Հա

Մշակոյթ

Երկուշաբթի, 18 Յունիսի 2018 13:30

«Ժողովրդական բառարան». օգտաշատ մի գրքի մասին

Գարնան սկզբին, մայարաքաղաքի գրախանութների ցուցափեղկերում յայտնւեց օգտաշատ մի գիրք, որը կոչւում է «Ժողովրդական բառարան»:

Գարնան սկզբին, մայարաքաղաքի գրախանութների ցուցափեղկերում յայտնւեց օգտաշատ մի գիրք, որը կոչւում է «Ժողովրդական բառարան»:

«Ժողովրդական բառարան»-ը ամերիկացի լեզւաբան Ռիչարդ Ալէն Սփիրսի՝ «NTC's dictionary of American slang and colloquial expressions» բառարանի պարսկերէն թարգմանութիւնն է, որը հրատարկւել է «Փայամ Էմրուզ» հրատարակչութեան կողմից:

Գիրքը պարսկերէնի են թարգմանել Իրանում թարգմանութեան չորրորդ սերնդի ամենավառ ներկայացուցիչներից Բաբաք Մոհաղեղն ու Մասուդ Ղասեմիանը, Արաշ Քալանթարիի համագործակցութեամբ:

Գիրքն իր մէջ պարունակում է ամերիկեան անգլերէնում՝ «American English»-ում առօրեայ օգտագործման բառապաշարը: Աւելի ստոյգ՝ ժողովրդական, կամ ինչպէս ընդունւած է ասել փողոցային այն ժարգոնը (Slang), որն այսօր տարածւած է ԱՄՆ-ում:

Ժարգոնային բառերը հիմնականում խօսակցային բնոյթ ունեն եւ հասկանալի են այն խաւերի ու խմբերի համար, որոնք գաղտնիութեան կամ այլ նպատակով ստեղծել ու գործածում են դրանք։

Հասարակութեան մօտ, աւանդաբար կայ արմատաւորւած այն տեսակէտը, որ Ժարգոնները հիմնականում օգտագործւում են այսպէս կոչւած գողական, նոյն ինքը՝ յանցագործ աշխարհի կողմից, սակայն փաստ է, որ այն լայն տարածում ունի հասարակութեան ամենատարբեր խաւերի ու մասնագիտութիւնների՝ վարորդների, զինւորականների, բժիշկների, երիտասարդների, ուսանողների ... մօտ:

Հէնց այս հանգամանքն էլ կարեւորում է ժարգոնն ու ժարգոնաբանութիւնը: Այդ կապակցութեամբ, ինձ հետ զրոյցում, գրքի թարգմանիչների հետ աշխատակցած Արաշ Քալանթարին ասաց. «Մերօրեայ լեզուն հիմնականում ծնւում է փողոցում, շարքային՝ սովորական քաղաքացիների առօրեաում, նրանց կենցաղային խօսակցութիւններում: Իսկ յետոյ, աստիճանաբար, աճում, զարգանում, յղկւում, սրբագրւում ու խմբագրւում է՝ վերածւելով գրական լեզւի: Սա մերօրեայ լեզւի եւ լեզւաբանութեան գլխաւոր յատկանիշերից մէկն է»:

Ըստ նրա՝ հէնց այս հանգամանքից էլ պէտք է դիտարկել եւ կարեւորել Ռիչարդ Ալէն Սփիրսի խիստ օգտաշատ աշխատութիւնը, որը մեր առջեւ բացում է ամերիկեան անգլերէնում տարածում գտած բառերի եւ բառակապակցութիւնների ամբողջովին մի նոր աշխարհ:

Խօսելով գրքի գլխաւոր առանձնայատկութեան մասին, որն այն դարձրել է վերջին տարիների ամենատարածում գտած բառարաններից մէկը, Արաշ Քալանթարին ասաց, որ հեղինակը փորձել է դրանում ներառել ամերիկեան հասարակութեան ամենատարբեր խաւերի եւ մասնագիտութիւնների ժարգոնները՝ չբաւարարւելով մէկ խմբագրութեամբ: Գրքի առաջին՝ 1997 թւականի հրատարակութիւնից յետոյ, հեղինակն այն 4 անգամ վերախմբագրել ու թարմացրել է, ներառելով նոր բառեր:

Իսկ ինչ վերաբերում է բառարանի պարսկերէն տարբերակին, ապա անզէն աչքն ու ոչ մասնագիտական հայեացքն անգամ բաւարարում է հասկանալու համար, թէ ինչ բարեխիղճ եւ մասնագիտական աշխատանք է կատարել դրա համաթարգմանիչ եռեակը:

Թարգմանիչները փորձել են յստակ տարանջատել իւրաքանչիւր բառի կամ բառակապակցութեան իմաստային տարբերակները՝ դրանք դասակարգելով ըստ օգտագործման առաջնահերթութեան եւ տարածման:

Ամենակարեւորը. իւրաքանչիւր բառի կամ բառակապակցութեան համար ներկայացրել են դրա պարսկերէն տարածում գտած հոմանիշը, այլ ոչ թէ միտք-բացատրութիւնը:

Սա կարեւոր է յատկապէս թարգմանչական աշխատանքում: Այն օգնում է թարգմանիչներին ընտրել բնագրում օգտագործւած ժարգոնին համապատասխան պարսկերէն հոմանիշը, որպէսզի հնարաւոր լինի խոյս տալ յաճախ հանդիպող այնպիսի թարգմանութիւններից, որոնք անհասկանալի եւ անընկալելի են ընթերցողի համար:

«Հոմանիշը նման է աղիւսի սալիկի: Թարգմանիչը գտնում է սալիկը, սակայն պէտք է կարողանայ այն ճիշտ տեղադրել պատի աղիւսաշարւածքում:

Բառարանները յաճախ տրամադրում են միայն սալիկը, սակայն չեն օգնում թարգմանչին այն ճիշտ տեղադրել պատում՝ թարգմանւող տեքստում:

Մենք փորձել ենք լրացնել այդ բացը, թարգմանչին օգնել ճիշտ շարել պատը, ճիշտ օգտագործել հոմանիշը»,- նշեց զրուցակիցս:

Բացի այդ, թարգմանչական խումբը փորձել է աշխատել նոյն սկզբունքով, ինչը կիրառել է գրքի հեղինակն այն խմբագրելիս. «Բոլորը գիտեն, որ ժարգոնային բառապաշարն ստեղծւում է միանգամից եւ որպէս օրէնք ունենում է այսպէս կոչւած «թիթեռնիկի»՝ կարճ կեանք: Հէնց այդ հանգամանքն էլ հաշւի առնելով, մինչ վերջին պահը, երբ գիրքը յանձնւում էր տպագրութեան, փորձել ենք հարստացնել այն նոր բառ-բառակապակցութիւններով»,- ասաց Արաշ Քալանթարին:

Գիրքն իր տեսակում իւրայատուկ աշխատութիւն է, որը կարող է հետաքրքրել բոլոր նրանց, ովքեր այսպէս թէ այնպէս առնչւում են թարգմանութեան գործի եւ թարգմանական գրականութեան հետ:

Իսկ շարքային ընթերցողին այն հնարաւորութիւն է ընձեռում ընկալել խօսակցային լեզւի երբեմն անհասկանալի աշխարհը, որին յաճախ հանդիպում է յատկապէս կինոներում՝ չհասկանալով դրա բուն իմաստը:

Նիւթը՝ Ա.Շ.-ի

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ