Հա

Մշակոյթ

17/05/2018

Տոլմայի աւանդական եւ նոր տեսակները կը ներկայացւեն ամենամեայ փառատօնին

Հայկական տոլմայի տարատեսակները մոռացութիւնից վեր հանելու, դրա պատմութիւնը հանրութեանը ներկայացնելու, տոլման թրքացումից զերծ պահելու նպատակով մայիսի 20-ին Դւինի միջնաբերդի հնավայրի մօտ գտնւող Հնաբերդի համայնքում տեղի կունենայ տոլմայի ամենամեայ փառատօնը: 

«alikonline.ir» - Հայկական տոլմայի տարատեսակները մոռացութիւնից վեր հանելու, դրա պատմութիւնը հանրութեանը ներկայացնելու, տոլման թրքացումից զերծ պահելու նպատակով մայիսի 20-ին Դւինի միջնաբերդի հնավայրի մօտ գտնւող Հնաբերդի համայնքում տեղի կունենայ տոլմայի ամենամեայ փառատօնը: Այս մասին մայիսի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը խօսեցին փառատօնի կազմակերպիչներն ու աջակիցները:

«Սա այն միջոցառումներից է, որն էապէս նպաստում է զբօսաշրջութեան ոլորտում պետական քաղաքականութեան մի շարք խնդիրների լուծմանը: Այն է բազմազանեցնել, դիւերսիֆիկացնել հայկական զբօսաշրջային արդիւնքը: Այն հրաշալի հնարաւորութիւն է տալիս Երեւանից զբօսաշրջութիւնը դէպի ՀՀ մարզեր եւ յատկապէս գիւղական բնակավայրեր ուղղելու համար: Նպաստում է Հայաստանում տեղական աւանդոյթների պահպանմանը, զարգացմանը եւ համաշխարհային ներքին շուկայում խթանմանը»,- «Արմէնպրես»-ի հաղորդմամբ` նշեց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարութեան զբօսաշրջութեան պետական կոմիտէի նախագահի տեղակալ Մեխակ Ապրեսեանը:

Նրա խօսքով` նմանատիպ միջոցառումները հզօր գործիք են դարձել Հայաստանի եւ հայկական զբօսաշրջային արդիւնքի համաշխարհային շուկայում ներկայացնելու համար: Բազմաթիւ լրագրողներ Տոլմայի փառատօնին գալիս են Հայաստան եւ լուսաբանում այն առանց նախնական պատւէրի:

Հայաստանի զբօսաշրջութեան զարգացման հիմնադրամի գործադիր-տնօրէն Արա Խզմալեանն ասաց, որ տոլմայի, գինու եւ նման այլ փառատօները լուրջ քաղաքական կշիռ ունեն: «Ցանկանում ենք, որ գործարար միջավայրը շատ աւելի մեծ թափով ընդգրկւի այդ միջոցառումներում, քանի որ դրանց միջոցով մենք լուծում ենք երկրի ճանաչելիութեան բարձրացման, համայնքների տնտեսական ակտիւացման եւ այլ խնդիրներ»,-շեշտեց Խզմալեանը:

Նա յաւելեց, որ իրենց կոմիտէն պիտի տեսագրի փառատօնի ընթացքը, պիտի ստեղծւի տեսաբազա եւ նախատեսւում է տարւայ կտրւածքով թեմատիկ տեսահոլովակների նկարահանում, որոնք լայն թւային տիրոյթով կոմիտէն կը տարածի եւ կընդգրկի գովազդատեղեկատւական քաղաքականութեան մէջ:

Հայ խոհարարութեան աւանդոյթների զարգացման եւ պահպանման Հ/Կ նախագահ Սեդրակ Մամուլեանն ընդգծեց, որ միջոցառումն ութերորդ անգամ է իրականացւում, եւ իրենք կանեն հնարաւորը այն աւելի բարձր մակարդակով կեանքի կոչելու համար: Անդրադառնալով տոլմայի պատրաստման տարբեր եղանակներին` Մամուլեանն ասաց, որ խոհանոցը որպէս լայն մշակութային տարատեսակ հնագոյն երեւոյթ է, բայց պէտք է ժամանակին համընթաց քայլի: «Հնի վրայ նորը կառուցելը մեր նպատակն է: Տոլմայի վերականգնւած շատ տեսակներ կան. նախկինում խաղողի տերեւի մեջ ծեծւած մսով եւ բլղուրով է պատրաստւել տոլման: Այս բաղադրատոմսը պահպանւել է Սիւնիքի մարզում, Վանայ տարբերակում այն լցօնւում է դդումի ծաղիկների մէջ, Ալաշկերտում տոլման պատրաստւում է կանեփով»,- պատմեց Մամուլեանը:

Փառատօնը բաղկացած է երկու մասից` մրցութային եւ գեղարւեստական: Առաջին մասին մասնակցում են ՀՀ յայտնի ռեստորանները, անհատ խոհարարները եւ տարածաշրջանային սննդի կէտերը: Երկրորդ մասին մասնակցում են բոլոր ներկաները, քանի որ այն երգ ու պարով ուղեկցւող տոլմայի համտեսման արարողութիւն է:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։