Հա

Մշակոյթ

18/08/2018

ԻՒՆԵՍԿՕ-ն համշէնահայերէնը ներառել է անհետացող լեզուների ցանկում

ԻՒՆԵՍԿՕ-ի հրապարակած «Անհետացող լեզուների քարտէզի» համաձայն՝ Թուրքիայում 11 լեզու անհետացման եզրին է, իսկ 3 լեզու` վաղուց արդէն մեռած: 

«alikonline.ir» - ԻՒՆԵՍԿՕ-ի հրապարակած «Անհետացող լեզուների քարտէզի» համաձայն՝ Թուրքիայում 11 լեզու անհետացման եզրին է, իսկ 3 լեզու` վաղուց արդէն մեռած: Ըստ «yerkir.am»-ի՝ յայտնում է «ermenihaber.am»-ը:

Այդ լեզուների ցանկում են Տրապիզոնում միայն տարեցների շրջանում խօսւող պոնտոսեան յունարէնը, Արթւինի Խոփա շրջանում խօսւող հայերէնի իւրայատուկ բարաբռներից մէկը՝ համշէնահայերրնը, Չամլըհեմշինում առաւելապէս մեծահասակների շրջանում խօսւող լազերէնը, Էդիրնէի տարածաշրջանում տարեցների շրջանում խօսւող գնչուական լեզուն, դարձեալ Էդիրնէում խօսւող գագաուզերէնը, Թուրքիայում շուրջ 5-6 հազար անձանց շրջանում խօսւող սեֆարդերէնը եւ այլն։

Թուրքական «Hürriyet» թերթը առանձին-առանձին խօսել է անհետացման եզրին գտնւող գրեթէ բոլոր այս լեզուների ներկայացուցիչների հետ։ Համշէնահայերէնի կրողները հիմնականում բնակւում են Արթւինի Խոփա շրջանում։ Խոփայի Քեմալփաշա աւանում են բնակւում համշէնահայ Այշէ Ալգիւրը՝ որդու եւ հարսի հետ։ Նրա միւս երեխաները տեղափոխւել են մեծ քաղաքներ։

«Երբ ես ծնւել եմ, այստեղ հայեր չեն եղել։ Նրանք գնացել էին, բայց իրենց լեզուն մնացել էր։ Աչքս բացեցի՝ համշէնահայերէն լսեցի, մեծացայ՝ թուրքերէն սովորեցի», - պատմում է Այշէն։

Քեմալփաշայում համշէնահայերէնը հիմնականում մեծահասակների շրջանում է խօսւում, իսկ երիտասարդների հետ թուրքերէն են խօսում։ Իսկ երբ տարեց համշենցիները մահանում են, համշէնահայերէն խօսողների թիւն էլ հետզհետէ նւազում է։ Այշէի խօսքով՝ այստեղ ոչ ոք համշեներէնի այբուբենը չգիտի, գրել-արդալ՝ նոյնպէս։ Նա իր ողջ կեանքի ընթացքում որեւէ համշէնահայերէն գիրք չի տեսել։

Այշէ Ալգիւրի հարեւան Գիւնայ Շերեմեթը միայն մասամբ է տիրապետում համշէնահայերէնին։ Իսկ նրա 5 եւ 7 տարեկան երեխաները, թէեւ հասկանում են համշէնահայերէն, բայց չեն խօսում։ Շերեմեթը պատմում է, որ ամէն կերպ փորձել է երեխաներին համշեներէն սովորեցնել, բայց քանի որ թէ բակում, թէ դպրոցում իշխող լեզուն թուրքերէնն է, երեխաները հեշտութեամբ մոռանում են համշէնահայերէնը։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։