Հա

Մշակոյթ

12/08/2018

Իրանահայ ստեղծագործողը շունչ է տալիս մաշտոցեան գրերին. «Եթէ մէկը սիրի հայերէնի տառերը, չի կարողանայ այլ կերպ գրել». Ռուբինա Տէր-Բարսեղեան

Օգոստոսի 9-ին Աւետիք Իսահակեանի տուն-թանգարանում բացւեց սփիւռքահայ նկարչուհի, բանաստեղծ Ռուբինա Տէր-Բարսեղեանի «Մեր երգեցիկ այբուբենը» խորագրով ցուցահանդէսը, որը կը գործի մինչեւ օգոստոսի 20-ը։ Ինչպէս յայտնում են կազմակերպիչները՝ նկարները երկար ժամանակ կը մնան թանգարանում, եւ դպրոցները կարող են այբբենարանի հանդէսներ եւ հայերէնին նւիրւած միջոցառումներ անցկացնել այնտեղ եւ օգտագործել այդ նկարները: 

«alikonline.ir» - Օգոստոսի 9-ին Աւետիք Իսահակեանի տուն-թանգարանում բացւեց սփիւռքահայ նկարչուհի, բանաստեղծ Ռուբինա Տէր-Բարսեղեանի «Մեր երգեցիկ այբուբենը» խորագրով ցուցահանդէսը, որը կը գործի մինչեւ օգոստոսի 20-ը։ Ինչպէս յայտնում են կազմակերպիչները՝ նկարները երկար ժամանակ կը մնան թանգարանում, եւ դպրոցները կարող են այբբենարանի հանդէսներ եւ հայերէնին նւիրւած միջոցառումներ անցկացնել այնտեղ եւ օգտագործել այդ նկարները: Գրում է «arevelk.am»-ը:

Ցուցահանդէսի կազմակերպիչներն են Լեզւի կոմիտէն եւ Իսահակեանի տուն-թանգարանը։

Ներկաներին ողջունեց Իսահակեանի տուն-թանգարանի տնօրէն Անժելա Խորէնեանը: Նա նշեց, որ հեղինակի ցանկութեամբ նկարները ցուցադրւած են նաեւ սեղաններին, որպէսզի այցելուները հնարաւորութիւն ունենան ձեռք տալու ու զգալու սիրոյ, կարօտի այն շունչը, որ ապրել է Ռուբինա Տէր-Բարսեղեանը օտարութեան մէջ ստեղծագործելիս։

Բացման խօսքով հանդէս եկաւ Լեզւի կոմիտէի նախագահ Դաւիթ Գիւրջինեանը։ Ողջունելով ներկաներին՝ կոմիտէի նախագահը նշեց, որ հայկական տառերը պատկերող 41 նկարները գունագեղ են ու ջերմ, այնտեղ Նոր Ջուղայի եւ Սուրբ Ամենափրկիչ վանքի որմնանկարների շունչը կայ։ «Ինքնուս նկարչուհին ծնւել է Իրանի Ահւազ քաղաքում, մեծացել հայաշունչ Նոր Ջուղայում, որտեղ 4 տարի սովորել է հայկական դպրոցում: Ապա տեղափոխւել է Հնդկաստան, տարիներ անց վերադարձել Իրան, Թեհրան, որտեղ աշխատել է, ընտանիք կազմել: 1989-ին ընտանեօք տեղափոխւել է Գերմանիա, Հայդելբերգ: 2005-ից Ռուբինան, նկարչի կրթութիւն չունենալով, սկսել է նկարել հայկական այբուբենի տառերը, որոնց հարազատ հնչիւնները մշտապէս իր ականջում էին ու մեղմում էին մէնութեան զգացումը, որ առաջացել էր հայերէն խօսք չլսելու պատճաոռվ»,- ասաց Դ. Գիւրջինեանը:

Կոմիտէի նախագահը նշեց, որ ցուցահանդէսը քարոզչական նպատակ ունի, որ համացանցում հայերէն գրելիս մարդիկ օգտագործեն բացառապէս հայերէն տառերը․ «Երբ հայերէն չեն գրում, չեն զգում մեր լեզուն։ Լատինատառ, ռուսատառ, առհասարակ այլատառ գրելը ազգային ինքնութեան դէմ ուղղւած քայլ է»։

Դաւիթ Գիւրջինեանն ուրախութեամբ նկատեց, որ չնայած ամառային արձակուրդներին, ցուցահանդէսի բացմանը ներկայ են դպրոցականներ։ Նա յաւելեց, որ միջոցառման նպատակներից մէկն էլ երեխաներին իրազէկելն է․ «Թող երեխաները գան, տեսնեն, շոշափեն ու մտածեն մեր տառերի, ժայռապատկերների խորհրդի մասին։ Անկախ նրանից՝ հետագայում ինչո՛վ կը զբաղւեն, ի՛նչ մասնագիտութիւն կընտրեն, ցուցահանդէսը վստահաբար ինչ-որ հետք կը թողնի նրանց հոգում: Նրանք կը սիրեն հայերէնի տառերը եւ հետագայում Հայաստանի բնակավայրերում որեւէ ցուցանակ կամ վահանակ տեղադրելիս չեն դաւաճանի հայոց գրերին»։

«Տաղարան» հնագոյն երաժշտութեան համոյթի գեղարւեստական ղեկավար Սեդրակ Երկանեանն ընդգծեց․ «Տառերը մեր հայրենիքն են։ Իւրաքանչիւր ոք, ով չի գրում հայատառ ու հայերէն, իր չափով քանդում է մեր հայրենիքը։ Դեռ հին ժամանակներում մեր դասական ուղղագրութիւնը երգելու վարպետութեան կանոններ է մշակել։ Այդ պատճառով երաժշտութեան մէջ աւելի է կարեւորւում ճիշտ հնչիւնի եւ բառի ընտրութիւնը»։

Նկարչուհի Ռուբինա Տէր-Բարսեղեանը պատմեց, թէ ինչպէ՛ս է սկսել նկարել․ «Գերմանիայում ես դուրս էի գալիս փողոց ու հայերէն չէի լսում։ Կարօտս առնելու համար սկսեցի պատկերել տառերը։ Հետաքրքրւեցի ու տեսայ, որ մեր այբուբենի պատմութիւնը հասնում է ժայռապատկերներին։ Դիմեցի մասնագետ Համլետ Մարտիրոսեանի օգնութեանը։ Եւ մաշտոցեան տառերը զուգակցելով հայոց հնագոյն ժայռապատկերներին՝ ընտրեցի հոգեվիճակիս բնորոշ գոյները»։

Միջոցառման երաժշտական հատւածում հայկական երգերի կատարումներով հանդէս եկաւ նկարչուհու թոռնուհին՝ Արփա Աբրահամեանը (դաշնակահար՝ Ռազմիկ Աբրահամեան)։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։