Print this page
Շաբաթ, 14 Յուլիսի 2018 10:50

Ամերիկահայ ռեժիսորը Հայոց Ցեղասպանութեանը վերաբորող ֆիլմ կը նկարահանի Հայաստանում

Ամերիկահայ ռեժիսոր Ռոբերտ Դերանեանը մտադիր է 1915 թւականի Հայոց Ցեղասպանութեան մասին ֆիլմ նկարահանել Հայաստանում: Նա ցանկանում է կինոժապաւէնում ներգրաւել ինչպէս արտասահմանցի, այնպէս էլ հայ դերասանների:

«alikonline.ir» - Ամերիկահայ ռեժիսոր Ռոբերտ Դերանեանը մտադիր է 1915 թւականի Հայոց Ցեղասպանութեան մասին ֆիլմ նկարահանել Հայաստանում: Նա ցանկանում է կինոժապաւէնում ներգրաւել ինչպէս արտասահմանցի, այնպէս էլ հայ դերասանների:

Այս եւ «Ոսկէ ծիրան» կինոփառատօնին մասնակցութեան մասին «Արմէնպրես»-ի թղթակիցը զրուցել է Դերանեանի հետ:

«Ձգտում եմ պատմական-վաւերագրական կողմից ներկայացնել Հայոց Ցեղասպանութիւնը: Կինոնկարը հիմնւած կը լինի մի յուշագրութեան վրայ:  Ինձ հետ Հայաստան կը բերեմ ստեղծագործող եւ նկարահանող անձնակազմին, բայց ցանականում եմ ֆիլմում ընդգրկել նաեւ հայ դերասանների»,- ասաց նա:

Ռեժիսորի խօսքով` կը ստեղծեն գիւղի պատկեր, որտեղ տեղի ունեցող գործողութիւնները ցոյց կը տան, թէ ինչ է կատարւել 1915-ին: Ուզում եմ` մարդկանց լայն շրջանակն իմանայ այդ պատմական իրողութեան մասին»,- ընդգծեց նա:

Անդրադառնալով այս տարի «Ոսկէ ծիրան» կինոփառատօնին մասնակցութեանը` Դերանեանն ասաց, որ առաջին անգամ է փառատօնի մաս կազմում, բայց նախկինում բազմիցս եղել է Հայաստանում:

«Այն ֆիլմը` «Տաբուն»-ն, որն այս տարի ներկայացրել եմ կինոփառատօնի հայկական համայնապատկեր բաժնում, շատ նման է Ռոմէոյի եւ Ջուլիետի պատմութեանը: Թեման Հայաստանն ու Թուրքիան են: Փորձել եմ աւելի թարմ եւ երկու տեսանկիւնից ներկայացնել 1915-ին կատարւած իրադարձութիւնները, դրանց ազդեցութիւնը ներկայիս սերնդի վրայ: Կինոժապաւէնում ամերիկահայ ուսանողը սիրահարւում է թուրք ուսանողուհուն: Աղջիկը, ի տարբերութիւն տղայի, աղոտ պատկերացում ունի կատարւած դէպքերի մասին»,- ներկայացրեց Դերանեանը:

Ռեժիսորը նշեց, որ կինոնկարը ցուցադրւել է Կալիֆորնիայում եւ Ֆլորիդայում: «Չեմ կարող ասել հանդիսատեսի շարքերում եղե՞լ են թուրքեր, թէ ոչ, բայց հայ արւեստասէրներն այն շատ են հաւանել:

Այս պատմութեան մէջ չի ժխտւում Հայոց Ցեղասպանութեան իրողութիւնը: Խնդիրը հետեւեալն է. այնպէս ասել ու պատմել դրա մասին, որ դիմացինը կարողանայ ընկալել դա: Ֆիլմում չեմ ասում թուրք աղջիկն ի վերջոյ հասկանու՞մ է՝ ինչ է կատարւել, թէ ոչ:

Կարծում եմ, որ արդար եւ ազատամիտ թուրքերն ի վերջոյ կընդունեն եղելութիւնը»,-եզրափակեց ռեժիսորը:

Ռոբերտ Դերանեանը  կինոարւեստ է դասաւանդում Կայզէր համալսարանի Ֆլագշիփ ուսանողական աւանում: Որպէս սցենարի հեղինակ, ռեժիսոր եւ պրոդիւսեր նշանակալի փորձ ունի թէ՛ գեղարւեստական, թէ՛ վաւերագրական կինոյում (կարճամետրաժ, լիամետրաժ, կորպորատիւ): Գիտական աստիճան ունի «արհեստական ինտելեկտ եւ պլազմային ֆիզիկա» մասնագիտացմամբ: Ի սպաս դնելով գիտութեան եւ ճարտարագիտութեան ասպարէզների իր գիտելիքները՝ նկարահանում է ֆիլմեր, որոնք թէ՛ լուսաբանող են, թէ՛ ժամանցային: Դերանեանը նաեւ մոնտաժող է, ինչպէս եւ շատ այլ դերեր է ստանձնել նկարահանման հրապարակում եւ դրանից դուրս, ներառեալ բիւջէի, պլանաւորման, նկարահանման տարածքի կազմակերպման, նկարչական ձեւաւորման ոլորտներում՝ արտաէայտելով ֆիլմ ստեղծելու իր եռանդն ու կիրքը:

Նրա ֆիլմերն են` «Եզակիութեան սկզբունքը», «Երաժշտութիւն առ խենթութիւն. Կոմիտասի պատմութիւնը», «Երկրորդ օրէնքը»:

Related items

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ