Հա

Մշակոյթ

28/08/2018 - 09:30

«Վիլիամ Սարոյեանին պատկանող ամէն ինչ պէտք է պահպանւի. «Սարոյեան հաուս» նախագիծը կը փրկի այդ ամէնը կորստից». ռեժիսոր Ջուլիետ Կաժոյեան

«Սարոյեան հաուս» նախագծի գաղափարն ուղղակի հրաշալի է, աւելի լաւ բան չէր էլ կարելի մտածել:

«alikonline.ir» - «Սարոյեան հաուս» նախագծի գաղափարն ուղղակի հրաշալի է, աւելի լաւ բան չէր էլ կարելի մտածել:

«Tert.am»-ի հետ զրոյցում այս մասին ասաց հեռուստատեսային լրագրող, ռեժիսոր Ջուլիետ Կաժոյեանը, ով մի շարք յայտնիներին նւիրւած վաւերագրական ֆիլմերից բացի հեղինակել է նաեւ Վիլիամ Սարոյեանին նւիրւած ֆիլմը:

«Ֆրեզնոյում Վիլիամ Սարոյեանի տուն-թանգարանը հրաշալի անկիւն կը լինի՝ Սարոյեանի ոգով լեցուն: Կարեւոր փաստն այն է, որ տունը կայ եւ որպէս այդպիսին պէտք է պահպանւի, իսկ թէ տան ինտերիեր կոչւածն ինչ ձեւով կը լինի, դա ժամանակի խնդիր է. այն դեռ ընթացքում կը հարստանայ: Իսկ հիմա ինչ արել եւ հասցրել են մինչեւ օգոստոսի 31-ի համար, ինձ համար մեծ գոհունակութիւն է առաջացնում»,- ասաց նա:

Ջուլիետ Կաժոյեանը տեղեակ է, որ տուն-թանգարանին ժամանակակից ոճով լուծումներ են տրւել:

«Գիտեմ, որ իր իրերից քիչ են ձեռք բերւել, եւ ըստ նկարագրի՝ ժամանակակից ոճով իր ոգին, իր կենդանի կերպարը պէտք է անընդհատ տան մէջ լինի, նոյնիսկ խօսքը, ձայնը լսելի լինի, եւ դա չափազանց հետաքրքիր է: Որպէս Սարոյեան սիրող՝ ինձ համար ամէն անգամ Սարոյեանի անուն տալը, նոր գրքի վերահրատարակումը, չբեմադրւած պիեսների բեմադրումը թանկ իրողութիւններ են, որոնք նախագծի շրջանակներում եւս կան»,- ասաց նա:

Ռեժիսոր Կաժոյեանը նշեց, որ մեծ գրողին պատկանող ամբողջ նիւթը, ինչ հնարաւոր է փրկել, պէտք է կենտրոնանայ նրա տուն-թանգարանում: «Ես գոնէ գիտեմ նրա գոյութիւնը հաստատող հեռուստատեսային տեսագրութիւնների մասին՝ հարցազրոյց եւ այլն, որ Հանրային հեռուստաընկերութիւնում գոյութիւն ունեն, դրանք էլ, կարծում եմ, տուն-թանգարանում կը լինեն: Գիտեմ, որ Սարոյեանի նիւթական իրերը քիչ են՝ գրամեքենայ, որոշ իրեր, փոխարէնը կինոնկարահանումները, հաղորդումները, հրատարակւած գրքերը, մակագրութիւնները, լուսանկարները շատ են»,- ասաց նա:

Ջուլիետ Կաժոյեանը յոյս ունի, որ Սարոյեանի տուն-թանգարան այցելելիս կը փոխանցւի նրա ոգեղէն, լուսաւոր էութիւնը: «Ինքն այնքան ոգեղէն, լուսաւոր մարդ էր, որ որտեղ յայտնւում էր, լցւում էր Սարոյեանով: Նրա այցը Հայաստան այնպիսի ոգեւորութիւն էր առաջացրել, առաջին անգամ կարելի էր նման երեւոյթի ականատես լինել Հայաստանում. երբ Սարոյեանը շրջում էր, որտեղ յայտնւէր, մի քանի րոպէ յետոյ հազարաւոր մարդիկ էին նրան շրջապատում: Ես կուզենայի՝ ամբողջը հաւաքագրւէր, ամէն մի մասնիկ պէտք է փրկւի: Ես կարող եմ անկեղծանալ եւ ասել, որ մի հանդիպման ժամանակ, երբ ինքը օղի է խմել, ես բաժակը վերցրել, պահել եմ, մինչեւ այսօր ինձ համար դա մի մեծ մասունք է: Ամէն ինչ, ամէն փոքրիկ դրւագ պէտք է պահպանւի, որովհետեւ կորստի վտանգը մեծ է, եւ սա այն նախագիծն էր, որ կը փրկի կորստից»,- ասաց նա:

Նշենք, որ Վիլիամ Սարոյեանի 110-ամեակին օգոստոսի 31-ին Ֆրեզնոյում կը բացւի նրա տուն-թանգարանը:

Յիշեցնենք, որ Արթուր Ջանիբէկեանի կողմից հիմնադրւած «Ինտելեկտուալ եւ մշակութային ռենեսանս» հիմնադրամը 2015 թւականին գնել է Վիլիամ Սարոյեանի առանձնատունը, վերակառուցել որպէս տուն-թանգարան եւ Սարոյեանին պատկանող եւ առնչւող հնարաւոր բոլոր նիւթերը հաւաքագրել:

Տուն-թանգարանը, ըստ «Սարոյեան հաուս» նախագծի, ապրելու է ստեղծագործական բուռն կեանքով՝ հանդիսանալով մշակութային օջախ ոչ միայն համայն հայութեան, այլեւ ամբողջ աշխարհի համար: Տուն-թանգարանում կազմակերպւելու են գրական երեկոներ, փառատօններ եւ այլ մշակութային միջոցառումներ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։