Հա

Մշակոյթ

21/04/2018 - 10:00

Խոջայեանի թաքստոցը. հայկական ընտանիքի պատմութիւնը` թուրքերէն նամակներում

Դետրոյթում բնակւող հայկական ընտանիքն իր տանը նամակների թաքստոց է։ Այդ նամակներով կարելի է վերստեղծել անատոլիական գիւղի եւ նրա հայ բնակիչների կոլորիտը, որոնք մի ժամանակ բարգաւաճել են իրենց պատմական հողում։

«Իմ թանկագին որդի Գարաբեդ». այսպէս է վերնագրւած գիրքը, որում հաւաքւած թուրքական Էֆքեր գիւղից ԱՄՆ ուղարկւած 88 նամակները։

«alikonline.ir» - Դետրոյթում բնակւող հայկական ընտանիքն իր տանը նամակների թաքստոց է։ Այդ նամակներով կարելի է վերստեղծել անատոլիական գիւղի եւ նրա հայ բնակիչների կոլորիտը, որոնք մի ժամանակ բարգաւաճել են իրենց պատմական հողում։

«Իմ թանկագին որդի Գարաբեդ». այսպէս է վերնագրւած գիրքը, որում հաւաքւած թուրքական Էֆքեր գիւղից ԱՄՆ ուղարկւած 88 նամակները։ Այս մասին ըստ «armeniasputnik.am»-ի՝ գրում է թուրքական «Hurriyet Daily News» պարբերականը։

Խոջայեանների ընտանիքը 1912-1919 թթ.-ով թւագրւող նամակները պատահաբար գտել է Դետրոյթում։

«2001թ-ին Գարաբեդ Խոջայեանի ընտանիքն իր տանը գտել է թաքստոց, որում հին նամակներով փոքր տուփ է եղել։ Գարաբեդը մահացել է 25 տարի առաջ, եւ տուփի մասին մոռացել են։ Նամակները հայերէն եւ թուրքերէն են»,- գրում է յօդւածի հեղինակ Արմսթրոնգը։

1890-ականի կէսերին Էֆքերում ծնւած Գարաբեդն Ամերիկա է արտագաղթել Առաջին աշխարհամարտի սկսւելուց մի քանի տարի առաջ։ 1913 թ.-ին նրա յետեւից այնտեղ է մեկնել նրա հայրը` դարբին Յարութիւնը։

Նամակները գրել են նրա ընտանիքի անդամները եւ հարեւանները, որոնք մնացել են Էֆքերում։ Նամակները թարգմանել է Հարւարդի համալսարանի ակադեմիկոս Սուքրու Իլիսակը (H. Şükrü Ilıcak)։

Տքնաջան աշխատանքի արդիւնքը գերազանցել է բոլոր սպասումները. վերծանումը թոյլ է տւել լիովին վերստեղծել անատոլիական գիւղի կոլորիտը, որը պաշտօնապէս արդէն չկայ, ընդգծել է Արմսթրոնգը։

«Ահա նա մեր առջեւ է` հարիւր տարի անց իրար հետ զրուցող բնակիչներով»,- նախաբանում գրում է Գարաբեդի թոռը` Ջոնաթան Վարժապետեանը, որը նաեւ գրքի խմբագիրն է։

Գրքում նամակներից բացի, կան նաեւ ձեռագիր բնօրինակների եւ գիւղի բնակիչների լուսանկարները։

«Այդ ժամանակ Էֆքերում եղել են մօտ 500 հայկական եւ 50 թուրքական տներ։ Դա մի շրջան է եղել, երբ հայերն Անատոլիայի գիւղերից արտագաղթել են Ամերիկա` միաժամանակ սերտ կապեր պահպանելով նրանց հետ, ովքեր մնացել են գիւղում։ Յատկանշական է, որ նամակներում չեն շօշափւում քաղաքական եւ սոցիալական իրադարձութիւններ, որոնք տարիներ շարունակ ցնցել են տարածաշրջանը։ Դրա փոխարէն ուշադրութիւն է դարձւել հարսանիքներին, ծնունդներին, մահերին, հիւանդութիւններին, մթերքի գներին ու գիւղի բամբասանքներին»,- գրում է հեղինակը։

Այնուամենայնիւ, ինչպէս նշում է Արմսթրոնգը, նամակների բովանդակութիւնից երեւում է, որ գիւղն աստիճանաբար ներքաշւել է քաղաքական գործընթացներում։

Ինչ վերաբերում է 1915 թ.-ի Հայոց Ցեղասպանութեան եւ հայերի զանգւածային արտաքսմանը, նամակներում աղոտ ակնարկ են անում այդ իրադարձութիւններին, սակայն նամակագրութիւնը կտրուկ ընդհատւել է 1915 թ.-ի գարնանը։

«Իմ թանկագին որդի Գարաբեդը» միաւորում է նամակները, որոնք ուղարկւել են Գարաբեդին եւ Յարութիւնին 1912-1919 թթ.-ին։ Դրանցից 86-ը գրւել են 1912-1915 թթ.-ին, իսկ վերջին երկուսը` 1919 թ.-ին։ Դրանք կողմնակիօրէն հաղորդում են այն մասին, որ իրենց ամբողջ ընտանիքը սպանւած է, ներառեալ նրանց, ում նամակները մենք կարդացել են մինչեւ հիմա։

Ինչպէս գրում է Արմսթրոնգը, Գարաբեդը եւ Յարութիւնը շարունակել են ապրել Դետրոյթում, իսկ Անատոլիայում մնացած նախկին աշխարհի հետքերն աստիճանաբար վերացել են։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։