Հա

Մշակոյթ

29/04/2018

Մեծ խռովարարը. յայտնի գեղանկարիչ Մինասը նոյնիսկ ՊԱԿ-ի քթի տակ էր կտաւներ ստեղծում

Մենք անւանի նկարիչ Մինաս Աւետիսեանի ստեղծագործութիւններն աւելի լաւ ենք ճանաչում, քան հէնց նկարչին։ Նա սուր հումորով ու արդարութեան զգացումով մարդ էր։ Հօր մասին պատմում է նրա կրտսեր որդի Նարեկ Աւետիսեանը։

Մինաս Աւետիսեանի երկու որդիներն ու հինգ թոռն էլ փոքր ժամանակ սիրում էին նկարել, սակայն միայն կրտսեր որդին` Նարեկն է լրջօրէն գեղանկարչութեամբ զբաղւում։

«alikonline.ir» - Մենք անւանի նկարիչ Մինաս Աւետիսեանի ստեղծագործութիւններն աւելի լաւ ենք ճանաչում, քան հէնց նկարչին։ Նա սուր հումորով ու արդարութեան զգացումով մարդ էր։ Հօր մասին պատմում է նրա կրտսեր որդի Նարեկ Աւետիսեանը։

Մինաս Աւետիսեանի երկու որդիներն ու հինգ թոռն էլ փոքր ժամանակ սիրում էին նկարել, սակայն միայն կրտսեր որդին` Նարեկն է լրջօրէն գեղանկարչութեամբ զբաղւում։ Եւ փոքր թոռնուհին է դեռ տարւած նկարչութեամբ։ Նարեկի ստեղծագործութեանը «Sputnik»-ը դեռ առանձին կանդրադառնայ։ Այս նիւթում Նարեկ Աւետիսյանը կը ներկայանայ որպէս իր հօր որդի։ Ի դէպ` Նարեկը նրան երբեք հայր չի անւանում, միայն Մինաս։ Գրում է «Sputnik» Արմենիան:

Տղան հինգ տարեկան էր, երբ Մինասը մահացաւ։ Նրա մասին յիշողութիւնները միախառնւել են բազմաթիւ կարծիքների, տպաւորութիւնների ու այլ մարդկանց հիացմունքի հետ։

«Կարծում եմ` եթէ Մինասին հայր անւանեմ, ապա կընդգծեմ, որ նա «իմն» է, ու դրանով կարող եմ վիրաւորել զրուցակցիս։ Մինասը բոլորինն է»,- համոզւած է նկարիչը։ 

Նարեկի ամենավառ յիշողութիւններից է հօր «աննուղակի» նւէրը։ Մի անգամ Միանսը նոր ֆլոմաստերներ էր գնել ու թողել քնած ձեւացնող որդու մահճասեղանի վրայ։ Նկատելով, որ տղան քնած չէ, Մինասը ձեւական տոնով դիմեց կնոջն ու ասաց, որ իր համար շատ թանկարժէք ու որակեալ ֆլոմաստերներ է գնել, որոնցից ոչ ոք չունի, ու նա ամբողջ օրը նկարելու է դրանցով։ Այդ ժամանակ Նարեկը, որն արդէն նկարչութեամբ էր տարւած, լսելով ծնողների խօսակցութիւնն` աննկատելիօրէն վերցրեց ֆլոմաստերներն ու նորից քնած ձեւացաւ` գրկելով թանկարժէք «մրցանակը»։

Մինասը, վերադառնալով սենեակ ու տեսնելով որդու ֆլոմաստերները, նոյն ձեւական տոնով ասաց` «Տես, իրեն է վերցրել ֆլոմաստերները։ Լաւ, թող իրեն լինի»։

Նարեկը գանձի պէս էր պահում ֆլոմաստերներն ու հազւադէպ էր հօրը տալիս։

Հայրենասիրական հայացքներն ու սոցիալիստական ռեալիզմից հրաժարւելու հանգամանքը Մինասին դարձրէլ էին գրեթէ «ժողովրդի թշնամի», իսկ աւելի ճիշտ` կոմունիստական կուսակցութեան։ Կուսակցութիւնը ուշադիր էր Մինասի նկատմամբ ու երբեմն նրա կեանքը դժոխքի էր վերածում։ Երբեմն` ուղղակի իմաստով։

Մի անգամ Նոր տարուն ընտանիքը գիւղ էր գնացել։ 1972 թւականի յունւարի մէկի գիշերը Մինասի վարպետանոցում խոշոր հրդեհ եղաւ, մոտ 300 կտաւ այրւեց։ Հրշէջներն այդպէս էլ չեկան. իբր այդ գիշեր նրանք հարբած էին։

«Ասում են` հրդեհից յետոյ ընկճւած էր, սակայն միեւնոյն է` նոյն մարդն էր մնում: Երբ կուսակցութիւնն առաջարկեց նրան այրւած արւեստանոցի փոխարէն նորը կառուցել, նա պահանջեց որ այն լինի երկյարկ ու բարձր առաստաղով»,- ասում է Նարեկը։

Բարձր առաստաղով նոյն արւեստանոցում այսօր ստեղծագործում է նաեւ Նարեկը։ Այն կառուցել են 1960-ականներին, այն տանը, որտեղ Մարտիրոս Սարեանի խնդրանքով Երեւանի քաղաքապետարանը Մինասին բնակարան էր յատկացրել։ Տունը գտնւում է Նալբանդեան փողոցի վրայ։ Դա նոյնպէս Մինասի համար կատակելու առիթ էր։

«Ինձ յարմար են բնակեցրել` հէնց իրենց քթի տակ»,- ասում էր նա` նկատի ունենալով ՊԱԿ-ին, որը նոյն փողոցի վրայ էր գտնւում։

Հայկական մտաւորականութեան ներկայացուցիչները յաճախ էին հաւաքւում Մինասի մօտ ու տարբեր հարցեր քննարկում։ Յաճախ այդպիսի օրերին Մինասը բարձրացնում էր բաժակն ու ասում. «Փառք կոմունիստական կուսակցութեանը»։ Հիւրերը շփոթութեան մէջ էին ընկնում` «Մինաս, քեզ ի՞նչ եղաւ»։ Իսկ նա ծիծաղում էր, իբթ թող լսեն, հանգստանան, մէկ է գաղտնալսում են իրեն։

Մի անգամ հերթական այդպիսի երեկոյի ժամանակ ծխախոտը բերանին մի տղամարդ մտաւ։ Ոչ ոքի վրայ չնայելով` նա երկրորդ յարկ բարձրացաւ ու սկսեց պատի միջով լարեր անցկացնել։ Իհարկէ, նրան հարցրին` ինչ է անում։ Նա շփոթւեց ու ասաց, որ հարեւաններն են խնդրել իրեն լարեր անցկացնել, նա ուրիշ ոչինչ չգիտի։

«Նրան հանգիստ թողեցին, այդ մարդը տեղադրեց լարերը, սակայն նրա գնալուն պէս Մինասն ու ընկերները հանեցին դրանք։ Մինասը համոզւած էր, որ լարրեը գաղտնալսելու համար էին»,- ասում է Նարեկը։

Մինասի ճակատագիրը ողբերգական էր. 46 տարեկանում անւանի նկարիչն ընկաւ տաքսու տակ ու մահացաւ։ Շատերը կարծում են, որ վթարը ծրագրւած էր, ու Մինասին սպանել են։

«Ես ու եղբայրս հասկանում ենք, որ ամէն ինչ սարքած էր։ Մինասն այն ժամանակւայ ղեկավարների համար աւելորդ ու վտանգաւոր մարդ էր»,- նշում է Նարեկը։

Սակայն նրա մայրը (Մինասի այրին` նկարչուհի Գայանէ Մամաջանեանը, մի քանի ամսից 75 տարեկան կը դառնայ) շատ խաղաղ կին է, ասես այլ աշխարհից լինի։ Նա այդպէս էլ չհաւատաց, որ ինչ-որ մէկը կարող էր սպանել Մինասին, քանի որ նա ոչ ոքի վատութիւն չէր արել, ոչ ոքի չէր խանգարել։ 

«Ուրիշներին խանգարող» խռովարար Մինասն արդէն գրեթէ կէս դար է չկայ։ Ու նա յիշողութեան մէջ է մնացել հէնց իր ըմբոստութեան շնորհիւ` եւ՛ կեանքում, եւ՛ արւեստում, նա այդպէս էլ չընդունեց, որ հայրենիքից աւելի թանկ արժէք կարող է լինել։

Յարակից լուրեր

  • «Վերջերս գիտակցութիւնս լցւել էր հայկական ծիրանների բոյրով»
    «Վերջերս գիտակցութիւնս լցւել էր հայկական ծիրանների բոյրով»

    Այսօր Արշիլ Գորկու՝ Ոստանիկ Ադոյեանի ծննդեան օրն է:

  • ՆՒԻՐԵԱԼՆԵՐ - Էդգար Շահին (1874-1947)
    ՆՒԻՐԵԱԼՆԵՐ - Էդգար Շահին (1874-1947)

    Հոկտեմբերի 31-ին, 142 տարի առաջ, Աւստրիոյ մայրաքաղաք Վիեննայի մէջ, հայկական համեստ ընտանիքի մը յարկին տակ լոյս աշխարհ եկաւ ի վերուստ տաղանդով օժտւած հայ մանուկ մը, որ Էդգար Շահին անունով եւ հայ մշակոյթէն ներշնչւած իր արւեստով՝ կոչւած էր դառնալու գծագրական ու փորագրական գեղանկարչութեան աշխարհահռչակ վարպետ մը:

  • ՆՒԻՐԵԱԼՆԵՐ - Գէորգ Բաշինջաղեան (1857-1925)
    ՆՒԻՐԵԱԼՆԵՐ - Գէորգ Բաշինջաղեան (1857-1925)

    Հոկտեմբերի 4-ին ոգեկոչեցինք մահւան տարելիցը հայկական բնանկարչութեան մեծատաղանդ վարպետին՝ Գէորգ Բաշինջաղեանի:
    Հայաստանի բնական գեղեցկութիւնը՝ Արարատ լեռան վեհութիւնը, Սեւանայ լիճին խաղաղութիւնը եւ յաւերժական Անի քաղաքին շքեղութիւնը դժւար թէ այս աստիճան խորութեամբ դրոշմւած ըլլային հայ մարդու էութեան մէջ, եթէ կերպ ու գոյն, լոյս եւ շունչ ստացած չըլլային հայ մեծանուն նկարիչի բարձրարւեստ վրձինին տակ:

  • ՆՒԻՐԵԱԼՆԵՐ - Եղիշէ Թադէոսեան (1870-1936)
    ՆՒԻՐԵԱԼՆԵՐ - Եղիշէ Թադէոսեան (1870-1936)

    12 սեպտեմբերին նշեցինք ծնունդը հայ ժողովուրդի տաղանդաւոր արւեստագէտներէն Եղիշէ Թադէոսեանի, որ խորապէս արտայայտչական իր կտաւներով՝ տպաւորապաշտ ինքնուրոյն դէմք մը կը հանդիսանայ հայկական գեղանկարչութեան մէջ։
    Նոյնինքն մեծն Մարտիրոս Սարեանի վկայութեամբ՝ Եղիշէ Թադէոսեան «ստեղծեց իր հրաշալի էտիւդները, որոնց մէջ արւեստի իսկական գոհարներ կան։

  • Մանրանկարչութիւն
    Մանրանկարչութիւն

    Երբ խօսում ենք ձեռագիր Աւետարաններից, շատերս միանգամից յիշում ենք դրանք զարդարող շքեղ մանրանկարները: Մեր օրերում դժւար է պատկերացնել գրիչ կամ ծաղկող մասնագէտների, ովքեր գրում էին ձեռագիր Աւետարանը եւ նկարազարդում այն: Գրերի գիւտից յետոյ՝ 5-րդ դարից սկսած, սրանք ամենապահանջւած մասնագիտութիւններն էին, որոնք աստիճանաբար վերացան տպագրութեան գիւտի ի յայտ գալով, երբ արդէն ձեռագիր գրքերի անհրաժեշտութիւն չկար:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։