Print this page
01/09/2018

Ֆրեզնոյում օգոստոսի 31-ը հռչակել է Վիլիամ Սարոյեանի օր

Ֆրեզնոյի քաղաքապետարանի յատուկ որոշմամբ՝ օգոստոսի 31-ը հռչակւել է Վիլեամ Սարոյեանի օր: Ֆռեզնոյի քաղաքային խորհրդի նախագահը որոշումը հրապարակել է մեծանուն գրողի տուն-թանգարանի պաշտօնական բացումից մէկ օր առաջ:

«alikonline.ir» - Ֆրեզնոյի քաղաքապետարանի յատուկ որոշմամբ՝ օգոստոսի 31-ը հռչակւել է Վիլեամ Սարոյեանի օր: Ֆռեզնոյի քաղաքային խորհրդի նախագահը որոշումը հրապարակել է մեծանուն գրողի տուն-թանգարանի պաշտօնական բացումից մէկ օր առաջ:

«Արմէնպրես»-ի փոխանցմամբ՝ Ֆրեզնոյի քաղաքապետի խօսքով, ով անձամբ է տեսել Վիլիամ Սարոյեանին՝ քաղաքը յարգանքի տուրք է մատուցում այստեղ ապրած ու ստեղծագործած հանրայայտ գրողին: «Ես սիրում էի կարդալ նրա գրքերը: Չափազանց կարեւոր է հանրայայտ գրողի թողած գրական ժառանգութիւնը, ուստի այսպէս փորձում ենք մեր յարգանքի տուրքը մատուցել»,- նշում է Ֆրեզնոյի քաղաքապետ Լիի Բրենդը:

Ֆրեզնոյի քաղաքային խորհրդի նախագահ Էսմերալդա Սորիան կարեւորել է Վիլիամ Սարոյեանի թողած գրական ժառանգութեան պահպանումը: «Նա Ֆրեզնոյի լեգենդն է դարձել: Հայ համայնքը եւս Ֆրեզնոյի համար կարեւոր է, քանի որ նպաստում է մեր քաղաքի զարգացմանը: Իսկ Սարոյեանն այն անհատներից է, որն ամբողջութեամբ ներկայացնում է Ֆրեզնոյին հայ համայնքի տւած արժէքները»,- նշում է նա:

«Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամի տնօրէն Յակոբ Յակոբեանի կարծիքով՝ ուրախալի կը լինի, եթէ Ֆրեզնոյի քաղաքապետարանի որոշումը օրինակ ծառայի նաեւ Երեւանի քաղաքապետարանի համար եւ այստեղ էլ օգոստոսի 31-ը հռչակւի Սարոյեանի օր: «Սարոյեանն ասում էր՝ «Բոլոր մարդիկ պէտք է մեռնեն, բայց միշտ մտածել եմ, որ իմ դէպքում բացառութիւն կարւի»: Այո՛, փաստացի այդ բացառութիւնն արւած է, մեծանուն գրողը միշտ կը լինի կենդանի՝ իր թողած մեծ ժառանգութեամբ»,-ասում է Յակոբ Յակոբեանը:

Օգոստոսի 31-ին, մեծանուն գրողի 110-ամեակին, ԱՄՆ Ֆրեզնօ քաղաքում իր դռները բացեց գրողի տուն-թագարանը՝ «Սարոյեան հաուսը»: Սարոյեանի տունը գնելու եւ այն թանգարանի վերածելու գաղափարի հեղինակն ու իրականացնողը բարերար Արթուր Ջանիբէկեանի կողմից հիմնադրւած «Ռենեսանս» հիմնադրամն է:

Յիշեցնենք, որ Արթուր Ջանիբէկեանի կողմից հիմնադրւած «Ինտելեկտուալ եւ մշակութային ռենեսանս» հիմնադրամը Վիլիամ Սարոյեանի առանձնատունը գնել էր 2015 թւականին, վերակառուցել որպէս տուն-թանգարան եւ Սարոյեանին պատկանող եւ առնչւող հնարաւոր բոլոր նիւթերը հաւաքագրել այնտեղ: Տուն-թանգարանը ապրելու է ստեղծագործական բուռն կեանքով՝ հանդիսանալով մշակութային օջախ ոչ միայն համայն հայութեան, այլեւ ամբողջ աշխարհի համար: Այնտեղ կազմակերպւելու են գրական երեկոներ, փառատօններ եւ այլ մշակութային միջոցառումներ:

 

Յարակից լուրեր