Հա

Մշակոյթ

21/04/2018

Հոլիվուդի հայ «հրէշը», կամ ինչպէս Էնդի Սերկիսը վերածւեց Գոլումի

Էնդի Սերկիսի դերասանական աշխատանքները խթան են դարձել կինոարւեստի մասնագէտների եւ իրենց մասնագէտ համարող հանդիսատեսի համար. նրա օրինակով թէժ բանավէճեր ծաւալւեցին այն մասին, թէ որտեղ է աւարտւում դերասանի «կենդանի» խաղն ու սկսում համակարգչային տեխնոլոգիաներին տիրապետելու արւեստը։ Սերկիսը, հաւանաբար, գիտի պատասխանը, սակայն իր գիտելիքներով չի կիսւում։ 

«alikonline.ir» - Էնդի Սերկիսի դերասանական աշխատանքները խթան են դարձել կինոարւեստի մասնագէտների եւ իրենց մասնագէտ համարող հանդիսատեսի համար. նրա օրինակով թէժ բանավէճեր ծաւալւեցին այն մասին, թէ որտեղ է աւարտւում դերասանի «կենդանի» խաղն ու սկսում համակարգչային տեխնոլոգիաներին տիրապետելու արւեստը։ Սերկիսը, հաւանաբար, գիտի պատասխանը, սակայն իր գիտելիքներով չի կիսւում։ Գրում է «Sputnik» Արմենիայի սիւնակագիր Ռուբէն Գիւլմիսարեանը:

Բաղդադից Լոնդոն տեղափոխւելուց առաջ Էնդի Սերկիսի հայրը Սարգսեան ազգանունն էր կրում, հետագայում նա կրճատեց ազգանունը, որպէսզի Բրիտանիայում այն կարողանան հեշտութեամբ արտասանել։ Մայրը` անգլուհի էր, այդ պատճառով էլ որպէս բնակութեան վայր ընտրել էին Լոնդոնը։

Էնդին ծնւեց Լոնդոնում 1964 թւականի ապրիլի 20-ին։ Հայրը բժիշկ էր, դրա համար էլ որոշեց, որ վատ չէր լինի եթէ որդին էլ բժիշկ դառնար։ Որդին կտրականապէս մերժեց, նա ցանկանում էր նկարել եւ նախընտրեց դիզայների եւ թատրոնի ու կինոյի բեմանկարչի մասնագիտութիւնը։ Ամէն ինչ աւարտւեց նրանով, որ նա Լանքասթերի համալսարան ընդունւեց, որտեղ որպէս ֆակուլտատիւ առարկայ ընտրեց թատերական արւեստը` մտադրութիւն ունենալով սկզբում թատերական ներկայացումների եւ ֆիլմերի աֆիշներ նկարել սովորել։

Իսկ երբ մտադրւեց թատերական ֆակուլտետ տեղափոխւել, ամէն ինչ ինքնստինքեան ստացւեց։ Այդ ժամանակւանից նա մօտ վեց տասնեակ դեր մարմնաւորեց կինոյում, թատերական դերերը ստւերում մնացին, դրանց մասին յիշում է միայն Էնդին։ Իսկ համաշխարհային ճանաչում նրան բերեց «Կապիկների մոլորակը» ֆիլմաշարում, եւ իհարկէ, հոբիթների մասին պատմող եռապատման մէջ մարմնաւորած Գոլումի դերը։

«Motion capture»-ը կերպարների եւ օբիեկտների անիմացիայի մեթոդ է, անգլերէնից թարգմանաբար այն նշանակում է «շարժի գրաւում»։ Հէնց այդ մեթոդն է օգտագործւել «Մատանիների տիրակալը» ֆիլմում Գոլումի կերպարի ստեղծման համար։ Նիհարակազմ եւ չափազանց շարժուն Գոլումի դերը մարմնաւորեց Էնդի Սերկիսը։

Ի սկզբանէ մտադիր էին դերասանին հրաւիրել միայն այդ դերը հնչիւնաւորելու համար, չէ՞ որ կերպարը զուտ համակարգչային է։ «Ինձ զանգահարեց գործակալս, եւ ասաց, որ հրաւիրում են ֆիլմում համակարգչային կերպարի հնչիւնաւորել, ինչը երեք շաբաթ պէտք է տեւէր։ Ինձ անհետաքրքիր թւաց դա, ես դերասան եմ, խաղալ եմ ուզում, այդ ֆիլմում տասնեակ հետաքրքիր դերեր պէտք է լինեն։ Սակայն երբ ես ընթերցեցի Թոլքիենի գիրքը, պարզապէս ցնցւած էի։ Չէ՞ որ այն ամբողջ պատմութեան մէջ լաւագոյն կերպարներից մէկն է։ Ես անմիջապէս համաձայնեցի»,- հետագայում պատմել է Էնդին։

Ինչ երեք շաբաթ` նկարահանումների համար 1.5 տարի պահանջւեց, եւ այդ ընթացքում Էնդին ապրեց Նոր Զելանդիայում` մշակելով եւ կերտելով իր Գոլումին, ուսումնասիրելով տեսարանները, ճիշտ շարժումներ եւ ինտոնացիաներ ընտրելով։ Նա այնքան ապշեցրեց ռեժիսորներին եւ մասնագէտներին, որ նրանք լրջօրէն փոխեցին նախնական պլանը` փորձելով Գոլումին առաւելագոյնս դերասանի նման կերտել։

Եւ ով կասի, որ սա ստեղծագործական աշխատանք չէ։ Իւրաքանչիւր օր Սերկիսը յատուկ սարքերով այնպիսի զգեստ էր հագնում, դերասանի մարմնի իւրաքանչիւր շարժմանը հետեւում էր այն ժամանակւայ համար ամենաարդիական համակարգչային ծրագիրը` նրա շարժումները «3D»-մոդելի վերածելով։ Հաւանաբար Գոլումին դժւար էր խաղալ անձամբ առանց որեւէ էլեկտրոնային մոդելաւորման։

Հնչիւնաւորումը եւս բարդ էր։ Ասում են Սերկիսն այդ 1.5 տարւայ ընթացքում մեծ քանակութեամբ մեղրով, լիմոնով եւ կոճապղպեղով պատրաստած խառնուրդ էր խմում, որպէսզի ստանայ կերպարի բացառիկ ձայնը` խռպոտ եւ ցածր եւ կարողանայ պահպանել այն։ Թռչկոտելը, պտտւելը եւ տարբեր հնարքներ անելը եւս հեշտ չէր, եւ Սերկիսից լուրջ մարզական պատրաստւածութիւն էր պահնաջում։

Իսկ երբ ֆիլմն էկրան բարձրացաւ, բոլորը միաձայն ասացին, որ Սերկիսն «Օսկարի» է արժանի։ Կինոակադեմիան, սակայն, բոլորին դէմ դուրս եկաւ` յայտարարելով, որ Գոլումի համար պարգեւատրելը կը հակասէր անւանակարգերի սկզբունքին, դերասանը պէտք է անձամբ էկրանին երեւայ, այլ ոչ թէ համակարգչային գրաֆիկայի պատկերմամբ։

Էնդիին դա չշփոթեցրեց` նա ամէն դէպքում համաշխարհային ճանաչում ձեռք բերեց, իսկ խոշոր մրցանակ ստացաւ 2005 թւականին «Կապիկների մոլորակի լուսաբացը» ֆիլմում Կեսարի կերպարը հնչիւնաւորելու համար։ Նա «BTVA» մրցանակ ստացաւ`, կադրից դուրս հնչող ձայն անւանակարգում։

Այդ ամւնը նրան հարստացրեց, ինչին նա անկասկած արժանի էր։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։