Հա

Մշակոյթ

11/06/2018

Քրիստոնէական Հայաստանի իսլամական սիրտը. ինչո՞վ է յայտնի Երեւանի Կապոյտ մզկիթը

Աշխարհում առաջինը քրիստոնէութիւնն ընդունած Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնում է գտնւում Կապոյտ մզկիթը։ Այն կառուցւել է 250 տարի առաջ:

«alikonline.ir» - Երեւանի կենտրոնական, թերեւս, ամենաաղմկոտ ու ամենամարդաշատ պողոտաներից մէկում կարելի է տեսնել հետաքրքիր դարպասներ՝ կապտաերկնագոյն նախշազարդերով։ Ներս մտնելուն պէս, քեզ շրջապատող աշխարհը միանգամից փոխւում է․վազւզոցին փոխարինում է հանգստութիւն ու խաղաղութիւնը, մեքենաների աղմուկի փոխարէն գալիս է լռութիւնը, որը հազւադէպ խախտում է յուզւած ծիտիկի ծլւլոցը, իսկ տապին փոխարինում է բալենու փրկող ստւերը։ «Sputnik » Արմենիայում գրում է Լիլիթ Յարութիւնեանը:

Թւում է՝ Կապոյտ մզկիթն ու դրան կից շէնքն ու այգին առանձին աշխարհ է, որը թաքնւել է քաղաքի սրտում։ Այն ապրում է իր առանձին կեանքով, որի ալարկոտ ու դանդաղ ընթացքը չի համընկնում մայրաքաղաքի արագընթաց ռիթմի հետ։ Մեսրոպ Մաշտոցի պողոտայով արագ քայլող զբօսաշրջիկներն այստեղ յայտնւելով` միանգամից թուլանում են, դանդաղ ուսումնասիրում են սրահները՝ Իրանի մայրաքաղաք Սպահանից բերւած դեկորատիւ-կիրառական արւեստի նմուշներով լի։

Պարսկական մզկիթը Երեւանում կառուցել է Հուսէյն-Ալի խանը 1766 թւականին։ Եօթ հազար քառակուսի մետր տարածք զբաղեցնող համալիրն իր մէջ ներառում է ներքին բակը, արարողական կառոյցը, գմբեթն ու մինարեթը։

Երկու լեհ զբօսաշրջիկ պատմում են, որ նրանց շատ է հետաքրքրել Հայաստանի պէս հին քրիստոնէական երկրում գտնւող մուսուլմանական յուշարձանը։ Նրանք դեռ չեն եղել ոչ մի մուսուլմանական երկրում, նախատեսում են Իրան գնալ։

Այգով զբօսնում էին մայրն ու դուստրը` Կալինինգրադից։ Հարցին՝ ինչու են նրանք Կապոյտ մզկիթ այցելել, մայրը պատասխանում է.

«Առաջին անգամ ենք Երեւանում, այդ պատճառով ուզում ենք տեսնել Երեւանի բոլոր տեսարժան վայրերը։ Այստեղ շատ գեղեցիկ է, յատկապէս հաւանեցի մայոլիկան»։

Կանայք ու տղամարդիկ առանձին են աղօթում, ընդ որում՝ կնոջ ձեռքերն ու ոտքերը պէտք է փակ լինեն, իսկ գլուխը պէտք է ծածկւած լինի գլխաշորով։

Շուտով նկատում եմ, որ Կապոյտ մզկիթը տեսնելու են եկել «The Aurora Prize» ամենամեայ միջազգային մարդասիրական մրցանակաբաշխութեան որոշ մասնակիցները, նրանց շարքում է մրցանակի առաջին դափնեկիր Մարգարետ Բարանկիցէն։ Նա մէկ րոպէ է գտնում ու խօսում է իր տպաւորութիւնների մասին։

«Այս մզկիթը վկայում է այն մասին, որ երկրում ներդաշնակութիւն է տիրում, ներդաշնակութիւն ժողովուրդների միջեւ։ Այն ընդգծում է այն տարբերութիւնը, որն իրականում մեր հարստութիւնն է։ Իհարկէ, տպաւորւած եմ, քանի որ մարդիկ գալիս են այլ կրօնի յուշարձանը տեսնելու»,- ասաց նա։

Աւելի ուշ համալիրի անվտանգութեան աշխատակիցները ինձ ծանօթացնում են Մարիամի հետ։ Մարիամն այստեղի գրադարանում է աշխատում, նա նաեւ զբօսաշրջիկներին պատմում է մզկիթի մասին։ Նա իրանցի է։

«Արդէն կէս տարի է Երեւանում եմ ապրում, դրամաշնորհ եմ ստացել ու հիմա ԵՊՀ-ի ասպիրանտուրայում եմ սովորում։ Յատուկ աշխատանք չէի փնտրում, բայց երբ նախորդ գրադարանավարուհին թոշակի անցաւ, դասախօսս ինձ խորհուրդ տւեց։ Մարիամը գրական հայերէնով է  խօսում՝ թույլ ակցենտով։ Շատ մարդ չի գալիս գրադարան, այդ պատճառով զբօսնում եմ զբօսաշրջիկների հետ,  պատասխանում եմ նրանց հարցերին։

Աղջկայ խօսքով՝ ամենից շատ ռուսաստանցի, ֆրանսիացի ու լիտւացի զբօսաշրջիկներն են գալիս։

«Նրանք հարցնում են շէնքի ճարտարապետական ոճի մասին, դասընթացների, միջոցառումների մասին, որոնք այստեղ տեղի են ունենում, քանի որ Կապոյտ մզկիթը ոչ միայն կրօնական, այլեւ մշակութակրթական կենտրոն է։ Իրանցիներն այստեղ հայերէն են սովորում, հայերը՝ պարսկերէն»,- պատմում է աղջիկը։

Վերջերս ուսանողներն աւելացել են, այդ հարցում մեծ դեր ունի հայ-իրանական առեւտրային յարաբերութիւնների զարգացումը։

Որպէս կրօնական մզկիթ են այցելում այստեղի իրանցիները, իսկ իրանցի զբօսաշրջիկները գալիս են հիմնականում տօների՝ Նովրուիզի, Ռամադանի, Շաբ-Է-Եալդայի ժամանակ։

«Որպէս կանոն իրանցի այցելուները նախընտրում են տեղի տեսարժան վայրերն այցելել։ Իսկ մզկիթներ մեր երկրում էլ շատ կան»,-ժպիտով ասում է մեր զրուցակիցը։

Մարիամը խոստովանում է, որ հետաքրքրւել է հայերէնով Պարոյր Սեւակի մի քանի թարգմանութիւն կարդալուց յետոյ։

«Դրանցում այնքան նոր մտքեր, գաղափարներ կան։ Դա լրիւ նոր բան է, որը տարբերւում էր այն ամենից, ինչը տեսել եմ պարսկական գրականութեան մէջ։ Այն ժամանակ բուհում էինք սովորում, որոշեցի բնօրինակով կարդալ բանաստեղծութիւնները։ Կարծում էի՝ մի քանի ամսում կը կարողանամ այնքան սովորել լեզուն, որ կարդամ դրանք։ Երբ սկսեցի հայերէն ուսումնասիրել, չկարողացայ կանգ առնել։ Հիմա Սեւակն ու Չարենցն իմ սիրելի բանաստեղծներից են»,- ասում է աղջիկը։

Ի դէպ՝ Կապոյտ մզկիթը հէնց Չարենցի շնորհիւ է մինչ մեր օրերը պահպանւել։ Խորհրդային տարիներին, երբ Հայաստանում քանդում էին պարսկական կառոյցները, յայտնի բանաստեղծն առաջարկել է այն թանգարանի վերածել։ Այսպէս` այն դարձել է Երեւանի պատմութեան ու բնագիտութեան թանգարան։

«Այո, մենք շատ շնորհակալ ենք նրան դրա համար»,- ժպիտով ասում է Մարիամը։

Յիշեցնենք, որ Հայաստանը մտադիր է Կապոյտ մզկիթը ներառել ԻՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգութեան օբիեկտների նախնական ցուցակում։

Յարակից լուրեր

  • Միքայէլ Մանուկեանը՝ ՀՅԴ քաղաքապետի թեկնածու
    Միքայէլ Մանուկեանը՝ ՀՅԴ քաղաքապետի թեկնածու

    Երեւանի աւագանու՝ սեպտեմբերի 23-ին նախատեսւած արտահերթ ընտրութիւններին ՀՅԴ համամասնական ցուցակը կը գլխաւորի ՀՀ ԲՆ Անտառային կոմիտէի նախագահ Միքայէլ Մանուկեանը։ Լուրը «yerkir.am»-ի հետ զրոյցում հաստատեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսէն Համբարձումեանը:

  • Երեւանը կը մասնակցի հնագոյն քաղաքների միջազգային ֆորումին
    Երեւանը կը մասնակցի հնագոյն քաղաքների միջազգային ֆորումին

    2018 թ. օգոստոսի 12-18-ը Ռեազանում կը կայանայ հնագոյն քաղաքների միջազգային ֆորումը, որը կը միաւորի 500 տաւայ եւ աւել պատմութիւն ունեցող քաղաքները:

  • ՔՊ-ն որոշեց. Հայկ Մարութեանը՝ Երեւանի քաղաքապետի թեկնածու
    ՔՊ-ն որոշեց. Հայկ Մարութեանը՝ Երեւանի քաղաքապետի թեկնածու

    Երէկ՝ յուլիսի 29-ին կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան վարչութեան նիստ, որի ընթացքում կուսակցութեան ղեկավար կազմը որոշել է Երեւանի քաղաքապետի իր թեկնածուին:

  • Երեւանի աւագանու արտահերթ ընտրութիւնները՝ օգոստոսի 16-26-ը
    Երեւանի աւագանու արտահերթ ընտրութիւնները՝ օգոստոսի 16-26-ը

    Այսօր՝ յուլիսի 16-ին  Երեւանի աւագանու արտահերթ նիստում պէտք է ընտրէին Երեւանի քաղաքապետ, սակայն քւորում չկար: 

    «Երկիր ծիրանի» կուսակցութեան ղեկավար Զարուհի Փոստանջեանը լրագրողների հետ զրոյցում նշեց, որ իրենք գնում են արտահերթ լուծումների: 

  • Երեւանի նոր քաղաքապետ չի ընտրւի. «Ելք»-ի սցենարը
    Երեւանի նոր քաղաքապետ չի ընտրւի. «Ելք»-ի սցենարը

    Երեւանի նոր քաղաքապետ չի ընտրւի, կանցկացւեն Երեւանի աւագանու նոր ընտրութիւններ: Տարօն Մարգարեանի հրաժարականից յետոյ իրադարձութիւնների հնարաւոր զարգացման այսպիսի կանխատեսում արեց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցութեան պատգամաւոր, Երեւանի աւագանու նախկին անդամ Ալէն Սիմոնեանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։