Հա

Մշակոյթ

14/07/2018

Անւանի հայազգի ֆիզիկոս Իւրի Յովհաննիսեանին նւիրւած մարւեց 500 յատուկ ծրար

Անւանի հայազգի ֆիզիկոս, ֆիզմաթ գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր, ՌԳԱ ակադեմիկոս Իւրի Յովհաննիսեանին նւիրւած ծրարները հայաստանցիների՝ նրա հանդէպ ունեցած յարգանքի նւազագոյն արտայայտութիւնն են:

«alikonline.ir» - Անւանի հայազգի ֆիզիկոս, ֆիզմաթ գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր, ՌԳԱ ակադեմիկոս Իւրի Յովհաննիսեանին նւիրւած ծրարները հայաստանցիների՝ նրա հանդէպ ունեցած յարգանքի նւազագոյն արտայայտութիւնն են: «Արմէնպրես»-ի հաղորդմամբ` ծրարների մարման արարողութիւնը կայացաւ յուլիսի 13-ին «ՀայՓոստ»-ում՝ Յովհաննիսեանի անմիջական մասնակցութեամբ:

Ծրարի վրայ պատկերւած է Մենդելիեւի պարբերական աղիւսակը համալրող նոր՝ 118-րդ քիմիական տարրը, որը 2006-ին յայտնաբերել է Իւրի Յովհաննիսեանը: 2016-ին այն անւանւել է «oganesson» (Og)՝ հայ մեծ գիտնականի պատւին: Յատուկ ծրարի վրայ փակցւած է 2017 թ-ին «ՀայՓոստ»-ի կողմից շրջանառութեան մէջ դրւած՝ Իւրի Յովհաննիսեան թեմային նւիրւած նամականիշը: 

«Սա ինձ համար իսկապէս մեծ պատիւ է: Այդ նկարը կարելի է գտնել ոչ միայն փոստում, այլ նաեւ թերթերում, ակադեմիայում, երկրից դուրս՝ Ամերիկայում, Ֆրանսիայում: Դա տարածւել է»,- ասաց Իւրի Յովհաննիսեանը:

Ծրարի մարման արարողութիւնը կատարեցին ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Յակոբեանը «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ի գլխաւոր տնօրէն Խուան Պաբլօ Գեչիջեանը, Ֆիլատելիստների միութեան նախագահ Յովիկ Մուսայէլեանը եւ անւանի ֆիզիկոս Իւրի Յովհաննիսեանը:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Յակոբեանի կարծիքով՝ ցանկացած ազգի համար մեծ պատիւ է հնարաւորութիւն ունենալ պարծենալու այնպիսի մի անհատականութեամբ, ինչպիսին Իւրի Յովհաննիսեանն է: «Այսօրւայ նամականիշի մարումը նրա հանդէպ ունեցած մեր յարգանքի նւազագոյն արտայայտութիւնն է: Դրանով փորձում ենք մեծարել մարդու, ով մեծ յայտնագործութիւն է կատարել»,- ասաց նախարարը:

Ծրարը իւրայատուկ ֆիլատելիստական արտադրանք՝ թեմատիկ ծրար է, որը մարւում է յատուկ դրոշմակնիքով: Յատուկ ծրարը պատրաստւել է 500 հատ տպաքանակով: Ծրարի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Վահագն Մկրտչեանը:

Յովհաննիսեանը նոր տարրերի (104-108 ատոմային կարգահամարով) արհեստական սինթեզի բնագաւառում կատարւած 11 յայտնագործութիւնների համահեղինակ է։ Նրա պատւին է անւանւել Մենդելիեւի պարբերական համակարգի 118-րդ տարրը՝ «oganesson» (Og): Օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հրամանով անւանի ֆիզիկոսին տրւել է ՀՀ քաղաքացիութիւն:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։