Հա

Մշակոյթ

17/04/2018

Դանիէլ Վարուժանի կեանքի վերջին ամիսները ներկայացնող «Դանիէլ» ֆիլմը մրցանակի է արժանացել միջազգային փառատօնում

1915 թւականին արեւմտահայ բանաստեղծ Դանիէլ Վարուժանի ձերբակալութեան եւ սպանութեան պատմութիւնը նկարագրող «Դանիէլ» կարճամետրաժ կինոնկարը Բերմուդայի միջազգային կինոփառատօնում յաղթել է «Հանդիսատեսի մրցանակ» եւ «Լաւագոյն ռեժիսոր» անւանակարգերում:

«alikonline.ir» - 1915 թւականին արեւմտահայ բանաստեղծ Դանիէլ Վարուժանի ձերբակալութեան եւ սպանութեան պատմութիւնը նկարագրող «Դանիէլ» կարճամետրաժ կինոնկարը Բերմուդայի միջազգային կինոփառատօնում յաղթել է «Հանդիսատեսի մրցանակ» եւ «Լաւագոյն ռեժիսոր» անւանակարգերում:

Ֆիլմի ստեղծման պատմութեան, դրա իւրայատկութիւնների մասին «Արմէնպրես»-ի թղթակիցը զրուցել է ժապաւէնի ռեժիսոր բրիտանահայ Կարօ Պերպերեանի հետ։ 

«Իմ տատն ու պապը տեսել են Հայոց Ցեղասպանութիւնը, եւ ողջ կեանքում տառապել: Ես միշտ ցանկացել եմ ինչ-որ կերպ անդրադառնալ Եղեռնին` նկարահանելով կինոնկար, որը կը տարբերւի այդ թեմային վերաբերող այլ ֆիլմերից:  Այս  ժապաւէնով ուզում եմ ցոյց տալ պատմութեան մարդասիրական կողմը: Ֆիլմը արտ-հաուս ժանրի է, պատմում է անհատի մասին եւ հիմնւած է փաստերի վրայ: Նպատակս էր այն մատուցել այնպէս, որ իւրաքանչիւր դիտող կարեկցանք զգար հերոսի նկատմամբ»,- ընդգծեց ռեժիսորը:

«Դանիէլ»-ը բաւականին իւրօրինակ կինոժապաւէն է՝ սեւ ու սպիտակ, երկլեզւեայ՝ արեւմտահայերէն եւ անգլերէն՝ հիմնւած Դանիէլ Վարուժանի պոէզիայի վրայ: Բերմուդայի փառատօնի ընթացքում ժիւրիի անդամներն ու արւեստասէրները դիտել եւ ֆիլմի միջոցով հասկացել են ցաւալի իրականութիւնը։

Դանիէլ Վարուժանը մեծ բանաստեղծ էր, կարեկցանքով լի, բարի եւ սիրւած ուսուցիչ։ Իր մարդասիրական ստեղծագործութիւնները լի են սիրով իր երկրի, բնութեան, կնոջ գեղեցկութեան նկատմամբ:

«Դանիէլ Վարուժանը` ֆիլմի հերոսը, մարմնաւորում է ողջ հայ ազգը: Այն, ինչ կատարւել է նրա հետ՝ զրկանքներ, այլ արհաւիրքներ եւ մահ, տեղի է ունեցել նաեւ հայ ժողովրդի` իմ նախնիների հետ: Վարուժանը կապ չունէր քաղաքականութեան հետ, Օսմանեան կայսրութեան համար վտանգ չէր ներկայացնում, բայց դարձաւ այդ ողբերգական իրադարձութիւնների զոհը»,- շեշտեց Պերպերեանը:

Ֆիլմում անդրադարձ կայ նաեւ նրա մեծ սիրուն՝ Արաքսիին: Վարուժանի սպանութեան օրը ծնւել է նրա որդին: «Այդ պահերը արտացոլւած են կինոնկարում, քանի որ ընտանիքը նրա կեանքի կարեւոր մասն էր, եւ մեզ համար էական էր անհատին՝ պարզ, գեղեցիկ մարդուն, հրաշալի ընտանիքի հօրը, ներկայացնել բոլոր կողմերով ու շեշտել, որ չնայած անմեղութեանն ու ազնւութեանը՝ նա նոյնպէս զոհւեց»,- ընդգծեց ռեժիսորը:

Խօսելով ստեղծագործական խմբի առջեւ ծառացած խնդիրների մասին՝ Պերպերեանն ասաց, որ հնարաւոր չի եղել նկարահանումներ իրականացնել Ստամբուլում, որտեղ ապրել եւ ստեղծագործել է Դանիէլ Վարուժանը, ուստի կինոնկարի մեծ մասը նկարւել է Գիւմրիում:

«Ի սկզբանէ մտածում էի աշխատանքներ տանել Պոլիսում, սակայն Ստամբուլում ծանօթացայ յայտնի «Սպի» ֆիլմի թուրք պրոդիւսերի հետ: Այնտեղ հայկական ներկայութեան խոր հետք կայ, քաղաքով շրջելիս՝ զգում ես, որ մենք այնտեղ արմատներ ունենք: Երբ այցելեցի պրոդիւսերի տուն, որը նախկինում հայի տուն է եղել, նա ինձ ներս հրաւիրեց՝ ասելով. «Բարի գալուստ հայկական տուն»: Նա հաւանեց ֆիլմի սցենարն ու գաղափարը, բայց ասաց, որ հնարաւոր է նկարահանումներ իրականացնել միայն շէնքի ներսում: Դրանից դուրս պարզապէս անհնար կը լինի աշխատել, թոյլ չեն տայ, կը ձերբակալեն եւ այլ խոչընդոտների առաջ կը կանգնեցնեն»,- պատմեց Պերպերեանը:

Նա խոստովանեց, որ մեծ հիասթափութիւն է ապրել՝ այդ լսելով: Այնուհետեւ Հայաստան գալով՝ Կարօ Պերպերեանը ծանօթանում է Նարէ Տէր-Գաբրիէլեանի հետ, ով յուշում է ժապաւէնը նկարահանել Հայաստանում եւ հետագայում դառնում է ֆիլմի պրոդիւսերը։ Դժւարանալով հայկական պատմական քաղաքի տեսքը գտնել Երեւանում՝ ուղեւորւում են Հայաստանի մշակութային մայրաքաղաք՝ Գիւմրի:

Ռեժիսորը հիացել է տեղի գեղեցիկ ճարտարապետութեամբ: Ֆիլմի որոշ դրւագներ արւել են քաղաքի կայարանում, Վարուժանի բանտարկութեան տեսարանները նկարահանւել են Յովհաննէս Շիրազի տուն-թանգարանի նկուղում: Կինոնկարում ներգրաււել են Գիւմրու Վ. Աճեմեանի անւան պետական դրամատիկական թատրոնի դերասաններ: Դանիէլ Վարուժանին մարմնաւորել է Տիգրան Գաբոյեանը, ոստիկանապետ Բեդրի Բէյի դերում Սամւէլ Գրիգորեանն է, ֆիլմում նաեւ խաղում է դերասան Վահագն Մարտիրոսեանը։

«Բոլորը հրաշալի արտիստներ են, բարձր պրոֆեսիոնալներ, մեծ սրտի տէր մարդիկ, որոնց շնորհիւ ինձ Գիւմրիում զգում էի ինչպէս իմ ընտանիքում: Նկարահանումներն այնտեղ հինգ օր են տեւել: Նշեմ, որ ֆիլմում կան որոշ հատւածներ, որոնք նկարահանւել են Անգլիայում»,- ասաց նա:

Ինչպէս նշւեց, ֆիլմը երկլեզւեայ բանաստեղծութեամբ է պատմւում, եւ որպէսզի այն մոնոտոն չհնչի, նաեւ արեւմտահայերէնով երկխօսութիւն կայ: «Պէտք էր, որ արեւմտահայերէնը շատ յստակ լինէր, ճիշտ հնչողութեամբ: Այդ իսկ պատճառով Վարուժանի պոէզիան ներկայացրել է արեւմտահայ դերասան Եղիա Աքգունը: Ըստ իս՝ Տիգրանի խաղը եւ նրա ձայնը ներդաշնակ են: Չորս ամիս փնտրում էինք Վարուժանի ձայնը, եւ տխուր էր, որ շատ քչերն են կարող մաքուր, սահուն արեւմտահայերէն ստեղծագործութիւն կարդալ, եւ հրաշալի էր Եղիային գտնելը»,-ասաց նա:

Ֆիլմում անգլերէնով հնչում է նաեւ բրիտանացի գրող Բէն Հոջսոնի պոէզիան, որը կարդում է «Մատանիների տիրակալը», «Գահերի խաղը» ֆիլմերից յայտնի Շոն Բինը:

Կինոժապաւէնում հնչում են Ֆիլիպ Գլասի, Մայքլ Նայմանի (որը մեծ բարեգործական գործունէութիւն էր ծաւալել 1988-ի երկրաշարժից յետոյ) եւ Գիւմրիի սիրելի որդի Տիգրան Համասեանի երաժշտական ստեղծագործութիւնները:

Կինոնկարը դեռ նոր է սկսում իր փառատօնային արշաւը: Կարօ Պերպերեանը պատրաստւում է տարւայ ընթացքում այն ներկայացնել մի շարք կինոփառատօններում, հնարաւորութեան դէպքում կը ցանկանայ նաեւ այն ցուցադրել Երեւանում:

Յարակից լուրեր

  • Մեծ Եղեռնը եւ արւեմտահայ պոէզիան
    Մեծ Եղեռնը եւ արւեմտահայ պոէզիան

    Ռուբէն Սեւակը ծնւել է 1885 թւականի փետրւարի 15-ին՝ Պոլսի արւարձաններից մէկում: 1905 թ. փայլուն կերպով աւարտելով Պոլսի «Բերբերեան» վարժարանը, մեկնում է Շւէյցարիա՝ Լօզան՝ բժշկական գիտութիւններ ուսանելու: 1914 թ. վերադառնում է Պոլիս՝ նպատակ ունենալով զբաղւելու իրեն սիրելի գործով՝ գրական ստեղծագործութիւններով, սակայն վերահաս Առաջին Համաշխարհային պատերազմը՝ ի չիք դարձրեց նրա բոլոր յոյսերն ու ծրագրերը:

  • ՆԱՄԱԿԱՆԻ
    ՆԱՄԱԿԱՆԻ

    Սիրելի ընթերցող, ստորեւ Ձեզ ենք ներկայացնում Թ. Հ. Թ. Հայերէնագիտական երեկոյեան դասընթացների առաջին եւ երկրորդ կուրսի ուսանողուհիներ՝ Մադլէն Գրիգորեանի եւ Ժասմեննա Առաքելեանի գրչին պատկանող նիւթեր եւ միաժամանակ մեծանուն բանաստեղծ Դանիէլ Վարուժանի ստեղծագործութիւնը, որով ուսանողուհին մեծ ակնածանքով աւարտել է իր նիւթը:

  • Կոչ՝ աշխարհի գրողներին եւ մտաւորականներին
    Կոչ՝ աշխարհի գրողներին եւ մտաւորականներին

    Այս տարւայ Ապրիլի 24-ին լրանում է քսաներորդ դարի առաջին ահաւոր ոճրագործութեան՝ Օսմանեան Թուրքիայի կողմից պետականօրէն ծրագրւած եւ իրագործւած, ապա նրա իրաւայաջորդ Թուրքիայի Հանրապետութեան շարունակած Հայոց Ցեղասպանութեան՝ իր պատմական հայրենիքում մի ամբողջ հին ու քաղաքակիրթ ժողովրդի զանգւածային ջարդերի, տեղահանութեան եւ հայրենազրկման 100 տարին:

  • ՆՒԻՐԵԱԼ ԱՆՁԻՆՔ - 26 օգոստոսի 1915. Դանիէլ Վարուժանի եւ Ռուբէն Սեւակի եղերական վախճանը
    ՆՒԻՐԵԱԼ ԱՆՁԻՆՔ - 26 օգոստոսի 1915. Դանիէլ Վարուժանի եւ Ռուբէն Սեւակի եղերական վախճանը

    Հայոց յուշատետրին մէջ օգոստոսի այս օրը պատկերող էջը ահաւոր սեւով պատւած է։ Արիւն եւ սուգ կայ այնտեղ...
    26 օգոստոսի 1915-ին «Ցեղասպան Թուրք»-ը մարմնաւորող ոճրագործներ դաշոյններով մորթոտեցին Հայկեան Հանճարին ճառագայթող մեծութիւններէն երկուքը՝ անզուգական Դանիէլ Վարուժանն ու Ռուբէն Սեւակը։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։