Հա

Մշակոյթ

30/09/2018 - 09:50

Մշոյ Սուրբ Կարապետ վանքի դուռը 1915 թ. ի վեր առաջին անգամ է հասանելի դարձել լայն հանրութեանը

Նիւ Եօրքից. «Մետրոպոլիտեն» թանգարանում օրեր առաջ բացւած «Արմենիա» խորագրով ցուցահանդէսում ներկայացւած է նաեւ Մշոյ Սուրբ Կարապետ վանքի 13-րդ դարով թւագրւող փայտեայ դուռը, որը, փաստօրէն, 1915 թւականից ի վեր առաջին անգամ է հասանելի դառնում լայն հանրութեանը: 

«alikonline.ir» - Նիւ Եօրքից. «Մետրոպոլիտեն» թանգարանում օրեր առաջ բացւած «Արմենիա» խորագրով ցուցահանդէսում ներկայացւած է նաեւ Մշոյ Սուրբ Կարապետ վանքի 13-րդ դարով թւագրւող փայտեայ դուռը, որը, փաստօրէն, 1915 թւականից ի վեր առաջին անգամ է հասանելի դառնում լայն հանրութեանը: Տեղեկացնում է «panorama.am»-ը:

Պատմաբան Ռուբէն Շուխեանը ֆէյսբուքեան իր էջում գրել է. «Մուշի հռչակաւոր Սուրբ Կարապետ վանքը դարեր շարունակ հայ գրչութեան, կրթութեան եւ մշակութային կենտրոնն է եղել եւ փաստացի հանդիսացել է Հայաստանի երկրորդ հոգեւոր կենտրոնը՝ Էջմիածնից յետոյ: 1915-ի մեծ եղեռնից յետոյ վանքը թալանւել եւ հիմնայատակ աւերւել է, հրաշքով է փրկւել միայն նրա դուռը, որի ոդիսականի մասին մենք բազմիցս ենք անդրադարձել:

1212 թւականին հայ վարպետների կողմից ստեղծւած Մշոյ Սուրբ Կարապետի երկփեղկանի փայտեայ դուռը հայ միջնադարեան կիրառական արւեստի գլուխգործոցն է համարւում: Ներկայումս այն պահւում է Կանադայում՝ փակ մասնաւոր հաւաքածուում: Անհաւանական սիւժէով արկածային ժանրի մի ֆիլմի է նման այդ դռան յայտնաբերման պատմութիւնը, որի մասին իր յուշապատումում մանրամասն նկարագրել է ճարտարապետութեան դոկտոր, երջանկայիշատակ Արմէն Հախնազարեանը: Այդ յուշապատումը տպագրւել էր «Գարուն» ամսագրում 1997-ին:

Մշոյ Սուրբ Կարապետ վանքի դուռը 1976-ին 5000 գերմանական մարկով ձեռք էր բերել եւ իր տանը գաղտնի կերպով պահել էր Ստամբուլում բնակւող Արմէն Հախնազարեանի մտերիմ ծանօթը՝ գերմանացի արւեստագէտ Ռիխտերը: Այդ հարցում Ռիխտերին օգնում է նրա թուրք հարեւանը՝ պաշտօնաթող բարձրաստիճան մի զինւորական: Այդ զինւորականն էլ, իր հերթին, դրանից ամիսներ առաջ հանգամանքների բերումով գտնւելով Արեւմտեան Հայաստանի Մուշ նահանգի քրդաբնակ հեռաւոր գիւղերից մէկում, իրեն հիւրընկալած գիւղապետի տան մառանում անսպասելի յայտնաբերում է այդ հին դուռը եւ յետոյ կարողանում է այն տեղափոխել Ստամբուլ: Ռիխտերի հրաւէրով Արմէն Հախնազարեանը գալիս է Ստամբուլ եւ մանրակրկիտ ուսումնասիրութիւնից յետոյ հաստատում է, որ ձեռք բերւածն իրօք անգին գանձ է՝ Մշոյ Սուրբ Կարապետ վանքի դուռն է: Այսքանից յետոյ, սակայն, առաջանում է մի անլուծելի թւացող խնդիր. ինչպէ՞ս հանել դուռը Թուրքիայից:

Այդ հարցով Արմէն Հախնազարեանը դիմում է իր մէկ այլ ծանօթի՝ Անկարայում գերմանական դեսպանատան մշակութային կցորդ դոկտոր Ցինզերին: Ռիխտերը դուռը կարողանում է հասցնել Անկարա, որտեղից էլ Ցինզերը, որպէս դեսպանատան բարձրաստիճան պաշտօնեայ, իր անձնական ապրանքների հաշւին փոխադրել է տալիս այն Գերմանիա: Այդպիսով՝ դուռը հանգրւանում է Ֆրանկֆուրտ քաղաքի մի արհեստանոցում: Սակայն դռան հետ կապւած նորից են առաջանում անյաղթահարելի բարդութիւններ: Տեղի է ունենում անսպասելին. Ստամբուլում կեղծ մեղադրանքների հիման վրայ Ռիխտերը բանտարկւում է եւ մահանում բանտում՝ սրտի տագնապից: Ռիխտերի մահից յետոյ Արմէն Հախնազարեանը Գերմանիայում հանդիպում է նրա այրուն եւ տեղեկանում, որ տիկին Ռիխտերը պատրաստւում է վաճառել դուռը, քանի որ ֆինանսական լուրջ խնդիրների առջեւ է կանգնել:

Պատմում է Արմէն Հախնազարեանը. «Այդ օրւանից տարիներ անցան, բայց ես միշտ տարբեր առիթներով փնտրում էի մէկին, որ դուռը գնի եւ փոխադրի այնտեղ, ուր իր միակ արդար տունն է` Հայաստան: Ինձ մտերիմ եւ բարեկամ մի անձնաւորութիւն ժամանակին հետաքրքրւեց, սակայն մի խորհրդատուի սխալ միջնորդութիւնը խանգարեց, ուղիղ նպատակից շեղեց, եւ տարիներ շարունակ հետեւողականօրէն տարւած գործը մնաց ապարդիւն` ձախորդւեց: 1996-ի աշնանը, Լոնդոնում աճուրդի դրւեց մի բուռ հայոց պատմութիւն, եւ մուրճի հարւածով Մշոյ Սուլթան Սուրբ Կարապետի դուռը վաճառւեց անյայտ օտարի: Հեռախօսով լսում եմ Մեսրոպ արք. Աշճեանի յուսախաբ ձայնը. «Շատ նեղւած եմ, Արմէն, մերոնց զգուշացրի, նրանք այնտեղ էին եւ ոչինչ չարեցին: Դուռը ոչ հայ մէկը գնեց, չգիտենք` ով…»:

Այդպէս, 1996 թւականին, դրանից 20 տարի առաջ հրաշքով յայտնաբերւած Մշոյ Սուրբ Կարապետ վանքի դուռը Լոնդոնում դրւում է աճուրդի եւ ընդամենը 50 հազար դոլարով գնւում անյայտ մի անձի կողմից, յայտնի էր միայն, որ նա ազգութեամբ հայ չէ: Եւ ահա զարմանալի այս պատմութիւնը հիմա այսպիսի անակնկալ եւ ուրախալի զարգացում է ունեցել՝ «Արմենիա» ցուցահանդէսի կազմակերպիչները կարողացել են կապ հաստատել Մշոյ Սուրբ Կարապետ վանքի պատմական դռան սեփականատիրոջ հետ եւ Արեւմտեան Հայաստանի այդ բացառիկ մասունքը լայն հանրութեանը ներկայացնել Նիւ Եօրքի «Մետրոպոլիտեն» թանգարանում»։

 

Յիշեցնենք, որ Նիւ Եօրքի «Մետրոպոլիտեն» թանգարանում սեպտեմբերի 22-ին բացւել է «Հայաստան» (Armenia!) ցուցահանդէսը, որտեղ ներկայացւած է հայ ժողովրդի պատմական ու մշակութային ժառանգութիւնը՝ սկսած 4-րդ դարից՝ քրիստոնէութեան ընդունումից, հայերէն գրերի գիւտից, մինչեւ 17-րդ դար: Ներկայացւում է 140 նմուշ, մեծ մասը տարւած են Հայաստանի Պատմութեան թանգարանից, Էջմիածնի Մայր Աթոռի թանգարաններից, Մատենադարանից։ 

 

Լուսանկարները՝ Վահրամ Կաժոյեանի ֆէյսբուքեան էջից։ 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։