Print this page
29/08/2018

Սարեանի՝ զարմանալի պատմութիւն ունեցող կտաւն առաջին անգամ ցուցադրւելու է Հայաստանում

Առաջին անգամ Հայաստանում՝ Մ. Սարեանի տուն թանգարանում բացւող «Սարեանը եւ Ֆրանսիան» ցուցահանդէսում կը ներկայացւի վարպետի փարիզեան շրջանի (1926-1928) «Կովկասեան քաղաքի փողոց. Թիֆլիս» (1927 թ.) նկարը։

Սեպտեմբերի 19-ից նոյեմբերի 14-ը կայանալիք ցուցահանդէսը նւիրւած է Հայաստանում ֆրանկոֆոնիայի գագաթնաժովին։

«alikonline.ir» - Առաջին անգամ Հայաստանում՝ Մ. Սարեանի տուն թանգարանում բացւող «Սարեանը եւ Ֆրանսիան» ցուցահանդէսում կը ներկայացւի վարպետի փարիզեան շրջանի (1926-1928) «Կովկասեան քաղաքի փողոց. Թիֆլիս» (1927 թ.) նկարը։

Սեպտեմբերի 19-ից նոյեմբերի 14-ը կայանալիք ցուցահանդէսը նւիրւած է Հայաստանում ֆրանկոֆոնիայի գագաթնաժովին։

«panorama.am»-ը հետաքրքրւեց Սարեանի տուն-թանգարանի տնօրէն Ռուզան Սարեանից, թէ ի՞նչ կտաւ է, ինչո՞ւ է առաջին անգամ ցուցադրւում, արդեօ՞ք մինչ այս նկարը Հայաստանում չի եղել։

Ռ. Սարեանն ասաց, որ վարպետի՝ փարիզեան շրջանի 37 նկար Փարզից տունդարձի ճանապարահին այրւել են նաւի վրայ հրդեհի ժամանակ, իսկ «Կովկասեան քաղաքի փողոց. Թիֆլիս» նկարը, ի թիւս այլ 5 նկարի, Սարեանը ի պահ էր տւել Ֆրանսիայում իր բարեկամ Աննա Բուդաղեանին այն պայմանով, որ վաճառի եւ այդ գումարով իրեն ուղարկի ներկեր, կտաւներ, վրձիններ, քանի որ Խորհրդային միութիւնում այդ ամէնը դժւար էր գտնւում, լաւ որակի չէր։

Սակայն տարբեր կատալոգներում նշւել է, որ «Կովկասեան քաղաքի փողոց. Թիֆլիս» կտաւը նոյնպէս այրւել է։ Սարեանի փարիզեան նկարների գերակշռող մասը լուսանկարւած էր Փարիզում, գոյութիւն ունեն սեւ ու սպիտակ լուսանկարներով։ Այս նկարը սեւ ու սպիտակ տարբերակով եւս յայտնի էր։

«Կտավւի մասին առաջին յիշատակումը մենք գտնում են Ռուբէն Դրամփեանի 1960 թւականի կատալոգի մէջ, որտեղ Սարեանի խօսքերի հիման վրայ Դրամփեանը գրել է՝ այդ նկարը գտնւում է Փարիզում Տիգրան-խան Քելեկեանի հաւաքածուում։ Արդէն հասկանալի էր, որ այդ նկարը չէր կարող այրւած համարւել»,- նշեց Ռ. Սարեանը՝ ներկայացնելով պատմութիւնը, թէ ինչպէս է այն յայտնւել Տիգրան-խան Քելեկեանի հաւաքածուում։

«2002 թւականին Սարեանի նամականու առաջին հատորը հրապարակեցի, որտեղ զետեղել եմ Սարեանի նամակը ուղղւած հասարակական գործիչ, գրականագէտ, թարգմանիչ Արշակ Չոպանեանին։ Հասկանալի է, որ պատասխանն էր Չոպանեանի նամակին։ Չոպանեանը գրել էր, որ Տիգրան-խան Քելեկեանը հետաքրքրւում է ձեր փարիզեան նկարներով, ուզում է գնել։ Սարեանն ուղղորդում է նրան՝ խնդրում եմ դիմել Աննա Բուդաղեանին, ում տւել եմ ի պահ նկարներս։ Գրում է այս եւ մէկ այլ նկարի անուն, ասում, որ իր ուժեղ գործերից է։ Այսինքն հէնց Սարեանի կողմից է գնահատւել այս նկարը որպէս փարիզեան շրջանի իր ուժեղ գործերից։

Այդպէս էլ եղաւ, Սարեանի փարիզեան շրջանի երեք աշխատանք հանգրւանում է Տիգրան-խան Քելեկեանի հաւաքածուում»,- պատմում է Ռուզան Սարեանը։

Իսկ ով էր Տիգրան-խան Քելեկեանը։ Ռ. Սարեանն ասաց, որ հետաքրքիր անձնաւորութիւն էր, արւեստասէր, բարեգործութիւն էր անում, ֆինանսական օգնութիւն էր ցուցաբերել Բրաքին, Պիկասոյին, երբ նոր էին սկսում իրենց կարիերան։

1951 թւականին Տիգրան-խան Քելեկեանի մահից յետոյ նրա մօտ գտնւող Սարեանի նկարները տարբեր հաւաքածուներում են յայտնւում։ Սարեանի տուն-թանգարանի տնօրէնն ասաց, որ մինչեւ 2011 թւականը որեւէ տեղեկութիւն չունէինք «Կովկասեան քաղաքի փողոց. Թիֆլիս» կտաւի մասին։

Ռ. Սարեանին յաճախ են ուղարկում Սարեանի կտաւներից լուսանկարներ, որպէսզի իր կարծիքը յայտնի՝ բնօրինակն է, թէ կեղծ։

«Աւելի շատ է յուսահատութիւնը, քանի որ կեղծիքները շատ են։ Զարմանում ես, թէ ինչքան շատ մարդիկ են զբաղւում արւեստի գործերի զեղծարարութեամբ, իհարկէ, նաեւ Սարեանի գործերի։ Այս անգամ, երբ բացեցի նամակը, յանկարծ տեսնում եմ այն նկարը, որից քաջատեղեակ եմ սեւ ու սպիտակ լուսնակարից։ Գոյների մէջ տեսնում եմ հրաշալի սարեանական գոյներ, հրճւանքից ու ուրախութիւնից չգիտէի՝ ինչ անել։ Նամակ ուղարկողը Նոր Զելանդիայից էր, հետաքրքրւում էր՝ ինչ գումար ենք պատրաստ վճարել նկարի համար։ Այդ նկարը չկարողացանք գնել։ Այն վաճառւեց աճուրդում։ Մեր հայերից ոչ ոք մօտ չգանց այդ նկարին, չհետաքրքրւեցին, չնայած թերթերի միջոցով դիմել էի։ Ինձ ուղղակի ասւեց, որ մեզ չի հետաքրքրում եւ վերջ։ Նկարը գնեց մոսկւայաբնակ արւեստի գործեր հաւաքող, ազգութեամբ ոչ հայ։ Կտաւը գնաց Մոսկւա։ Այնուհետեւ կրկին աճուրդում է յայտնւում։ Կրկին դիմեցի մեր հայրենակիցներին, ովքեր ի վիճակի էին գնել, գոնէ կը մնար հայկական օջախում։ Ոչ ոք չարձագանգեց։ Յուսահատ վիճակում էի։ Բայց մեր բախտը բերեց, գնեց մոսկւայաբնակ արւեստի գործեր հաւաքող Արթուր Դանիէլեանը»,- պատմեց Ռուզան Սարեանը։

Նա խնդրել է Արթուր Դանիէլեանին, որ բերի կտաւը Հայաստան՝ ցուցադրութեան։

«Այս ցուցահանդէսը դրանով պէտք է արժեւորւի։ Իսկապէս, մեծ իրադարձութիւն է մեզ համար։ Ինձ թւում է՝ մեծ հետաքրքրութիւն առաջ կը բերի, շատերը կը ցանկանան իրենց աչքերով տեսնել այդպիսի հետաքրքիր ու զարմանալի պատմութիւն ունեցող այդ նկարը»,- ասաց Ռուզան Սարեանը։

Յարակից լուրեր