Հա

Մշակոյթ

11/06/2018 - 10:10

Հեղնար աղբիւրը` բոլորի համար. վարպետ Մկրտիչի խանդը մարել է, աղբիւրը`վերականգնւել

Վերականգնւել է մօտ կէս դար առաջ էկրան բարձրացած «Հայֆիլմ»-ի լաւագոյն ֆիլմերից մէկի՝ «Հեղնար աղբիւրի» կախարդական աղբիւրը:

«alikonline.ir» - Վերականգնւել է մօտ կէս դար առաջ էկրան բարձրացած «Հայֆիլմ»-ի լաւագոյն ֆիլմերից մէկի՝ «Հեղնար աղբիւրի» կախարդական աղբիւրը: Տեղեկացնում է «armeniasputnik.am»-ը:

Ֆիլմի էկրան բարձրանալուց 47 տարի անց, հէնց այն նոյն տարածքում, որտեղ տեղի էին ունեցել աղբիւրի տեսարանների նկարահանումները, տեղի ունեցաւ աղբիւրի բացման արարողութիւնը: Ներկայ էին բազմաթիւ հիւրեր ինչպէս ՌԴ-ից, այնպէս էլ Հայաստանի տարբեր մարզերից, ֆիլմում նկարահանւած դերասաններ, նկարահանման խմբի անդամներ։

ՀՀ վաստակաւոր արտիստ, ֆիլմի կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանեանը, ֆիլմի օպերատոր Լեւոն Աթոյեանցը, ՀՀ ժողովրդական արտիստ Յակոբ Ազիզեանը՝ Երանոսի դերակատարը, եւ Հեղնարի դերակատարուհի Իւլիա Ռուստամեանը տարածք եկան ֆայտոնով՝ այնպէս ինչպէս ֆիլմում վարպետները: Միջոցառմանը ներկայ էր նաեւ Սօս Սարգսեանի դուստրը` Անուշ Սարգսեանը. Սօս Սարգսեանը ֆիլմի գլխաւոր հերոս վարպետ Մկրտիչին է մարմնաւորել:

Աղբիւրը վերականգնւել է մոսկւայաբնակ գործարար Արթուր Գալստեանի միջոցներով եւ Համլետ Գէորգեանի եւ գիւղի բնակիչների մասնակցութեամբ: Սակայն, եթէ ֆիլմի նկարահանման ժամանակ աղբիւրը դեկորատիւ բնոյթ էր կրում, հիմա այն մանրակրկիտ վերականգնւած լիարժէք խաչքար-աղբիւր է:

«Հեղնար աղբիւր» ֆիլմը էկրանաւորւել է «Հայֆիլմ»-ում ՝ տաղանդաշատ ռեժիսոր Արման Մանարեանի հետաքրքիր լուծումներով: 1971-ին էկրան բարձրացած ֆիլմն ամբողջովին տարբերւում էր նախորդներից. սիւժէն այդ ժամանակի համար համարձակ էր, որոշ տեսարաններ՝ անսովոր: Մկրտիչ Արմէնի վիպակի՝ «Հեղնար աղբիւրի» հիմքում ընկած է մի պատմութիւն, ըստ որի աղբիւրներ կառուցող վարպետի երիտասարդ կինը՝ Հեղնարը, սիրահարւում է ուրիշ տղամարդու: Ֆիլմի գործողութիւնները կատարւում են անցեալ դարում, հայկական ավանդապահ քաղաքում: Հեղնարի մահւանից յետոյ վարպետը կնոջ յիշատակին աղբիւր է կառուցում, որի ջուրը հոսում է միայն իր համար: Աղբիւրի վրայ գրւում է. «Ամեն կնիկ իրան մարդու ախպուրն է, ուրիշ մարդ չի կըրնա խմե էդ ջրեն»։

Ի դէպ, ֆիլմն իր համարձակ սիւժէի համար որոշ ժամանակ արգելւած է եղել: «Այդ ժամանակ չգիտէինք, որ ֆիլմից կէս դար անց էլ դեռ այսպէս կը սիրեն այս ֆիլմը, չնայած նկարահանման ժամանակ էլ հաւատում էինք, որ շատ լաւ ֆիլմ է լինելու: Երկար տարիներ ֆիլմն արգելւած էր՝ կոլխոզի նախագահի փոխարէն, այլ բաների մասին էր պատմում»,- «Sputnik» Արմենիային պատմեց օպերատոր Լեւոն Աթոյեանցը՝ փաստելով վերականգնւած աղբիւրը ոչ միայն ֆիլմի յիշատակի, այլ ողջ «Հայֆիլմ»-ի լաւագոյն տարիներ յիշատակն է՝ իսկական ֆիլմի յուշարձանը:

Երկար տարիներ Փարիզում բնակւող Հեղնարի դերակատարուհին՝ Իւլիա Ռուստամեանը, նշում է՝ անհաւատալի է`նկարահանումներից 48 տարի անց կրկին յայտնւել այնտեղ, ուր տեղի են ունեցել նկարահանումներ ու տեսնել նրանց, ում հետ աշխատել ես: «Երբ ինձ առաջին անգամ հրաւիրեցին այստեղ նկարահանման, շատ ուրախացայ՝ հայ եմ ու արմատներով այստեղից՝ հայրս Լենինականում է ծնւել, այնպէս որ զգացմունքներս շատ խորն էին: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ում ջանքերի շնորհիւ վերականգնւեց աղբիւրը, եւ մեզ եւս մէկ հնարաւորութիւն տրւեց հանդիպելու: Սա սիրոյ, հայրենիքի ու արհեստաւորի մասին ամենագեղեցիկ ֆիլմերից է»,- նշեց Իւլիա Ռուստամեանը՝ անկեղծանալով այդ ժամանակ մօտ 20 տարեկան էր ու մի անգամ նկարահանումներից առաջ գործընկերների խնդրանքով մեքենայ վարեց, ինչի համար արժանացաւ նկատողութեան՝ ֆիլմի տնօրէնից:

Ֆիլմի կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանեանը նախ գինով ներկայ ընկերների հետ խմում է բացակայ ընկերների կենացը, ապա խմում աղբիւրի ջրից ասելով՝ «Տարիներ անց վերջապէս կարողացայ աղբիւրի ջուրը խմել»:

Ֆիլմի նկարահանող խմբի անդամներն, թէեւ այդպէս էլ չբացայայտեցին աղբիւրի գաղտնիքը՝ թէ ինչպէս են ստացել տեսարանը, որ միայն վարպետ Մկրտիչի մօտենալով էր ջուրը հոսել, այսօր արդէն բոլորը հասկացան աղբիւրը սարքող վարպետի հնարքը՝ պէտք է հպւել ծորակին՝ ծարաւը յագեցնելու համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։