Հա

Մշակոյթ

16/08/2018

«Նռան գոյն»-ից դուրս մնացած կադրերով ֆիլմ կը նկարեն. Կինոկենտրոնի նոր ծրագրերը

Տեղեկացրել էինք, որ Հայկական կինոյի ժառանգութեան իրաւունքները փոխանցւել են «Հայֆիլմ» կինոստուդիայի իրաւայաջորդ հանդիսացող Հայկական ազգային կինոկենտրոնին: 

«alikonline.ir» - Տեղեկացրել էինք, որ Հայկական կինոյի ժառանգութեան իրաւունքները փոխանցւել են «Հայֆիլմ» կինոստուդիայի իրաւայաջորդ հանդիսացող Հայկական ազգային կինոկենտրոնին: Այս մասին տեղեկացնում է «yerkir.am»-ը:

Կինոկնետրոնի տնօրէն Շուշանիկ Միրզախանեանը լրագրողների հետ զրոյցում ասաց, որ այժմ իրաւական մի շարք հարցեր ունեն լուծելու, քանի որ պարզւել է, որ որոշ պայմանագրեր կան կնքւած ինչ-որ ընկերութիւնների հետ՝ այս կամ այն ֆիլմի ցուցադրման համար: «Օրինակ, պարզւել է՝ մի կազմակերպութեան հետ 50 տարւայ պայմանագիր կայ ֆիլմերի ցուցադրութեան համար: Բացի այդ՝ «YouTube»-ում մեր ֆիլմերն են տեղադրւած՝ շատ անորակ, պէտք է նաեւ հեղինակային իրաւունքների խնդիրը լուծենք»,- ասաց նա:

Կինոկենտրոնի տնօրէնի խօսքով՝ ահռելի աշխատանք ունեն կատարելու՝ եղած ժապաւէնները վերականգնելու եւ հանրայնացնելու հետ կապւած: Միրզախանեանը նշեց նաեւ, որ բրիտանացի պրոդիւսեր Դենիէլ Բըրդի ու Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնութեամբ մշակւել է մի ծրագիր, ըստ որի՝ մինչեւ 2024 թ. կը վերականգնւեն, կը հանրայնացւեն ու պահպանութեան հարցերը կը լուծւեն հայկական կինոյի ողջ ժառանգութեան: «Բըրդն առաջարկեց Փարաջանովի «Յակոբ Հովնաթանեան» ֆիլմի թւայնացմամբ էլ սկսենք մեր աշխատանքները: Ի դէպ, Բըրդն ինքն է հոգում ֆիլմերի վերականգման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը: Այսպիսով՝ առաջին փուլով մենք կը թւայնացնենք Համո Բեկնազարեանի 10 ֆիլմերը, յետոյ՝ հայկական դասական 10 ֆիլմ կը թւայնացւի: Ի դէպ, կը ստեղծւի յատուկ խորհուրդ, որն էլ կը զբաղւի ֆիլմերի ընտրութեամբ»,-ասաց Կինոկենտրոնի տնօրէնը:

Վերջինիս խօսքով՝ սա դեռ ամէնը չէ. առաջիկայում նախատեսւում է վաւերագրական ֆիլմ նկարել Փարաջանովի «Նռան գոյնը» ֆիլմից դուրս մնացած կադրերով: Միրզախանեանը տեղեկացրեց, որ 103 տուփ ժապաւէն կայ, որը չի օգտագործւել ֆիլմում. իւրաքանչիւր ժապաւէն 10 րոպէ տեւողութեամբ է: «Ճիշտ է, կան ժապաւէններ, որ ամբողջութեամբ օգտագործւած չեն, սակայն բաւական մեծ ծաւալի կադրեր ունենք մեր ձեռքի տակ: Նախատեսում ենք նաեւ հարցազրոյց անել «Նռան գոյնի» այն հերոսների հետ, ովքեր այժմ ողջ են: Բըրդը սեպտեմբերին Հայաստան կը գայ եւ միասին կորոշենք ֆիլմի նկարահանման հետ կապւած մանրամասները: Ֆիլմի երաժշտութիւնը կը գրի Տիգրան Մանսուրեանը: «Նռան գոյնի» չօգտոգործւած կադրերը պետական արխիւում են պահւում»,- ասաց Միրզախանեանը:

Ըստ նրա՝ Բըրդի հետ համատեղ աշխատանքի շնորհիւ մի շարք երիտասարդներ կը գործուղւեն Լեհաստան՝ ֆիլմերի վերականգման ընթացքին ծանօթանալու, սովորելու, քանի որ Կինոկենտրոնի տնօրէնը նպատակ ունի այստեղ էլ ֆիլմերի վերականգնման լաբորատորիա ունենալ: «Ամենաթանկ պրոցեսը ֆիլմերի վերականգնումն է: Մենք հասկանում ենք, որ պետութեան վրայ մեծ բեռ կը լինի, որպէսզի դրանց ֆինանսաւորման հարցը լուծի, դրա համար էլ մենք դիմում ենք այս կամ այն ֆոնդերին՝ համագործակցելու»,- նշեց Միրզախանեանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։