Հա

Մշակոյթ

20/05/2018 - 08:00

Երեւանի Մատենադարանը համալրւեց 27 արժէքաւոր ձեռագրերով

Համազգային հայ կրթական եւ մշակութային միութիւնը Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անւան Մատենադարանին նւիրաբերեց 14-20-րդ դարերի 27 արժէքաւոր ձեռագրեր: Դրանց թւում են Ծիսական գրքեր, ժողովածուներ, Սաղմոսարան, Գանձարան, Աւետարան: 

«alikonline.ir» - Համազգային հայ կրթական եւ մշակութային միութիւնը Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անւան Մատենադարանին նւիրաբերեց 14-20-րդ դարերի 27 արժէքաւոր ձեռագրեր: Դրանց թւում են Ծիսական գրքեր, ժողովածուներ, Սաղմոսարան, Գանձարան, Աւետարան: «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ յանձնման արարողութիւնը կայացաւ մայիսի 17-ին:

«Հանրապետութեան 100-ամեակը լաւագոյն առիթն էր, որ այս ձեռագրերը գային իրենց «նստավայր»՝ Մատենադարան: Ձեռագրերը մինչ այժմ պահպանւել են Բէյրութի Նշան Փալանճեան ճեմարանում: Ամէն ձեռագիր իր պատմութիւնն ունի: Սրանք հայ մտքի եւ արւեստի լաւագոյն նմուշներն են: Մատենադարանին յանձնած այդ գրքերն ունեն 600 տարւայ կենսագրութիւն՝ 14-րդ դարից մինչեւ 20-րդ դար: Դրանք արձանագրում են մեր ծիսակատարութիւններն ու կանոնակարգերը, աւանդութիւններն ու դաւանանքը»,- ասաց Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան ներկայացուցիչ Մկրտիչ Մկրտչեանն ու յաւելեց, որ Մատենադարանը ցուցանմուշների ներկայացման սովորական վայր չէ: Այստեղ հայութեան ազգային գանձարանը ոչ միայն պահպանւում, այլ նաեւ ուսումնասիրւում է:

Մատենադարանի գլխաւոր աւանդապահ Գէորգ Տէր-Վարդանեանի խօսքով՝ այս նւիրատւութիւնն առանձնանում է նրանով, որ բոլոր ձեռագրերը զուտ հայերէն են եւ առաւելապէս միջնադարեան ձեռագրերի արժէքաւոր նմուշներ: «Ստացել ենք 27 ձեռագիր եւ 1 փոքրիկ ձեռագրացուցակ: Հնագոյն ձեռագիրը 1430 թւականին Աղթամարում Թովմա գրչի ձեռքով գրւած մանրուսմունքն է՝ Կացրդարանը: Թէկուզ այն վնասւած է, բայց բարեբախտաբար գլխաւոր Հիշատակարանն ամբողջապէս պահպանւած է: Հիշատակարանի որեւէ տեղեկութիւն մինչ այժմ գիտական գրականութեան մէջ օգտագործւած չի եղել: Տեղեկութիւնները թէ պատմական են, թէ ազգային խնդիրներին վերաբերող»,- ասաց նա:

Ժամանակագրօրէն երկրորդը 1489 թւականի Սարգիս Շնորհալու «Մեկնութիւն Կաթողիկա թղթոց» երկի հսկայածաւալ ձեռագիրն է, այնուհետեւ՝ 15-րդ դարի Գանձարանը, 1574 թւականի մի Աւետարան, 1663 թւականի Սաղմոսարան, 17-րդ դարի երեք ձեռագրեր եւ այլն: Ձեռագրերը տարբեր տեղերից են հասել Բէյրութ: Որոշ դէպքերում առանձին մտաւորականներ են եղել նւիրողները: Դրանք ուսումնասիրւած չեն: Գէորգ Տէր-Վարդանեանի կարծիքով՝ լուրջ ուսումնասիրութեան կարիք ունեն: Ապահովութեան համար դրանք ախտահանել են, իսկ վերականգնման աշխատանքներն ըստ անհրաժեշտութեան անպայման կարւեն առաջիկայում:

Տնօրէն Վահան Տէր-Ղեւոնդեանի փաստմամբ՝ Մատենադարանը վերջին 60-70 տարիների ընթացքում իր ձեռագրական ժառանգութիւնը եռապատկել եւ քառապատկել է: Եւ այս ամէնը նւիրատուների, բարերարների, ազգային կազմակերպութիւնների շնորհիւ: Ձեռագրահաւաքին մասնակցել են բազմաթիւ մեր հայրենակիցներ՝ աշխարհի տարբեր անկիւններից: Եւ դրանք կենտրոնացրել են ամենաապահով վայրում՝ Մատենադարանում: Այստեղ այդ ձեռագրերը շատ ապահով ձեւով պահւում են, ըստ անհրաժեշտութեան խնամւում եւ վերականգնում: Բացի այդ, դրանք ուսումնասիրում են լաւագոյն մասնագէտները: Տէր-Ղեւոնդեանն այս նւիրատւութիւնը որակեց վերջին 15 տարիների ամենամեծ միանւագ նւիրատւութիւնը: Վստահեցրեց՝ դրանք իրենց պատւաւոր տեղն են գտնելու Մատենադարանի հարուստ ժառանգութեան մեջ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։