միւսից ցաւոտ ու նոյնիսկ մահացու։

Հայրն է մահանում, իսկ նրա մօտ աղիքի քաղցկեղ են յայտնաբերում, վիրահատում են։ Ով գիտի, վիրահատութիւնից յետոյ ինչքան կապրեր, հնարաւոր է համեմատաբար երկար, սակայն նա երկու կտաւ է ստեղծում՝ «Հոգեվարք» ու «Արօրը եւ երգը»՝ ասես յանձնւելով ու արդէն հրաժեշտ տալով։ Երեւի մի բան զգում էր, այդպիսի մարդիկ նախօրօք իրենց մասին գիտեն. նա աւտովթարի է ենթարկւում, ողջ է մնում, սակայն աջ ձեռքը անդամալուծւում է։

Էլ ինչ նկարէր․․․ Հիւանդ՝ ֆիզիկապէս ու հոգեպէս կոտրւած, Գորկին իր մէջ ոտքի կանգնելու ուժ չգտաւ, ու մեղադրելու չէ։ Յետոյ էլի հարւած. կինը լքում է նրան ու երկու երեխաների հետ հեռանում է։ Նա այլեւս չի ապրում իր կեանքը, այն արդէն անհետաքրքիր ու անիմաստ էր. ու ամէն դէպքում, նկարիչը յաղթում է ճակատագրին՝ չթողելով, որ այն մինչեւ վերջ տապալի իրեն։

Դա ամենահեշտն է. պարզապէս կախւել սեփական տան մէջ։

«Ես Ամերիկայում եմ ապրում, բայց ինձ անընդհատ հետ է ձգում, դէպի հարազատ վայրեր։ Ես յիշում եմ իմ երկրի հին յուշարձանները։ Ջերմ քարերը պահպանել են զարմանալի, առեղծւածային բնականութիւնն ու կենդանութիւնը։ Ես ձեռք էի տալիս դրանց ու սիրտս ճմլւում էր։ Երջանիկ եմ, որ ծնւել եմ յուշարձաններով ու արւեստի գործերով լի երկրում։ Աղթամարի տաճարը, օրինակ, իմ մէջ անսահման հիացմունք է առաջացնում։ Մահից առաջ ես այն բոլոր ժամանակների ճարտարապետութեան գլուխգործոց կանւանէի»,- ասաց նա ու գնաց։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։