Հա

Մշակոյթ

02/07/2018 - 13:10

Իրանահայ երիտասարդը՝ «Էլէնի օրագրի» աւարտի մասին. «Երկրորդ եթերաշրջանին երկրպագուներից առաւել հէնց դերասաններն են սպասում»

Աւարտւեց «Շանթ» հեռուստաընկերութեան «Էլէնի օրագիրը» հեռուստասերիալը: Այս նախագիծը մեծ յաջողութիւն բերեց դերասանական կազմից շատերին:

«alikonline.ir» - Աւարտւեց «Շանթ» հեռուստաընկերութեան «Էլէնի օրագիրը» հեռուստասերիալը: Այս նախագիծը մեծ յաջողութիւն բերեց դերասանական կազմից շատերին: «Life.panorama.am»-ը հեռուստասերիալի աւարտի, իր կերպարի, ինչպէս նաեւ «Էլէնի օրագրի»՝ հնարաւոր երկրորդ եթերաշրջանի մասին զրուցել է դերասան իրանահայ Սիսիան Սեփանեանի հետ, ով այս սերիալում մարմնաւորում էր գլխաւոր հերոսներից մէկին՝ Լեւոնին:

Սիսիանը խոստովանեց՝ տխրում է, որ նախագիծն արդէն պատմութիւն է:

«Այս մէկ տարւայ ընթացքում շատ էի կապւել կերպարիս՝ Լեւոնի հետ, եւ հիմա տխրում եմ, որ բաժանւել եմ նրանից: Տխրում եմ, որ իմ եւ Դաւիթ Յակոբեանի աշխատանքն աւարտւեց. Շատ կը կարօտեմ մեր համատեղ տեսարանները: Միաժամանակ՝ ուրախ եմ, որ մեր հայկական սերիալային դաշտում յայտնւեց այնպիսի նախագիծ, որը գերեց գրեթէ բոլորին. «Էլէնի օրագիրը» սիրում էին թէ՛ փոքրերը, թէ՛ երիտասարդները եւ թէ՛ մեծերը, քանի որ այստեղ չկար կրիմինալ, չկար սպանութիւն, կար դպրոցական շատ պարզ ու հասարակ սէր, ծնող եւ երեխայ յարաբերութիւն, դասընկերների միջեւ կապ: Կարծում եմ՝ հայկական սերիալային արտադրութեան մէջ նման երկրորդ նախագիծ չկայ»,- ընդգծեց նա:

Ամփոփելով «Էլէնի օրագրում» իր կատարած աշխատանքը՝ Սիսիանը նշեց.

«Այս հեռուստասերիալում ես գտայ նոր ընկերներ, փորձառութիւն ձեռք բերեցի, ինչպէս նաեւ առիթ ընձեռնւեց մէկ անգամ եւս աշխատել պրն. Յակոբեանի հետ, որի համար շատ-շատ ուրախ եմ: Նաեւ հնարաւորութիւն ունեցայ ինձ փորձել 16 տարեկանի դերում:  Ասեմ, որ նկարահանման առաջին իսկ օրից ամէն ինչ արել եմ, որ կերպարս հաւաստի լինի, որպէսզի կարողանամ փոխանցել 15-16 տարեկանի հոգեբանութիւնը, քայլերի դրդապատճառները: Սա իմ ամենակարեւոր խնդիրն էր, որը փորձել եմ անել մինչեւ վերջին նկարահանման օրը»:

Սիսիանը նկատեց նաեւ, որ այս նախագծի շնորհիւ մտերմացել է Միկա Խափլանեանի հետ:

«Էդգար Իգիթեանի հետ վաղուց էինք մտերիմ, իսկ Միկան, ում կերպարը՝ Զօրին, մտերմացաւ Լեւոնի հետ, իրական կեանքում եւս իմ լաւ ընկերը դարձաւ»,- յաւելեց իրանահայ երիտասարդ դերասանը:

«Էլէնի օրագիրը» մեծ տարածում գտաւ յատկապէս պատանիների շրջանում, այդ իսկ պատճառով վերջին նկարահանմանը ներկայ գտնւած երկրպագուները պարզապէս «պահանջել» են երկրորդ եթերաշրջան նկարահանել: Հարցին, «Էլէնի օրագիրը» շարունակութիւն կունենայ, թէ ոչ, Սիսիանը պատասխանեց.

«Երկրորդ եթերաշրջանին երկրպագուներից առաւել հէնց դերասաններն են սպասում: Ինքս շատ կը ցանկանամ կրկին Լեւոնի կերպարը խաղալ, տեսնել, թէ ինչ է լինում նրա եւ նրա ընկերների հետ: Բայց կը լինի՞, թէ՞ ոչ երկրորդ եթերաշրջան, ինքս չգիտեմ: Այդ ամէնը քննարկումների փուլում է»:

Անդրադառնալով, թէ դերասանն ինչ ծրագրեր ունի առաջիկայում, պատասխանեց.

«Մայիսին խաղացի «Կալիգուլա» ներկայացման մէջ, հիմա կրկին զբաղւած եմ այդ ներկայացման փորձերով, որը սեպտեմբերին նորից կը խաղանք»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։