Հա

Մշակոյթ

05/08/2018 - 10:10

Գիւմրիում տեղի ունեցաւ Քըրք Քըրքորեանի մասին պատմող «Խաղացողը» գրքի շնորհանդէսը

Քըրք Քըրքորեանի՝ Գիւմրու Աբովեան ճեմափողոցում վերջերս բացւած արձանի հարեւանութեամբ տեղի է ունեցել ամերիկահայ գործարար, միլիարդատէր, բարերար, «Տրասինդա Քորփորէյշն»-ի գործադիր տնօրէն, Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորեանի մասին պատմող «Խաղացողը» գրքի շնորհանդէսը:

«tert.am» - Քըրք Քըրքորեանի՝ Գիւմրու Աբովեան ճեմափողոցում վերջերս բացւած արձանի հարեւանութեամբ տեղի է ունեցել ամերիկահայ գործարար, միլիարդատէր, բարերար, «Տրասինդա Քորփորէյշն»-ի գործադիր տնօրէն, Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորեանի մասին պատմող «Խաղացողը» գրքի շնորհանդէսը: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Ամերիկայի Միացեալ Նահանգներում լոյս տեսած եւ արդէն իսկ բեսթսելլեր դարձած գրքի հեղինակը Վիլեամ Չ. Ռեմփելն է: Գիրքը հայ ընթերցողին է ներկայացւում «Էդիթ Պրինտ» հրատարակչութեան նախաձեռնութեամբ, Գիւմրու համայնքապետարանի աջակցութեամբ: Գրքի թարգմանիչներն են Ալինա եւ Աննա Միրզոյեանները:

«Խաղացողը. թէ ինչպէս անփող, թերուս Քըրք Քըրքորեանը դարձաւ կապիտալիստական պատմութեան խոշորագոյն գործարարը» անգլերէն գիրքը լոյս է տեսել 2018 թ. յունւարի 23-ին: 

Հեղինակը՝ Ռեմփէլը, փաստում է՝ սա իննսունութամեայ մի կեանքի ոգեշնչող պատմութիւն է Քըրք Քըրքորեանի մասին՝ մի տղայի, որը ոտաբոբիկ վազւզում էր Կալիֆորնիայի Սան Խոակին հովտի բերքառատ ու փափուկ հողի վրայով, մինչեւ ընտանեկան ֆինանսական քաոսը նրան քաղաքի տղայ դարձրեց, որն ստիպւած էր պայքարել Լոս Անջելէսի կեղտոտ մայթերին իր տեղը գտնելու համար:

Նա պինդ տղայ էր, որ լաց էր լինում յուղարկաւորութիւնների ժամանակ, համեստ մարդ, որ գաղտնի հպարտանում էր իր ձեռքբերումներով, բիզնես հանճար, որ արհամարհում էր «Էմ-Բի-Էյ»-ի խորհրդատուներին, համարձակ օդաչու եւ կինոմագնատ, մոլի խաղացող խաղատներում եւ Վոլ Սթրիթում, որը մի գերբնական հմտութեամբ նւազագոյն ռիսկերով, ամենահաւանական ելքի վրայ էր խաղագումարը դնում: 

Վիլեամ Չ. Ռեմփէլն իր գրքում փաստում է՝ Քըրքը շատ փակ մարդ էր: Հազւադէպ էր հարցազրոյցներ տւել, երբեք հանրութեան առջեւ ելոյթներ չէր ունեցել եւ իր անձնական տարածքի պահպանումն ամէն ինչից վեր էր դասում: Նրա բիզնես խորհրդատուներից եւ գործընկերներից շատերը դեռ համոզւած են, որ նրա այդ մեկուսացւածութիւնը անգամ յետմահու էր պէտք պահպանել: Սակայն Ռեմփէլին յաջողւել է գիրք հեղինակել: 

Գիրքը փաստագրական է. բոլոր մէջբերումներն ու նկարագրական տեսարանները հիմնւած են ականատեսների յուշերի կամ նախկինում հրատարակւած պատմութիւնների վրայ:

Գիւմրու քաղաքապետի խորհրդական Յասմիկ Կիրակոսեանը կարեւորեց յատկապէս Գիւմրիում նմանատիպ միջոցառման կազմակերպումը: «Քըրքորեանն այն պահին իր առատ ձեռքը մեկնեց Գիւմրիին, երբ Գիւմրին աւերակւած էր եւ աւերակւած էին յատկապէս մշակութային օջախները, եւ նրա տրամադրած 151 մլն. դոլարը դարձան թաղամաս, բանուկ փողոցներ ու մշակույթի օջախներ»,- նշեց Յասմիկ Կիրակոսեանը:

Սպիտակի երկրաշարժից տուժածներին օգնութիւն տրամադրելու նպատակով ամերիկահայ միլիարդատէրը 1988-ին ստեղծեց «Լինսի» հիմնադրամը՝ ֆինանսաւորելով 220 միլիոն դոլարի ծրագրեր։ Միայն 73 միլիոնը հիմնադրամը ծախսել է ճանապարհաշինութեան վրայ՝ վերանորոգելով 435 կիլոմետր պետական նշանակութեան ճանապարհներ։ 45 միլիոն դոլար էլ յատկացրել է երկրաշարժից աւերւած բնակֆոնդի վերականգման համար. Շիրակի ու Լոռու մարզերում կառուցւել է 149 շէնք՝ 3674 բնակարանով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։