Հա

Մշակոյթ

23/06/2018

Վաշինգտոնում մօտ 2 շաբաթ կը թեւածի հայկական շունչը. Հայաստանն առաջին անգամ կը մասնակցի «Ֆոլքլայֆ» փառատօնին

ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում յունիսի 27-ին մեկնարկելու է Սմիթսոնեան հաստատութեան կողմից անցկացւող «Ֆոլքլայֆ» փառատօնը, որին առաջին անգամ մասնակցում է Հայաստանը: Երկու շաբաթ տեւող փառատօնի ընթացքում թեւածելու է հայկական շունչը: Միջոցառման հանդիսաւոր բացմանը ներկայ է լինելու ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանը:

«alikonline.ir» - ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում յունիսի 27-ին մեկնարկելու է Սմիթսոնեան հաստատութեան կողմից անցկացւող «Ֆոլքլայֆ» փառատօնը, որին առաջին անգամ մասնակցում է Հայաստանը: Երկու շաբաթ տեւող փառատօնի ընթացքում թեւածելու է հայկական շունչը: Միջոցառման հանդիսաւոր բացմանը ներկայ է լինելու ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանը: Նա յունիսի 26-ին կը մեկնի ԱՄՆ՝ Վաշինգտոն, մասնակցելու Միացեալ Նահանգների գիտահետազօտական եւ մշակութային կենտրոններից մէկի` Սմիթսոնեան ինստիտուտի ամենամեայ «Ազգային կեանք» փառատօնին:

«Արմէնպրես»-ի հետ զրոյցում ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ազգագրագէտ, «Ֆոլքլայֆ» փառատօնին Հայաստանի մասնակցութեան գործընթացը համակարգող Լեւոն Աբրահամեանը նշեց, որ նախագահի մասնակցութեամբ ընդգծւում է փառատօնին Հայաստանի մասնակցութեան կարեւորութիւնը:

Սմիթսոնեան հաստատութիւնը 50 տարի կազմակերպում է այս փառատօնը: Այս տարի արդէն 51-րդն է, որին առաջին անգամ մասնակցելու է նաեւ Կատալոնիան: Կատալոնիայից նույնպէս մասնակցելու է բարձրագոյն ղեկավարութիւնը:

««Ֆոլքլայֆ»-ը սովորական ցուցահանդէսային փառատօն չէ, այն կենդանի ձեւով ներկայացնում է տւեալ երկրի կենցաղավարման կեանքը, արհեստը, խոհանոցը եւ այլն: Ամէն տարի լինում է տարբեր ուղղւածութիւն ու թեմատիկա: Այս տարի գլխաւոր հերոսը վարպետն է, ում միջոցով ցոյց է տրւելու այսօրւայ արհեստը, աւանդոյթները, խոհանոցը՝ կապը պահելով անցեալի հետ: Գաղափարն այն է, թէ ինչպէս են այդ արհեստները պահպանւել ու փոխանցւել սերունդներին»,- ասաց Լեւոն Աբրահամեանը:

Փառատօնի ծրագիրը յստակ է, այն յագեցած է բազմաթիւ բաղադրիչներով ու միջոցառումներով: Ծրագրի հիմքում հետեւեալ միտքն է՝ բնութիւնից դէպի տուն: Փառատօնի շրջանակում ներկայացւելու է խաչքարագործութիւնը, կաւագործութիւնը, փայտագործութիւնը, գորգագործութիւնը: Եւ այդ ամէնը պարզապէս չի ներկայացւելու: Խաչքարագործն ամբողջ ընթացքում ցոյց է տալու իր աշխատանքը, հէնց տեղում վարպետն աւարտելու է խաչքարը: Լեւոն Աբրահամեանը տեղեկացրեց, որ նախատեսել են խաչքարի օծման արարողութիւն:

Տեղում աշխատելու են դարբինները՝ ցոյց տալով այս արհեստի հետաքրքիր կողմերը: Քարագործներից, դարբիններից հետ չեն մնալու գորգագործները: Նրանք էլ տեղում գործելու են մի քանի տեսակի գորգեր: Նախատեսւում է իրականացնել բրդից մինչեւ կարպետ ծրագիր՝ ցոյց տալով այդ ամբողջ ընթացքը:

Յաջորդ ուղղութիւնն ասեղնագործութիւնն է, որը ներկայացւելու է սիրիահայերի միջոցով:  Լեւոն Աբրահամեանն ընդգծեց, որ փառատօնն ինտերակտիւ բնոյթ ունի, այդ ամբողջ ծրագրերին ընդգրկւում են այցելուները, տեսնում, թէ ինչպէս է պատրաստւում այս կամ այն իրը, ունենում են իրենց մասնակցութիւնը:

«Փառատօնին հայաստանեան մասնակցութեան ծրագրի կարեւոր բաղադրիչներից  է խոհանոցը: Ջանք ու եռանդ չենք խնայել հայկական խոհանոցի լաւագոյն ուտեստները պատշաճ ներկայացնելու գործում: Նախ` տեղում լինելու է թոնիր: Հացթուխներն այդ ամբողջ ընթացքում ցոյց են տալու լաւաշ թխելու գործընթացը եւ թխելուց յետոյ հիւրասիրելու են այցելուներին: Ներկայացւելու է փախլաւա, թել պանիր, տոլմա, չորացրած մրգեր, քաղցր սուջուխ, Հայաստանի բերքն ու բարիքն, անուշահամ գինին»,- ասաց ազգագրագէտը:

Լեւոն Աբրահամեանը տեղեկացրեց, որ ստեղծելու են նաեւ քարանձաւային միջավայր, որտեղ երեխաները մասնակցելու են պեղումների: Արդիւնքում՝ երեխաները գտնելու են Հայաստանում յայտնաբերւած ամենահին կօշիկի յուշանւէրային տարբերակը: Լեւոն Աբրահամեանը նշեց, որ գործի են դրել նաեւ տեխնոլոգիական լուծումները:

Այս ամբողջ միջոցառումներն ուղեկցւելու են հայկական երգ ու պարով: Ի դէպ, Լեւոն Աբրահամեանը նշեց, որ ոչ միայն կատալոնացիների հետ շուրջ պար են բռնելու, այլեւ փառատօնի ընթացքում այցելուներին հայկական պարեր են սովորեցնելու:

Փառատօնը տեւելու է մինչեւ յուլիսի 8-ը: Յուլիսի 4-ն ԱՄՆ-ի անկախութեան օրն է, եւ սովորաբար Վաշինգտոն գալիս է մեծ թւով այցելու: Հաշւարկները ցոյց են տալիս, որ այս փառատօնը միջինում ունենում է 500 հազար այցելու:

«Գալիս են ընտանիքներով, երեխաներով: Զբօսաշրջութեան, Հայաստանը ճանաչելի դարձնելու տեսանկիւնից շատ կարեւոր միջոցառում է, այն լուրջ խթան կը լինի այդ ոլորտի զարգացմանը»,- յաւելեց Լեւոն Աբրահամեանը: Փառատօնի աւարտը նախատեսւած է յուլիսի 8-ին, եւ քանի որ այս տարի Վարդավառը նշւում է այդ օրը, հետեւաբար եզրափակիչ ակորդը կը լինի միմեանց վրայ ջուր ցողելը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։