Հա

Մշակոյթ

27/08/2018

Ջիւան Աւետիսեանի «Դրախտի դարպասը» ֆիլմի նկարահանման տեսարաններում ընդգրկւած է «Արցախպրես»-ը

Արմատներով արցախցի կինոռեժիսոր Ջիւան Աւետիսեանի «Դրախտի դարպասը» («Gate to Heaven») ֆիլմի նկարահանումներն Արցախում սկսւել են ընթացիկ տարւայ յուլիսի 27-ից. նկարահանումները կաւարտւեն օգոստոսի վերջին:

«alikonline.ir» - Արմատներով արցախցի կինոռեժիսոր Ջիւան Աւետիսեանի «Դրախտի դարպասը» («Gate to Heaven») ֆիլմի նկարահանումներն Արցախում սկսւել են ընթացիկ տարւայ յուլիսի 27-ից. նկարահանումները կաւարտւեն օգոստոսի վերջին:

Ֆիլմի սյուժեն հետեւեալն է՝ գերմանացի լրագրող 50-ամեայ Ռոբերտ Ստենւալը 2016 թւականին վերադառնում է Արցախ՝ այս անգամ էլ լուսաբանելու քսաներկու տարւայ ընդմիջումից յետոյ վերսկսւած ապրիլեան պատերազմը։ Լրագրողական հետաքննութեան ընթացքում նա ծանօթանում է 35-ամեայ օպերային երգչուհի Սոֆիա Մարտիրոսեանի հետ: Ռոբերտի եւ Սոֆիայի յաճախակի հանդիպումների արդիւնքում փոխադարձ սէր է ծնւում: Յետոյ պիտի պարզւի, որ Սոֆիան անյայտ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսեանի դուստրն է: 1992 թւականին՝ Թալիշի անկման օրը, Ռոբերտը Էդգարին թողել է գիւղում՝ գերեվարութեան մէջ, ու իւրացրել մարտի դաշտում արւած նրա լուսանկարները: Հետագայում Ռոբերտն այդ լուսանկարների շնորհիւ հանրայայտ է դարձել: Տարիներ յետոյ դրախտի դարպասների առաջ  Ռոբերտը զղջալով խոստովանում է իր կատարած մեղքը: 

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Դրախտի դարպասը» ֆիլմի ռեժիսոր Ջիւան Աւետիսեանը, խօսելով կինոյի մասին, ափսոսանք է յայտնում, որ հայ ժողովուրդը կարծես թէ հեռացել է այդ արւեստից:

Նրա խօսքով՝ կինոն ունի դաստիարակչական մեծ նշանակութիւն, հետեւաբար սերունդների կապը կինոյի հետ չպէտք է ընդհատւի:

«Ֆիլմ նկարահանելը դիւրին գործ չէ. այն պահանջում է լուրջ մօտեցում: Ես ուրախ ու շնորհակալ եմ, որ ԱՀ կառավարութիւնը, գիտակցելով ֆիլմի կարեւորութիւնը, բարոյական եւ նիւթական աջակցութիւն է ցուցաբերում մեր թիմին: Ես միշտ ձգտում եմ արցախցիներին էլ ներգրաւել իմ կինոների նկարահանումներին, չէ՞ որ այն, ինչը ֆիլմում ներկայացվում է, արցախցիների ապրածն ու զգացածն է: Արցախում ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Ստեփանակերտում, Շուշիում, Ասկերանի շրջանի Հարաւ եւ Քռասնի գիւղերում: Ի դէպ, «Դրախտի դարպասը» ֆիլմի նկարահանման տեսարաններում ընդգրկել ենք նաեւ Ստեփանակերտում գործող «Արցախպրես» հայկական լրատւական գործակալութիւնը: Սա ես կատարել եմ միտումնաւոր. նպատակս է՝ աշխարհին ներկայացնել Արցախի մասին հաւաստի տեղեկատւութիւն տարածող Արցախում օնլայն գործող «Արցախպրես» լրատւամիջոցը: Սա էլ է միջոց՝ Արցախն աշխարհին հասու ու ճանաչելի դարձնելու»,-նշել է ռեժիսորը եւ աւելացրել, որ ֆիլմի նկարահանման մնացած աշխատանքները սեպտեմբերից կը շարունակւեն Եւրոպայում: Ֆիլմն աւարտին կը հասցւի 2019 թւականի գարնանը: 

Ջ. Աւետիսեանի ցանկութիւնն է ֆիլմում ներկայացնել ոչ թէ պատերազմը, այլ պատերազմի թողած հետեւանքները՝ մարդկային խեղւած ճակատագրերը, չսպիացած հոգեկան ծանր վէրքերը:

Ջ. Աւետիսեանը տեղեկացրել է նաեւ, որ «Դրախտի դարպասը» ֆիլմի տեսարաններում կը հնչի գերմանացի կոմպոզիտոր Ռիխարդ Շտրաուսի յայտնի «Էլեկտրա» օպերան, որի հեղինակային իրաւունքն արդէն ձեռք է բերւել:

Ֆիլմի գլխաւոր դերակատար Ռիխարդ Զամէլն ասել է, որ ինքը ֆիլմի նկարահանման սկզբնական շրջանում դժւարութիւնների է հանդիպել: Թափանցելով իր մարմնաւորած հերոսի ներաշխարհը՝ ինքը կարողացել է ամբողջութեամբ յաղթահարել:

«Ինտելեկտուալ մակարդակով այս ֆիլմը խօսում է մարդկային բարձր յատկանիշների մասին: Ինձ համար դժւարութիւնները յաղթահարելուն նպաստել է նկարահանումների ժամանակ զինւորների հետ շփումները, տեղանքի ընտրութիւնն ու միջավայրը: Դերակատարների ընտրութեամբ ֆիլմը համաշխարհային արտացոլանք է ունենալու. անշուշտ, այն միջազգային ճանաչում կը բերի Արցախին»,- ասել է Ռ. Զամէլը: 

Ֆրանսիայից ժամանած ֆիլմի գլխաւոր հերոսուհի, աշխարհահռչակ ջութակահար Վլադիմիր Սպիւակովի եւ հայ դերասանուհի Սաթի Սպիւակովայի դուստր Տատիանա Սպիւակովան պատմել է, որ ծանօթանալով Ջիւանի հետ՝ ինքն իմացել է, որ վերջինս հայկական արմատներով դերասանուհի էր փնտրում իր ֆիլմի համար, ով կը կարողանայ խօսել մի քանի լեզւով: Եւ նա առաջարկութիւն ստացաւ Ջիւանից՝ նկարահանւելու ֆիլմում: Ծանօթանալով սցենարին՝ համաձայնեց:

«Ինձ համար մեծ պատիւ է Արցախի մասին պատմող ֆիլմում նկարահանւելը, քանի որ ես արմատներով շուշեցի եմ»,- նշել է Տատիանան:

Խօսելով ֆիլմում իր կերպարի մասին՝ Տատիանան ասել է, որ իր մարմնաւորած Սոֆիայի կերպարը հետաքրքիր է. նա ժամանակակից, ուժեղ, իմպուլսիւ, խելացի, տաղանդաւոր կին է: Սոֆիան ստիպւած է եղել հեռանալ տնից եւ ինքնուրոյն կառուցել իր կեանքը: Նա յայտնւել է բարդ իրավիճակում եւ փորձում է ամէն ինչ անել ստեղծւած իրավիճակից դուրս գալու համար: 

Առաջին անգամ լինելով Արցախում՝ ֆիլմում օպերային երգիչ Ժանի կերպարը մարմնաւորող լիտւացի դերասան Լէօ Պոբեդոնոսցեւասն էլ ասել է, որ ինքը հիացած էր Արցախով:

«Չեմ հասցրել շատ բան տեսնել Արցախում, բայց տեսածիցս էլ տպաւորւած եմ: Ինձ համար շատ հաճելի էր շփւել ֆիլմում նկարահանւող մարդկանց հետ. նրանք բարի են, մարդամօտ, կամեցող, հիւրասէր»,- մասնաւորապէս նշել է Լէոն: 

Նշենքոր Ֆիլմում նկարահանւում է նաեւ Սօս Ջանիբէկեանը, ԱՄՆ-ում բնակւող մեր հայրենակցուհի Նաիրա Զաքարեանը, արցախցի դերասաններ եւ հասարակ քաղաքացիներ: Ֆիլմի բեմադրող օպերատորը լիտւացի Ռիտիս Կուրկուլիսն է։  

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։