Հա

Մշակոյթ

08/07/2018 - 15:10

Ուժեղ կնոջ կերպարն Անահիտ Աբադի ֆիլմում. 17 տարւայ խմորումների արդիւնք «Եւա»-ն

Երիտասարդ կին, ով ամուսնու ողբերգական մահից յետոյ փախչում է վերջինիս ծնողներից իր դստեր հետ եւ ապաստանում է Արցախի մի գիւղում: Հայաստանի եւ Իրանի համատեղ արտադրած ռեժիսոր Անահիտ Աբադի «Եւա» ֆիլմի հերոսուհին ուժեղ հայ կին է, ով անցնում է բազում դժւարութիւնների միջով: Կինոնկարը Երեւանեան 15-րդ «Ոսկէ ծիրան» միջազգային կինոփառատօնի «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրում է:

 

«alikonline.ir» - Երիտասարդ կին, ով ամուսնու ողբերգական մահից յետոյ փախչում է վերջինիս ծնողներից իր դստեր հետ եւ ապաստանում է Արցախի մի գիւղում: Հայաստանի եւ Իրանի համատեղ արտադրած ռեժիսոր Անահիտ Աբադի «Եւա» ֆիլմի հերոսուհին ուժեղ հայ կին է, ով անցնում է բազում դժւարութիւնների միջով: Կինոնկարը Երեւանեան 15-րդ «Ոսկէ ծիրան» միջազգային կինոփառատօնի «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրում է:

«Շնորհաւորում եմ բոլորիս «Ոսկէ ծիրան»-ի 15-ամեակի առթիւ: Ցանկացած երկրի համար նւաճում եւ յաղթանակ է ունենալ նման փառատօն: «Եւա»-ն շատ միջազգային փառատօների է մասնակցել, բայց ուրախ եմ, որ նաեւ այս փառատօնին կը ներկայացւի»,- «Արմէնպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց ռեժիսոր Անահիտ Աբադը: Նրա խօսքով՝ «Եւա»-ն 17 տարւայ խմորման արդիւնք է: Երբ Աբադն առաջին անգամ եղել է Արցախում, այցելել է Դադիվանք: Այնտեղ էլ մի քանի ժամում պատմութիւնը ստացել է իր նախնական ձեւակերպումը: Յետոյ Աբադը որոշել է նկարել այս կինոնկարը:

Նշենք, որ Ադրբեջանի բողոքների պատճառով Ստամբուլի միջազգային կինոփառատօնում «Եւա» ֆիլմի ցուցադրութիւնն արգելւել էր: «Ստամբուլում ֆիլմը չի ցուցադրւել, մրցութային բաժնում էր, բայց վերջին օրը Թուրքիայի ազգային անվտանգութեան ուժերը արգելափակել են ֆիլմի ցուցադրութիւնը: Ցաւում եմ, իրօք կը ցանկանամ, որ ֆիլմը ցուցադրւի Թուրքիայում»,- նշեց Անահիտ Աբադը: Նա նաեւ շեշտեց, որ ֆիլմը շուտով կը ցուցադրւի Իրանի կինոթատրոններում:

Ֆիլմի գլխաւոր դերակատար Նարինէ Գրիգորեանի խօսքով՝ իր մարմնաւորած կերպարը՝ Եւան անընդհատ շատ մեծ դժւարութիւնների միջով էր անցնում: «Եւ նա այդ ամէնը այնքան պինդ, արժանապատւութեամբ էր տանում: Եւան ինձ սովորեցրեց ամէն դժւարութիւն արժանապատիւ ձեւով յաղթահարել»,- նշեց Նարինէ Գրիգորեանը:

Ի դէպ, Հայկական ազգային կինոկադեմիան Ամերիկեան կինոակադեմիայի «Օսկար» ամենամեայ մրցանակաբաշխութեան «Լաւագոյն օտարալեզու ֆիլմ» անւանակարգի համար այս տարի հայկական կողմից ներկայացրել էր Աբադի «Եւա» ֆիլմը: Նարինէ Գրիգորեանը  տեղեկացրեց, որ Հայաստանից մարդիկ են եղել, ովքեր «Օսկար»-ի կազմկոմիտէ նամակներ են ուղարկել բողոքելով, թէ ֆիլմը չի կարող ներկայացնել Հայաստանը: Դերասանուհին վստահ է՝ պէտք է արմատախիլ անել նման երեւոյթները:

 

Անահիտ Աբադը ծնւել է 1968-ին, Թեհրանում, հայ ընտանիքում։ Արժանացել է կինոռեժիսուրայի բակալաւրի աստիճանի: Իր գործունէութեան ընթացքում նա աշխատել է որպէս ռեժիսորի առաջին օգնական եւ ծրագրող Իրանի պրոֆեսիոնալ կինոյի բազմաթիւ նախագծերում: Համագործակցել է այնպիսի յայտնի հեղինակների հետ, ինչպիսիք են Ալիռեզա Դաւուդ Նեժադը, Աբուլֆազլ Ջալիլին, Ռասուլ Սադամելին, Ահմադ Ռեզա Դարւիշը, Վարուժ Քարիմ-Մասիհին, Բահրամ Բէյզային եւ այլք: 2006 թւականից Իրանի կինոյի ինստիտուտի ռեժիսորի օգնականների եւ ծրագրողների կենտրոնական խորհրդի անդամ է: 2010 թ. դարձել է այս ինստիտուտի ղեկավարը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։