Հա

Մշակոյթ

11/09/2018

«Bangkok Post». «Թայլանդի քարանձաւում կորած դպրոցականների մասին ֆիլմի նկարահանումները կը սկսւեն նոյեմբերին»

«Անտառային վարազներ» ֆուտբոլային թիմի 12 դպրոցականների ու նրանց մարզչի պատմութիւնը ներկայացնող թայլանդական ֆիլմը, որոնք երկու շաբաթից աւելի մնացել էին Թհամ Լուանգի քարանձաւում, սկսելու են նկարահանել նոյեմբերին:

«alikonline.ir» - «Անտառային վարազներ» ֆուտբոլային թիմի 12 դպրոցականների ու նրանց մարզչի պատմութիւնը ներկայացնող թայլանդական ֆիլմը, որոնք երկու շաբաթից աւելի մնացել էին Թհամ Լուանգի քարանձաւում, սկսելու են նկարահանել նոյեմբերին: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, «Bangkok Post» թերթին պատմել է կինոժապաւէնի ռեժիսոր եւ պրոդիւսեր Թոմ Վոլերը:

Ինչպէս սեպտեմբերի 10-ին նշում է հրատարակութիւնը, ֆիլմն ստացել է «Քարանձաւ» անւանումը: Տորոնտոյի միջազգային կինոփառատօնում իռլանդական ծագմամբ թայւանցի ռեժիսորն արդէն նախագիծը ներկայացրել է ապագայ օտարերկրացի դիստրիբիւտորներին:

«Ֆիլմը նախապատրաստւում է,-ընդգծել է Վոլերը:-Սցենարի առաջին ուրւագծերն աւարտւած են, եւ հոկտեմբերին մենք կը սկսենք պատրաստել նկարահանման հարթակը»: Ռեժիսորի խօսքով՝ «Քարանձաւ»-ի իրադարձութիւնները կենտրոնանալու են այն հերոսների վրայ, որոնք մասնակցել են տղաներին փրկելու գործին: Լինելու են չորս կամ հինգ գլխաւոր հերոսներ, որոնց կերպարները հիմնւած են թայւանցի եւ միջազգային այն կամաւորների վրայ, որոնք մասնակցել են գործողութեանը: Թայլանդի կառավարութիւնն աւելի վաղ յայտնել է, որ Թհամ Լուանգի իրադարձութիւնների մասին նկարահանւած բոլոր ֆիլմերը պէտք է անցնեն համապատասխանութեան յատուկ ստուգում, սակայն, ինչպէս գրում է «Bangkok Post» թերթը, դա, ամենայն հաւանականութեամբ, վերաբերում է արտասահմանեան արտադրութեան կինոժապաւէններին:

Դրա հետ մէկտեղ Վոլերն սկսել է կապի մէջ մտնել տեղի իշխանութիւնների հետ որոշակի վայրերում, ներառեալ բուն քարանձաւը, նկարահանման թոյլտւութիւն ստանալու համար: Ռեժիսորն առայժմ հրաժարւել է քննարկել ֆիլմի բիւջէն եւ դերասանական կազմը: Յունիսի 23-ին Թհամ Լուանգ քարանձաւում կորել էին ֆուտբոլի թիմի 11-ից մինչեւ 16 տարեկան 12 դպրոցականներ եւ նրանց 25-ամեայ մարզիչը: Ստորգետնեայ քարանձաւը, որտեղ նրանք յայտնւել էին, տարածւում է գրեթէ 10 կիլոմետր, ունի մի քանի մուտք եւ ելք, ինչպէս նաեւ մեծ սրահներ, որտեղ լցւող ջրից պատսպարւել էին կորածները: Երեք օրւայ ընթացքում, յուլիսի 8-ից մինչեւ 10-ը, ջրասուզորդներին յաջողւել է այնտեղից դուրս բերել չորսական տղաներից բաղկացած երկու խմբի եւ հինգ հոգուց բաղկացած մէկ խմբի: Բոլորին տեղափոխել են Չիանգրայ քաղաքի Պրաչանուկրօ հիւանդանոց, որտեղից նրանց գուրս են գրել յուլիսի 18-ին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։