Հա

Մշակոյթ

17/07/2018 - 11:10

Արսինէ Խանջեանը ֆիլմ կը նկարահանի Երուսաղէմի հայկական թաղամասի մասին  

Հայաստանի ամենազօրաւոր ուժն իր մշակոյթն ու արւեստագէտներն են: Դերասանուհի, պրոդիւսեր Արսինէ Խանջեանը վստահ է՝ Հայաստանում հոյակապ արւեստագէտների պակաս ընդհանրապէս չկայ: «Արարատ», «Արտոյտների ագարակը», «Սպին», «Օրացոյցը» եւ այլ ֆիլմերից յայտնի դարձած ու սիրւած դերասանուհին այս օրերին Հայաստանում էր, եկել էր մասնակցելու «Ոսկէ ծիրան» երեւանեան 15-րդ միջազգային կինոփառատօնին: 

«alikonline.ir» - Հայաստանի ամենազօրաւոր ուժն իր մշակոյթն ու արւեստագէտներն են: Դերասանուհի, պրոդիւսեր Արսինէ Խանջեանը վստահ է՝ Հայաստանում հոյակապ արւեստագէտների պակաս ընդհանրապէս չկայ: «Արարատ», «Արտոյտների ագարակը», «Սպին», «Օրացոյցը» եւ այլ ֆիլմերից յայտնի դարձած ու սիրւած դերասանուհին այս օրերին Հայաստանում էր, եկել էր մասնակցելու «Ոսկէ ծիրան» երեւանեան 15-րդ միջազգային կինոփառատօնին: «Արմէնպրես»-ը Խանջեանի այցի ընթացքում հնարաւորութիւն ունեցաւ զրուցելու յայտնի դերասանուհու ու պրոդիւսերի հետ կինոփառատօնի, ամուսնու՝ յայտնի ռեժիսոր Ատոմ Էգոյեանի հետ համագործակցութեան ու առաջիկայ ծրագրերի մասին:  

 

Արսինէ Խանջեանը՝ «Ոսկէ ծիրանի» մասին

«Ոսկէ ծիրանը» ծնւեց ու զորացաւ դժւար պայմաններում: Մշակոյթի ոլորտն ամենահեշտ ասպարէզը չէ: «Ոսկէ ծիրանը» հաւատում էր, որ Հայաստանի համար կարեւոր է նման փառատօնը, կարեւոր է նման ներդրում ունենալ մշակոյթում: Եւ փառատօնի նախաձեռնողները, անտեսելով դժւարութիւնները, տարիներ շարունակ աշխատեցին՝ պրոֆեսիոնալ մօտեցում ցուցաբերելով: Եւ դրա շնորհիւ «Ոսկէ ծիրանը» դարձաւ համաշխարհային երեւոյթ՝ ի պատիւ եւ ի նպաստ Հայաստանի:

 

Սէրն ու կինոն

Մենք սփիւռքում մշակոյթի նկատմամբ մեծ սէր ունենք: Մենք դպրոցներում, մշակութային հաստատութիւններում ստեղծել ենք թատերական խմբակներ: Բայց դրանք կիսապրոֆեսիոնալ խմբակներ են:

Հայրս եւ հօրեղբայրս եւս հանդէս էին գալիս նման խմբակների ներկայացումներում: Ես Կանադայում յայտնւեցի 17 տարեկանում: Ուսումնասիրել եմ հէնց թատերական արւեստ: Մասնագիտութեամբ առաջին հերթին թատրոնի դերասանուհի եմ: Դրանից յետոյ համալսարանում լեզուներ եմ ուսումնասիրել, իսկ մագիստրատուրայում քաղաքագիտութիւն եմ սովորել: Շատերը դրա մասին չգիտեն, եւ չեն անդրադառնում իմ գործունէութեանն այս ոլորտում: Բայց, իսկապէս, իմ ամենամեծ հետաքրքրութիւնը քաղաքագիտութիւնն է: Եւ իմ աւարտական աշխատանքը վերաբերում էր մշակոյթի եւ քաղաքականութեան յարաբերութեանը:

 

Արսինէ Խանջեան-Ատոմ Էգոյեան

Թատրոնի շնորհիւ հանդիպեցինք Ատոմի հետ: Մոնրէալում հայերէն կիսապրոֆեսիոնալ թատրոնում էի աշխատում, չէի էլ երեւակայում, որ պէտք է կարողանամ դերասանուհի դառնալ: Ուզում էի քաղաքագիտական գործունէութեան անցնել: Արդէն մագիստրատուրայում էի սովորում, եւ այդ ժամանակ ծանօթացանք: Ատոմն իր առաջին նախագիծն էր անում՝ «Հարազատներ» ֆիլմը: Նա հայ դերասաններ էր փնտրում: Մասնակցեցի լսումների, եւ նա, ըստ երեւոյթին, հաւանեց իմ դերասանական կարողութիւնները: Եւ այդ կերպ 1984-ից ի վեր միասին ենք:

 

Էգոյեանի հետ աշխատելու առաւելութիւնները

Ատոմի հետ հեշտ է աշխատել, որովհետեւ նա շատ տաղանդաւոր բեմադրիչ է: Շատ է յարգում դերասաններին: Երբ գրում է իր սցենարները, միշտ մտքում պահում է այն դերասաններին, որոնց հետ կը ցանկանար աշխատել: Եւ շատ ազատ յարաբերութիւններ է հաստատում իր բոլոր դերասանների հետ:

Ես շատ այլ կինոռեժիսորների հետ էլ եմ աշխատել Ֆրանսիայում, Կանադայում, համագործակցել եմ տարբեր ֆիլմերում: Ատոմի դէպքում պէտք է ասեմ, որ լինելով իր կողակիցը, երբեմն աւելի հեշտ է աշխատելը, երբեմն՝ աւելի բարդ: Ծանօթ ենք միմեանց մտածելակերպին, եւ եթէ համաձայն ենք, շատ աւելի հեշտ ենք ընդհանուր յայտարարի գալիս: Իսկ եթէ չենք համաձայնում, սկսում ենք իրար դէմ պայքարել: Թէ՛ առաւելութիւններ կան, թէ՛ թերութիւններ: Բայց նրա հետ աշխատելու առաւելութիւնները շատ աւելին են:

 

Խանջեան-Էգոյեան. ամենասիրելի ֆիլմերը

Կառանձնացնեմ «Օրացոյց»-ը եւ «Արարատ»-ը: Երկուսն էլ կարեւոր են, եւ շատ եմ սիրում, բայց տարբեր պատճառներով:  «Օրացույց»-ը մեր առաջին ֆիլմն էր Հայաստանում, 1992-ին եկանք այստեղ: «Օրացոյց»-ն ինձ համար շքեղ անդրադարձ է: Առաջին անգամ էինք առանց սցենարի աշխատում, ըստ օրւայ նկարահանումների՝ ստեղծում էինք ֆիլմը:

Իսկ «Արարատ»-ն առանձնացնում եմ, որովհետեւ շատ կարեւոր թեմա է արծարծում, անդրադարձ է Ցեղասպանութեանը: Կարծում եմ, որ Ատոմը միակն է Ցեղասպանութեան մասին ֆիլմեր նկարած հայ եւ արտասահմանցի ռեժիսորներից, որ անդրադարձել է ոչ թէ յատկապէս Ցեղասպանութեան պատմութեանը, այլ Ցեղասպանութեան իրողութեան հերքմանը ներկայ ժամանակներում: Եւ այս առումով երկու ֆիլմերը շատ կարեւոր գործեր են:

 

Առաջիկայ ծրագրեր

Երկու նախագիծ կայ, որ տարբեր ժամանակներում պէտք է կայանան: Մէկը թատերական է. Չեխովի «Բալենու այգին» ներկայացման մէջ պէտք է գլխաւոր դերը խաղամ: Գեղեցիկ գործ է, իմ ամենասիրած թատերական գործերից է: Ներկայացւելու է Տորոնտոյում: Բացի այդ, պէտք է որպէս կինոռեժիսոր ֆիլմ նկարահանեմ Երուսաղէմի հայկական թաղամասի մասին: Նախագծի անունը «Quarters» է (թարգմանաբար՝ թաղամասեր, քառորդներ): Երուսաղէմը բաժանւած է չորս թաղամասի, այնտեղ հայկական թաղամասն առանձին է, եւ ես պիտի անդրադառնամ հէնց հայկական թաղամասին:

Այս նախագիծը հոյակապ է ինձ համար, առաջին անգամ հանդէս եմ գալու իբրեւ ռեժիսոր-բեմադրիչ: Այդ փորձը չեմ ունեցել մինչեւ հիմա: Ինձ հետ այլազգի ռեժիսորներ էլ են աշխատելու, ամէն մէկն իր թաղամասի մասին է նկարելու: Ես հայկական թաղամասի մասին ֆիլմի վրայ պէտք է աշխատեմ: Պէտք է ասեմ, որ ֆիլմերից ամէն մէկը 30 րոպէ տեւողութիւն է ունենալու, եւ այդպիսով լինելու է չորս ֆիլմ:  

Նախագծի հեղինակ՝ Ռոզա Գրիգորեան

Լուսանկարները՝ Տաթեւ Դուրեանի

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։