Հա

Մշակոյթ

15/07/2018 - 10:50

Ասղար Ֆարհադին ու Անահիտ Աբադի «Եւա»-ն «Ոսկէ ծիրան»-ի մրցանակակիրներ

«Ոսկէ ծիրան» 15-րդ միջազգային փառատօնի ժիւրին յայտարարեց այս տարւայ լաւագոյն խաղարկային ֆիլմի անւանումը։

«alikonline.ir» - «Ոսկէ ծիրան» 15-րդ միջազգային փառատօնի ժիւրին յայտարարեց այս տարւայ լաւագոյն խաղարկային ֆիլմի անւանումը։

«Ոսկէ ծիրան» Երեւանի 15-րդ միջազգային կինոփառատօնն ամփոփեց մրցութային ծրագրերի արդիւնքները: Յուլիսի 14-ին Ա․ Խաչատրեանի հանդիսադահլիճում փառատօնի փակման հանդիսաւոր արարողութեան ընթացքում ժիւրիի կազմը յայտարարեց մրցանակակիրներին:

Միջազգային խաղարկային ֆիլմեր անւանակարգում «Ոսկէ ծիրան» մրցանակի է արժանացել ռեժիսոր Ռոման Բոնդարչուկի (Ուկրայինա/Գերմանիա) «Հրաբուխ» ֆիլմը, «Արծաթէ ծիրան» մրցանակի` Ժերմինալ Ռոոյի (Շւէյցարիա) «Ֆորտունան»։

Միջազգային վաւերագրական ֆիլմերից «Ոսկէ ծիրան» մրցանակի է արժանացել ռեժիսոր Շեւաուն Միզրահի (ԱՄՆ/ Թուրքիա/ Նիդերլանդներ) «Հեռաւոր Համաստեղութիւն» ֆիլմը, «Արծաթէ ծիրանի»` Այնարա Վերայի (Իսպանիա) «Կը հանդիպենք վաղը, եթէ Աստւած տա» ֆիլմը։

«Ժիւրիի յատուկ յիշատակում» մրցանակը ստացել է Վախթանգ Կունցեւ- Գաբաշւիլի «Յստակ աշխարհ» ֆիլմը։

«Հայկական համայնապատկեր» յատուկ ծրագրի անւանակարգերում Հայաստանի ազգային կինոակադեմիայի մրցանակը շնորհւել է «Հայկական համայնապատկեր» ծրագրի լաւագոյն ֆիլմ ճանաչւած «Եւա» ֆիլմին (ռեժիսոր` Անահիտ Աբադ (Հայաստան/Իրան):

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միութեան մրցանակը յանձնւել է «Հայկական համայնապատկեր» ծրագրի լաւագոյն դեբիւտային ֆիլմ ճանաչւած «Քամու հետ» կինոնկարին (ռեժիսոր` Արթուր Սահակեան (Հայաստան))։

Հրանտ Մաթեւոսեանի մրցանակը լաւագոյն սցենարի համար տրւել է ռեժիսոր Աբուֆազլ Սաֆարի (Իրան/Գերմանիա) «Մայրամուտի Բեռնատարը» ֆիլմին, իսկ լաւագոյն դերակատարման համար Սոս Սարգսեանի մրցանակը` Շանթ Յովհաննիսեանին` «Եւա» ֆիլմում մարմնաւորած դերի համար։
«Փարաջանովեան թալեր» մրցանակը համաշխարհային կինոյում ունեցած վաստակի համար յանձնւել է Դարէն Արոնոֆսկուն (ԱՄՆ) եւ Ասղար Ֆարհադին (Իրան)։

«Վարպետ» ֆիլմի համար փառատօնի յատուկ մրցանակների են արժանացել Լարի Սմիթը (Միացեալ Թագաւորութիւն) եւ Շոն Բէյքերը (ԱՄՆ)։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։