Հա

Մշակոյթ

04/10/2018 - 09:00

«Արցախփոստ» ՓԲԸ-ն թողարկել է նամականիշեր՝ նւիրւած «Երեւանի հիմնադրման 2800-ամեակը» եւ «Արցախի ֆաունա» թեմաներին

Սեպտեմբերի 17-ից «Արցախփոստ» փակ բաժնետիրական ընկերութիւնը մարել եւ շրջանառութեան մէջ է դրել նամականիշեր՝ նւիրւած «Երեւանի հիմնադրման 2800-ամեակը» եւ «Արցախի ֆաունա» թեմաներին:

«alikonline.ir» - Սեպտեմբերի 17-ից «Արցախփոստ» փակ բաժնետիրական ընկերութիւնը մարել եւ շրջանառութեան մէջ է դրել նամականիշեր՝ նւիրւած «Երեւանի հիմնադրման 2800-ամեակը» եւ «Արցախի ֆաունա» թեմաներին:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրոյցում ասել է «Արցախփոստ» ՓԲ ընկերութեան տնօրէն Գարիկ Գրիգորեանը, նշելով, որ «Երեւանի հիմնադրման 2800-ամեակը» թեմայով մարւել եւ շրջանառութեան մէջ է դրւել հինգ նմուշի նամականիշ, իսկ «Արցախի ֆաունա» թեմայով՝ երեք նամականիշ: 

«Մինչ տարեվերջ մենք կը թողարկենք նաեւ արցախեան խոհանոցի թեմայով երկու նամականիշ, որոնցում պատկերւած կը լինեն ազգային կերակրատեսակներ՝ ժենգեալով հաց եւ խաշիլ: Նաեւ նշեմ, որ հոկտեմբերի 25-ից 28-ը Երեւանում մասնակցելու ենք մայրաքաղաքի 2800-ամեակին նւիրւած միջազգային ֆիլատելիստական ցուցահանդէսին, որտեղ ներկայացնելու ենք մինչ այս թողարկւած մեր լաւագոյն նմուշները, որը արդէն կը լինի մեր երրորդ մասնակցութիւնը միջազգային ֆիլատելիստական ցուցահանդէսներին»,- նշել է Գ. Գրիգորեանը:

Խօսելով 2019 թւականի ծրագրերի վերաբերեալ՝ Գ. Գրիգորեանը նշել է, որ նախատեսւում է թողարկել Շուշիի երկրագիտական թանգարանի, նշանաւոր արցախցիների, արցախեան գինու փառատօնի եւ Արցախի տեսարժան վայրերի թեմաներով նամականիշներ: Բացի այդ նամականիշներ կը թողարկւեն նաեւ «Փոստ Եւրոպա»-ի (Եւրոպայի փոստային օպերատորների ասոցիացիայի անդամ-երկրներ) հովանու ներքոյ կազմակերպւող «Եւրոպա» միջազգային թողարկման շրջանակներում, որին Արցախը մասնակցում է 2008 թւականից սկսած: «2019 թւականին այն նւիրւած է լինելու «Եւրոպա 2019. Ազգային թռչուն» թեմային: Մենք որպէս ազգային թռչուն դիտարկում ենք սպիտակապոչ արծիւը, որը պատկերւած է նաեւ Արցախի պետական զինանշանի վրայ»,- նշել է Գ. Գրիգորեանը:

Նրա խօսքով, ժամանակին, Ադրբեջանը անընդհատ փորձել է խոչընդոտներ ստեղծել նամականիշների տպագրութեան հարցում՝ հաշւի առնելով միջազգային հարթակներում եւ ցուցահանդէսներում ունեցած մասնակցութիւնները: «Նախկինում մեր նամականիշները տպագրւում էր Հոլանդիայում, սակայն, Ադրբեջանի կողմից հնչեցւած բողոքի նոտայից յետոյ, մի որոշ ժամանակ տպագրութիւնը շարունակւեց Կանադայում, Արգենտինայում եւ Չինաստանում: Այժմ տպագրութիւնը կազնակերպում ենք Մոլդովայում՝ «Նովա Իմպրիմ» տպագրատանը, որը հրաժարւել է հաշւի առնել Ադրբեջանի բողոքներն ու պատճառաբանութիւնները եւ փոխադարձ վստահութեան մթնոլորտում շարունակում է մեզ հետ համագործակցել»,- նշել է Գ. Գրիգորեանը:

Նա նաեւ ընդգծել է, որ վերջին տարիներին, հաշւի առնելով առկայ պահանջարկը, աճել են թողարկւող նամականիշների տպաքանակն ու նմուշները: Եթէ 2016 թւականին թողարկւել է 7 նմուշի նամականիշ, ապա 2017 թւականին արդէն թողարկւել է 10 նմուշ, իսկ 2018 թւականին՝ 22 նամականիշ՝ տպաքանակը հասցւելով շուրջ 180 հազարի:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։